Հայոց 12 մայրաքաղաքներից 7-րդը՝ Դվինը, հիմնադրվել է Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ թագավորի կողմից 330-338 թթ.։ 335-ից արդեն հռչակվել էր Հայոց մայրաքաղաք։ Կարճ ժամանակահատվածում մոտ 400 հա տարածք ունեցող քաղաքի բնակչությունը 100 հազարից անցել է: Պահպանվել են Դվինի ավերակները, որոնց կենտրոնական հատվածում բարձրանում է Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով բլուրը, որի գագաթին հիմնադրվել է քաղաքի միջնաբերդը՝ հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Քաղաքային թաղամասերը եւս պատված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ եւ աշխարհագիր Մուկադասին: Հիմնականում հում աղյուսից կառուցված պարիսպներն այժմ վերածվել են հողաթմբերի։
Դվինը որպես բնակավայր հայտնի է եղել Ք. ա. 3-րդ հազարամյակից. դա են վկայում հնավայրի տարածքից հայտնաբերված՝ այդ ժամանակին բնորոշ գտածոները: Ք. ա. 8-րդ դարում բնակավայրը ենթարկվում է հարձակման Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Մինչեւ մայրաքաղաք հռչակվելը՝ Դվինն Արտաշատ մայրաքաղաքի արվարձաններից է եղել՝ նրա տնտեսական մատակարարներից մեկը: Հռոմեական զորավար Կուրբուլունն արեւելյան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ, գրավել ու հրդեհել է նաեւ Դվինը, որն ամայացել է մինչեւ Հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակել է արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սահակ Բագրատունին Դվինը հայտարարել է մարզպանական Հայաստանի մայրաքաղաք, որի կենտրոնում՝ Շահաստանում է 4-րդ դարավերջին եւ 5-րդ դարասկզբին հեթանոսական տաճարի տեղում կառուցված Կաթողիկե Ս. Գրիգոր եկեղեցին, որը 610-ական թթ. հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձեւ հատակագծով կառույցի: Եկեղեցու նախկին Սուրբ խորանը դուրս է մնացել։ Մայր տաճարը 894 թ. երկրաշարժից ավերվել է եւ այլեւս չի վերականգնվել: Այս տաճարի հյուսիսային կողմում էր 5-րդ դարավերջին կառուցված Միանավ բազիլիկ եկեղեցին, որը նույնպես ավերվել է երկրաշարժերից: Աշխարհիկ կառույցներից Արշակունյաց գահանիստ դահլիճը միջնաբերդի բարձրադիր արեւելյան հատվածում է: Հիմնադրվել է Խոսրով Բ Արշակունի թագավորի կողմից 4-րդ դ. 30-ական թթ.: Հետագայում պալատի մի հարկաբաժինը վերածվել է արքունի դիվանի, ինչի մասին վկայում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը։ 1970-ական թթ. պեղումների ժամանակ Մայր տաճարից հարավ բացվել է առաջին հայրապետական աթոռանիստը՝ կառուցված Գյուտ կաթողիկոսի ժամանակներում (461-478 թթ.), ուր իշխել են հայոց հայրապետները մինչեւ 564 թ.: Ավերվել է 572 թ. Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ: Այս տաճարի արեւմտյան կողմում է զրադաշտական տաճարի ավերակը՝ կենտրոնում կրակարանը։
Կաթողիկոսական երկրորդ պալատը կառուցվել է Մայր տաճարից հյուսիս, 7-րդ դարակեսին: Այստեղ պահպանվել են սյուների խարիսխները եւ մի նախշազարդ խոյակ։ Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ լինելով Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: Արաբական արշավանքների հետեւանքով 7-րդ դարի վերջին Դվինը եւ ողջ տարածաշրջանն ընկնում են արաբների տիրապետության տակ: Արաբները Դվին կենտրոնով կազմել են Արմենիա վարչական միավոր՝ Հայաստան, Վրաստան, Աղվանք միացությամբ: Քաղաքը շարունակել է գործել մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը: Սակայն կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվել եւ արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընդգրկվել է Բագրատունյաց Հայաստանի կազմում: 1045 թ. Անիի հետ Բյուզանդիային անցավ նաեւ Դվինը, սակայն կարճ ժամանակ անց այստեղ հասան սելջուկ թուրքերը։ 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխաններն ազատագրել են Դվինը, Հայաստանի զգալի մասը՝ հիմնելով իրենց իշխանությունները: Դարերի պատմություն ունեցող քաղաքը 1236 թ. մատնվեց մոնղոլ-թաթարների ավերմանը։ Դվինը եղել է բնակեցված տարբեր ազգերով. առանձին թաղերում բնակվել են նաեւ պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։
Ըստ արաբ մատենագիրների՝ Դվինի բնակիչները խոսել են հայերեն։ Քաղաքը Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում է եղել։ Ներկայումս՝ Երեւանից մոտ 30 կմ հարավ՝ ծովի մակերեւույթից մոտ 950 մ բարձրության վրա, Արարատի մարզում, Արտաշատի տարածաշրջանում։ Միջնադարում այս գավառը կոչվել է նաեւ Ոստան Դվնո։ Դվին մայրաքաղաքին անդրադարձել են շատ պատմիչներ։ Առաջին հիշատակողը Փավստոս Բուզանդն է։ Իր «Պատմություն Հայոց»-ի (Երեւան 1968, էջ 77-78) «Անտառներ տնկելու, պարսիկների հետ մղած պատերազմների եւ Բզնունյաց նախարարական տոհմի բնաջնջման մասին» (Ը) գլխում տեղեկացնում է. «Եվ հրաման տվեց թագավորն իր զորավարին՝ երկրից բազմաթիվ մշակներ հանել, անտառներից վայրի կաղնի բերել ու տնկել Այրարատյան գավառում՝ սկսելով արքունի ամուր բերդից, որին ասում են Գառնի, մինչեւ Մեծամորի դաշտը, այն բլուրը, որ կոչվում է Դվին եւ գտնվում է Արտաշատ մեծ քաղաքի հյուսիսային կողմում։ Եվ այսպես անտառ տնկեցին գետի ընթացքով դեպի ներքեւ մինչեւ Տիկնունի ապարանքը։ Նա այս անտառը կոչեց Տաճար մայրի»։ Իսկ Խորենացին, ով օգտվել է Բուզանդից, «Հայոց պատմություն» գրքում «Փոքր Խոսրովի թագավորելը, արքունիքը տեղափոխելը եւ անտառը տնկելը» (Ը) գլխում (Երեւան 1981 թ., էջ 24) նշում է. «Նաեւ արքունիքը փոխադրում է անտառից վերեւ մի բլուրի վրա եւ շինում է արեւից պատսպարված ապարանք. (այս տեղը) պարսկական լեզվով կոչվում է Դվին, որ նշանակում է բլուր։ Որովհետեւ այն ժամանակ Հրատն ուղեկցում էր Արեգակին, եւ անմաքուր ջերմ օդը գարշելի հոտ էր բուրում, ուստի Արտաշատում բնակվողներն այս բանին չդիմանալով՝ կամավ հանձն առան այս տեղափոխությունը»։ Այսպիսով՝ Հայոց Ոսկեդարի պատմիչներից Բուզանդը Դվին անվանում է բլուրը, որի վրա է եղել քաղաքը, իսկ Խորենացին «Դվին» բառը համարում է պարսկերենից թարգմանված՝ «բլուր»։ Ըստ Անանիա Շիրակացու «Մղոնաչափք»-ի՝ Դվինում եղել են վեց մայրուղիներ։
7-րդ մայրաքաղաքի մասին իր «Հայոց պատմություն» գրքում մի քանի անգամ անդրադարձել է նաեւ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին. «Խոսրովը, բավական համարելով իր մնացած երկիրը, պատերազմների մասին ոչ մի հոգ չի տանում, այլ խաղաղ կյանք վարելով՝ հնազանդվում է մեծ Վրթանեսի խրատին. Արտաշատ մայրաքաղաքը փոխում է Դվին ու տնկում կաղնու անտառներ» (էջ 30)։ «Եզրից հետո կաթողիկոսությունն ստանձնում է տեր Ներսեսը՝ քսան տարի (641-661)։ Սա Դվինում կառուցեց Սուրբ Սարգսի վկայարանը՝ եկեղեցին։ Դվին քաղաքում արաբների կողմից տասներկու հազարի կոտորածի ժամանակ սպանվածների արյունով ծածկվեցին Սուրբ Սեղանն ու ավազանը… Հայրապետն սպանվածների ոսկորներն ամփոփեց նույն վկայարանում. շինեց նաեւ Վիրապը՝ Սուրբ Գրիգորի տեղը, կառուցեց նաեւ տեսնողներին հիացնող Սուրբ Գրիգորը, որ հետո արաբների կողմից ավերվեց» (էջ 56)։ Արդեն 4 տարի է՝ Դվինի հնավայրում պեղումներ են իրականացնում հայ-իտալական արշավախմբի հնագետները։ Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ով մի քանի տարի շարունակ պեղումներ էր իրականացնում Արցախի հայտնի Տիգրանակերտ քաղաքում, ասաց. «4-րդ տարին է՝ ես եմ համաղեկավարը՝ Ֆլորենցիայի համալսարանի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Միքելե Նուչոտինի հետ։ 2019 թ. տարածքում մաքրման ու ստուգման աշխատանքներ ենք կատարել, հատկապես Սուրբ Գրիգոր եկեղեցու հիմքերն ենք ստուգել։ Հետաքրքիր բացահայտումներ եղան, պարզվեց՝ հիմքը մինչեւ 3 մ իջնում է ցած։ Այնուհետեւ կատարվել են վերականգնողական աշխատանքներ կենտրոնական թաղամասում գտնվող եկեղեցիներում եւ պալատներում։ Այս տարի պետք է վերականգնենք «Ստորին բերդ»-ում գտնվող բուխարիանման սենյակը։ Լուրջ պեղումներն սկսել ենք անցած տարի՝ հայ-իտալական արշավախմբով՝ մոտ 15 հոգի, կեսը մերոնք են, կեսը՝ իտալացիներ, ովքեր հատկապես շերտագրական դիտարկումներն են կատարում, որ հասկանանք՝ քաղաքն ինչպես է լքվել 13-րդ դարակեսից, հետո ինչ-որ գործունեություն կատարել է։ Հատկապես փորձում ենք հասկանալ՝ ե՞րբ մոնղոլները եկան, որտե՞ղ էին նստում։ Դիմացի բլրի վրա պահպանվել է մոնղոլական դամբարան։ Այժմ պեղումների հիմնական աշխատանքները կատարում ենք քաղաքի՝ ժամանակին կենտրոնից մոտ 400 մ հեռու գոյություն ունեցած «շուկայի» տարածքում, որը հիմնադրվել է 5-րդ դարում եւ գոյատեւել մինչեւ քաղաքի կործանումը։ Փորձում ենք պարզել, թե այդ ժամանակաշրջանում ճարտարապետական ու շինարարական ինչ փոփոխություններ են կատարվել այդ տարածքում։ Առաջիկա 2-3 տարիները դեռ կզբաղվենք «շուկայի» ուսումնասիրությամբ։ Դվինը տարբեր ժամանակներում պեղվել է փոքր հատվածներով, եւ փոխկապակցությունը բաց է մնացել։ Այժմ փորձում ենք ավելի ընդարձակ տարածքում պեղումներ անել։ Ունենք մի քանի ծրագիր, որից առաջինը Դվինի շրջակայքի ուսումնասիրությունն է, երկրորդը՝ հասկանալ քաղաքի հզոր ջրամատակարարման խնդիրը։ Ըստ էության՝ Արտաշատից մայրաքաղաքի տեղափոխությունը դեպի Դվին կապված է եղել Ազատ գետի հորդառատ ու մաքուր ջրի հետ։ Ունենք ծրագիր նաեւ՝ զբաղվել Դվինի խեցեղենի հետազոտությամբ։ Հայաստանում չունենք խեցեղենի հետազոտման հնարավորություն, եւ այդ աշխատանքներն իրականացվում են արտասահմանում։ Արդեն 2 անգամ խեցեղեն ուղարկել ենք եւ սպասում ենք լաբորատոր պատասխաններին։ Սա կարեւորվում է նաեւ նրանով, որ Հայաստանում այդ հարցով զբաղվող միջազգային թիմ է ստեղծվում։ Դվինը շատ հետաքրքիր հուշարձան է, որի մասին տասնյակ գրքեր ու ատենախոսություններ, հոդվածներ են գրվել, սակայն նախկին խորհրդային տարածքից դուրս այն հայտնի հնավայր չէ։ Իտալացիների հետ համագործակցության նպատակներից մեկն էլ՝ Դվինը ճանաչելի դարձնել արտերկրում, որը կնպաստի Հայաստանի մշակույթի լուսաբանման բարձրացմանը»։
Հարցին՝ ինչո՞ւ են որոշել աշխատել հենց իտալացիների հետ, Հ. Պետրոսյանը պատասխանեց. «Իտալացիների հետ արդեն 12 տարի է՝ աշխատում ենք, հատկապես «Մետաքսի ճանապարհի» հետ կապված, եւ շուտով լույս կտեսնի մեր առաջին գիրքը։ Հատկապես Վայոց ձորում ենք շատ աշխատել։ Իսկ Դվինը «Մետաքսի ճանապարհի» կարեւոր հանգույցներից մեկն է, հիմնադրումից շատ չանցած եղել է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոն, որտեղով անցնում էին առեւտրական ճանապարհներ։ Հաշվի առնելով սա՝ որոշեցինք նաեւ այն ներառել այդ ծրագրի մեջ»։ Հ. Պետրոսյանը կարեւորեց Ֆլորենցիայի համալսարանը նաեւ այն առումով, որ այս գիտական ուսումնական հաստատությունն աչքի է ընկնում Հայաստանի հանդեպ իր դրական ու առանձնակի վերաբերմունքով։ Հատկապես այդ համալսարանի միջերկրածովյան մշակույթը հետազոտող գիտնականները շատ են հետաքրքրված Հայաստանով, եւ տարբեր արշավախմբեր, ՀՀ տարբեր վայրերում (ժամանակին նաեւ Արցախում) իրականացնում են պեղումներ ու հետազոտական աշխատանքներ։ Սա խոսում է իտալացի ժողովրդի, նրա մշակույթի ու գիտական գործիչների՝ Հայաստանի հանդեպ հատուկ վերաբերմունքի մասին։
Պեղումների մասնակից հնագետ, ՀՀ ԳԱԱ hնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը տեղեկացրեց՝ աշխատում է «Դվինի հասարակ խեցեղենը» թեմայի վրա։ Սկզբում անդրադարձավ քաղաքի «շուկայի» տարածքում արդեն 2 տարի հայ-իտալական արշավախմբի կատարած աշխատանքներին։ Տեղեկացրեց, որ հիմնականում շերտագրական պեղումներ է կատարում Դվինի «շուկայի» տարածքում եւ «Ստորին բերդ»-ում։ «Տվյալ պահին պեղումները «շուկայի» արեւմտյան հատվածում են իրականացվում հնագետ Տատյանա Վարդանեսովայի ղեկավարությամբ։ Հայտնաբերվել է մի քանի շերտ՝ աղյուսի՝ վերին մասում քարե շարվածք։ Արդեն պեղվել է սալահատակի հատվածը, որը գիտությանը հայտնի է որպես սյունասրահ, որտեղ առկա են ճարտարապետական խարիսխներ ու խոյակներ, որոնցից մեկը զարդանախշ է։ Նոր պեղումների արդյունքում հայտնաբերվել են 2 բուրգի հիմքեր, որոնք միմյանց հետ կապված են եղել հաստ պարիսպ-պատով»,- նշեց Հ. Աբրահամյանը։ Նրա եւ պեղումներին մասնակից հնագետ Վանիկ Եպիսկոպոսյանի հետ շրջեցինք հնավայրի տարածքում։ Բլրի գագաթին, որտեղից երեւում են Հայկական պարը, Գեղամա լեռները եւ տարածքի հարթավայրը, գտնվել է միջնաբերդը` հարակից շինություններով: Քաղաքի հյուսիսային կողմում եղել է Տիկնունի ամրոցը, որը նույնպես պաշտպանել է քաղաքը։ Հ. Պետրոսյանը կարծում է, որ 5-13-րդ դարերում գոյություն ունեցած ու մշտապես գործած այդ սալահատակ տարածքը, որը գիտությանը հայտնի է որպես «շուկայի սյունասրահ», հնարավոր է՝ եղել է իջեւանատուն, որի նմանը միջնադարյան Հայաստանում շատ կա։ Հնարավոր է՝ մաքսատուն է, որովհետեւ տարածքից դրամներ են գտնվել։ Շուկայի հյուսիսային հատվածում իտալացիները պեղել են 12-13-րդ դարերի շերտը եւ այս տարվա համար նախատեսած աշխատանքներն ավարտել են, փակել հատուկ ծածկոցով, որպեսզի պեղված հատվածը չվնասվի անձրեւից, ձնից, քամիներից եւ այլ պատճառներով։ 2023-ին կշարունակեն աշխատանքները։ Մոտ օրերս ամբողջ հնավայրում կդադարեցվեն պեղումները, կփակվեն բացված հատվածները։
Պեղումների բանվորական խումբը տեղացի բնակիչներից է կազմված: Արդեն 1 տարի է՝ ստեղծվել է «Դվին» արգելոցը, որի վարիչն է Վահան Հովսեփյանը, որի հրավերով պեղումների աշխատանքին եւ Դվին մայրաքաղաքի մասին որոշակի պատկերացում ունենալու համար հնավայր այցելեցին Հնաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ տնօրեն Վարսիկ Եղիազարյանի եւ պատմության ուսուցչուհի Սվետա Արամյանի գլխավորությամբ։ Այս հատվածի պեղումների ղեկավար Տատյանա Վարդանեսովան ներկայացրեց պեղումների նպատակը, պեղավայրի պատմությունը։ Աշակերտները գոհ մնացին։ Հնավայրի տարածքում որոշված է կառուցել թանգարան, որտեղ կցուցադրվեն տարիների ընթացքում կատարված պեղումներից հայտնաբերված գտածոները։ Իհարկե՝ հնավայրի տարածքում անցած դարում պեղումներ կատարած հանգետների, թանգարանի ու լաբորատորիայի համար տեղադրել են փայտաշեն տնակներ, որտեղ այժմ էլ նյութերի որոշ մասը ցուցադրվում է բացօթյա տարածքում։ Հիմնական ցուցանմուշները Հայաստանի պատմության թանգարանում են, սակայն կարեւոր է, որ տեղում ցուցադրվեն դրանք։ Հնավայրի հսկիչ Կորյուն Տիգրանյանը տեղեկացրեց՝ սկզբում իր պապն է եղել «Դվինի» հսկիչը, հետո՝ հայրը, 1990-ից՝ ինքը։ Սիրով են պահպանում հայոց պատմության մեջ կարեւոր դեր ունեցած մայրաքաղաքից մնացած մասունքներն ու ավերակ կառույցները։ Դվինը ժամանակին տարածված է եղել ներկայիս Հնաբերդ, Վերին Արտաշատ, Դվին, Վերին Դվին, Նորաշեն եւ Այգեստան գյուղերի որոշակի հատվածներում, եւ հնարավոր է՝ քաղաքի պատմական կառույցներ գտնվեն այս տարածքներում եւս։ Այդ նպատակով թանգարանի կառուցման համար նախատեսած տարածքում 20 մ երկարությամբ, մոտ 3 մ լայնությամբ, 1, 5 մ խորությամբ հետախուզական խրամատ են բացում։ Այցի ժամանակ հնագետներ Նժդեհ Երանյանը (Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն), Ռուբեն Հովսեփյանը եւ Վանիկ Եպիսկոպոսյանը բանվորների հետ այդ աշխատանքով էին զբաղված։ Բացված տարածքից միայն խեցեղեն էր գտնվել եւ մի կտոր երկաթի խարամ։ Դվինը հնուց ի վեր հայտնի է եղել նաեւ որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր։ Մի քանի օրից կպարզվի՝ այդ հատվածում կկառուցվի՞ թանգարանի նոր շենքը։
Հ. Գ. Քաղաքատեղին ուսումնասիրվել եւ պեղվել է 1899 թ. Նիկողայոս Մառի, 1907-1908 թթ. Խաչիկ Վարդապետ Դադյանի կողմից։ 1936-1939 թթ. պեղումները գլխավորել է Սմբատ Տեր-Ավետիսյանը, 1946-1976 թթ.՝ Կարո Ղաֆադարյանը, 1976-ից մինչեւ 2010 թ.՝ Արամ Քալանթարյանը։ 2010 թ. արշավախումբը ղեկավարել է պ. գ. թ. Հ. Մելքոնյանը։ Քաղաքի կառույցների ճարտարապետության ուսումնասիրմամբ զբաղվել են Վարազդատ Հարությունյանը, Նիկոլայ Տոկարսկին, ուրիշներ։