Ասում են՝ լռությունը ոսկի է, խոսքը՝ արծաթ: Եթե ոսկին ու արծաթը համարվում են թանկարժեք մետաղներ, ապա լռությունն ու խոսքն անգին են, բնականաբար, հասկացողների համար:
Ոսկին ու արծաթը կարող են թանկանալ կամ էժանանալ՝ կախված բորսայական կամ աշխարհաքաղաքական խաղերից՝ միշտ էլ մնալով թանկարժեք մետաղներ: Խոսքը՝ լռության կամ բառերի տեսքով, նույնպես դառնում է քաղաքական խաղերի առարկա՝ ներքաղաքական ու միջպետական կամ միջազգային: Ներկա ժամանակները դրա լավագույն վկայությունն են: Մինչ աշխարհը կանգնած է սովահարության ու ռազմական աղետի վտանգների շեմին, մարդկանց ամենաշատը եւ ամենաառաջինը խոսք ու լռություն է մատուցվում: Ոսկին ու արծաթն ուղղակի իմաստով մնում են մատուցողներին:
Նույնն է նաեւ ոսկին ու արծաթը կեղծողների, այսինքն՝ վաճառվող ոսկե կամ արծաթե զարդերի բաղադրությունը կեղծողների պարագայում, որքան էլ մարդիկ փորձում են դրանք գնելիս «հազար մաղի միջով» անցկացնել: Խոսքի ու լռության կեղծարարները երբեք հետ չեն մնում, նույնիսկ առաջ են անցնում նրանցից՝ հասարակությանը հրամցնելով սնափառության ու դատարկախոսության կամ մեծախոսության այնպիսի գոհարներ, որոնց համեմատ խոզերի առաջ շաղ տված մարգարիտները (կրկին խոսքերի տեսքով) շատ փոքր քանակություն են կազմում:
Համոզվելու համար պետք չէ նեղություն քաշել ոչ պեղումներ անելու, ոչ էլ վիճակագրություն կազմելու. ամեն ինչ աշխարհի, այդ թվում եւ՝ մեր աչքերի առաջ է: Համաշխարհային ֆինանսական բորսաներում, ի թիվս այլ գործարքների, շարունակվում են նաեւ ոսկու եւ արծաթի գնանշումները, սակարկությունները, առեւտուրը, խաղերը… Խոսքերի շուրջ սակարկությունները միշտ չէ, որ բացահայտ են, եւ երբ երեւան են գալիս արդյունքները, դրանք կարող են ավելի մեծ իրարանցում առաջացնել, քան ոսկու եւ արծաթի գները: Խելահեղ արագությամբ փոխվող աշխարհում չեն պակասում նաեւ խելահեղության հասնող հայտարարությունները այս կամ այն գործչի, գործարարի, ղեկավարի, առաջնորդի կողմից, որոնք, ի դեպ, կարող են ազդել հենց նույն ոսկու եւ արծաթի գների վրա: Հրաշապատում եւ իրապատում շատ հեքիաթներում են ոսկով ու արծաթով լռություն կամ խոսք գնում, իսկ ժամանակի հետ նման գործարքները դարձան նաեւ իրական պատմության բաղկացուցիչը: Սա վերաբերում է ինչպես միջանձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններին, ընդ որում` նորանոր դրսեւորումներով ու ստոր մեթոդներով: Տարիներ առաջ «Արմենպրեսը», անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությանը, հետաքրքիր մանրամասներ էր հայտնել Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ: 2012 թ.՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Այսինքն՝ Հունգարիան 7 մլն ԱՄՆ դոլարի դիմաց պարզապես «վաճառել» է ադրբեջանցի մարդասպանին (մանրամասն տես՝ https://armenpress.am/arm/news/904398/hungarian-ramil-safarovin-vatcharel-e-adrbejanin-7-mln-dolari.html): 2014 թ. հենց այս օրերին՝ նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բուդապեշտ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր ադրբեջանական գազը Հունգարիա մատակարարելու հնարավորությունների վերաբերյալ: Սա, իհարկե, «քաղաքական առեւտրի» առաջին կամ վերջին դեպքը չէ պատմության, այդ թվում՝ ժամանակակից պատմության մեջ, երբ ժողովրդավարության մասին խոսքերը ոսկու դիմաց միանգամից արժեզրկվեցին «ընդամենը» 7 մլն դոլարով:
Միջազգային ու ազգային տարբեր ամբիոններից կամ խոսափողներից իմաստուն դեմքերով մարդկանցից հնչում են խոսքեր, որոնք լսողը կարող է մտածել, թե խոսքը թանկացել ու արծաթից դարձել է ոսկի: Ի դեպ, հիշենք, թե հայտնի բարոն Մյունհաուզենն ինչ էր ասում խելացի դեմքի մասին. «Խելացի դեմքը դեռեւս խելքի նշան չէ: Երկրի վրա բոլոր հիմարությունները կատարվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ…»:
Միեւնույն ժամանակ նույն այդ ամբիոններից կամ խոսափողներից … լռություն է «հնչում», այսինքն՝ չեն հնչում խոսքեր, որոնք բոլոր՝ իրավական, բարոյական եւ մյուս հայտնի ու անհայտ օրենքների ու նորմերի համաձայն` պե՛տք է հնչեին հանուն արդարության, հանուն իրավունքի, հանուն կյանքի, հանուն ապաշխարության… Լռությունը նույնպես թանկացել է, միայն առայժմ հայտնի չէ, թե ոսկուց ինչի է վերածվել…
Մինչդեռ իրականում ոսկու եւ արծաթի թանկացման հետ արժեզրկվում են խոսքն էլ, լռությունն էլ: