Սամարղանդում նոյեմբերի 11-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները որոշում ստորագրեցին Թուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։ 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր նախնական կանոնադրական կապիտալով հիմնադրամը թյուրքական պետությունների կողմից ստեղծված առաջին եւ հիմնական համատեղ ֆինանսական հաստատությունն է, որի գործունեությունն ուղղված է լինելու թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների տնտեսական ներուժի մոբիլիզացմանը, առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Իհարկե, ավելորդ չէ մեկ անգամ եւս նշել, որ տնտեսական միջոցները որոշումների ընդունման հարցում, այդ թվում՝ քաղաքական, լավագույն գործիքներից են։ Տնտեսական բաղադրիչը առաջնային նշանակություն ունի նաեւ այս կազմակերպության համար։ Ի դեպ, Թյուրքական ներդրումային հիմնադրամի նախագահ է նշանակվել Բաղդադ Ամրեեւը, ով ավարտեց Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի իր գործունեությունը։
Խորհրդ ային Միության փլուզումից հետո Թուրքիան ակտիվորեն աշխատանքներ էր տանում մասնավորապես Կենտրոնական Ասիայում ամրապնդվելու համար։ Էրդողանի համար նույնպես տնտեսական, մշակութային բաղադրիչն առաջնային գործիքներից է այդ երկրների հետ հարաբերվելու համար։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան ակտիվորեն զարգացնում է իր ներկայությունն Ադրբեջանում, ինչպես նաեւ Արցախի բռնազավթած տարածքներում։
Պատերազմն արմատապես փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, 2021 թ «Շուշիի հռչակագիրը» նոր հարթություն ապահովեց Անկարայի եւ Բաքվի հետ՝ անվտանգային մարտահրավերներ առաջացնելով Հայաստանի եւ հայության համար։ Եթե մինչեւ պատերազմը Թուրքիան քաղաքական եւ բարոյական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, ապա դրանից հետո սերտացավ տնտեսական, ռազմական եւ անվտանգային ոլորտներում համագործակցությունը, միաժամանակ Ադրբեջանին պարտադրվեց թյուրքական ինքնության ընդունումը որպես առանցքային։ Այդ ճանապարհին Թուրքիան ներթափանցում է Ադրբեջանի գրեթե բոլոր ոլորտները, դերակատարություն է ստանձնում առաջնային նախագծերում, ներառյալ նոր մայրուղիների, օդանավակայանների, թունելների եւ էլեկտրակայանների կառուցումը Արցախի հողում: Մասնավորապես, վերջին երկու տարվա ընթացքում թուրքական կապիտալի եւ կազմակերպությունների ներգրավմամբ կառուցվել են Վարանդայի եւ Կովսականի շրջաններում երկու օդանավակայանները։ Արցախում կառուցված օդանավակայանների նշանակությունն այն է, որ դրանք ռազմական եւ ռազմավարական նշանակություն ունեն Էրդողանի թուրանական երազանքի կառուցման համար։
Պաշտոնական տվյալներով՝ 2021 թ. Ադրբեջանի կառավարությունը 562 միլիոն դոլար է ներդրել Արցախի բռնազավթած տարածքներում տարբեր նախագծերի մեջ։ Բաքվում Թուրքիայի դեսպանատան տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում գործում է մոտ 30 թուրքական ընկերություն, որոնք արդեն իսկ 1 միլիարդ դոլարի ներդրում են կատարել տարածաշրջանային ծրագրերում։
Դեռեւս հոկտեմբերին «Eurasianet»-ը գրել էր, որ Թուրքիայի նախագահին մոտ կանգնած ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր են ստացել Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար։ Կովսականում գտնվող գյուղատնտեսական նոր խոշոր համալիրում Էրդողանի ընտանիքի անդամները բիզնես գործընկերներ են նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների հետ: Հրապարակման համաձայն՝ Էրդողանը եւ Ալիեւը «Դոստ» («Բարեկամ») ագրոպարկի հիմքը դրել էին 2021 թ. հոկտեմբերին, հատկանշական է, որ այն մոտ է Հայաստանի եւ Իրանի սահմաններին։ «Դոստ» ագրոպարկը 100 մլն դոլար արժողությամբ ծրագիր է, որտեղ վերջնարդյունքում աշխատելու է 500 մարդ եւ աճեցվելու են մինչեւ 10 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։
Արցախում գործող թուրքական ընկերությունների թվում են «Cengiz» եւ «Kalyon» հոլդինգները։ Դրանցից վերջինը ներգրավված է Հորադիզ-Ագբանդ երկաթուղային գծի կառուցման մեջ, որը նախատեսվում է որպես Նախիջեւան գնացող տրանսպորտային երթուղու մաս: Նախնական տվյալներով՝ նախագծի արժեքը կկազմի ավելի քան 180 մլն դոլար, իսկ շինարարության ավարտը նախատեսված է 2023 թ.։
Թուրքիան «յուղոտ» պատառ է ստացել հանքավայրերի շահագործման մասով։ 2021-ին Ալիեւը հրամանագիր ստորագրեց Քարվաճառի շրջանի երեք ոսկու հանքերը հետախուզության, մշակման ու շահագործման նպատակով 30 տարի ժամկետով թուրքական ընկերություններին հանձնելու մասին։ Ի դեպ, Թուրքիայի օրինակին են հետեւել այլ երկրներ նույնպես՝ մասնակցելով Արցախի բռնազավթված տարածքներում բիզնես նախագծերին, ինչպիսիք են Իտալիան, Իսրայելը եւ Մեծ Բրիտանիան։
Թուրանական երազանքն առավել մեծ նշանակություն ստացավ Ուկրաինայում Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատման համատեքստում։ Այսօր Թուրքիան ձգտում է աշխարհաքաղաքական, տնտեսական օգուտներ քաղել այլընտրանք դառնալու հնարավորությունից։
Օգոստոսին թուրքական «Sabah»-ն անդրադարձել էր այսպես ասած «Զանգեզուրի միջանցքին» եւ դրա նշանակությանը Թուրքիայի համար։ «Զանգեզուրի միջանցքը կդառնա Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ ցամաքային տրանսպորտային ամենակարճ ճանապարհը, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքների հատման կետը: Սա կլրացնի Եվրոպան Ասիայի հետ կապող ցամաքային տրանսպորտային ուղիները: Զանգեզուրի միջանցքով թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային հաղորդակցության վերսկսմանն աջակցել են Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները ,- գրում է թերթը, ապա շարունակում,- Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Թուրքիային հասնել Կասպից ծով, ինչպես նաեւ ապահովել ամենաարագ ուղիներից մեկը Կենտրոնական Ասիա եւ Չինաստան: Այս երթուղին հսկայական տնտեսական եւ էներգետիկ ներուժ ունի։ Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ լրացուցիչ երթուղի են փնտրում Եվրոպա հասնելու համար՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը եւ Զանգեզուրի միջանցքի գործարկումը ենթադրում են, որ համաձայնություն ձեռք կբերվի Կասպից ծովով բոլոր երկրների միջեւ մուլտիմոդալ փոխադրումների վերաբերյալ»։ Թերթը եզրակացնում է, որ չնայած հայկական կողմի ձգձգումներին, իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, առավել եւս պետք է հաշվի առնել, որ «միջանցքի գործարկման նկատմամբ մեծ է համաշխարհային տերությունների հետաքրքրությունը»։
«Թուրանական միջանցքի» աշխարհաքաղաքական կայացումը, որի խզման կետը Հայաստանի Սյունիքի մարզն է, բախվում է հայ-իրանական շահերին։ Ինչպես 2021-ին, այնպես էլ՝ հիմա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ աճել է լարվածությունը։ Ալիեւի սեփական քաղաքական կշռից ծանր հայտարարություններն ու հոխորտանքը Իրանի ուղղությամբ ցույց են տալիս Էրդողանի թաքնված ներկայությունը։ Թեեւ ներկայումս Ադրբեջանն ընդունում է թուրքական բազմաշերտ օգնությունն ու աջակցությունը, միջազգային ասպարեզում «թեւեր առնելով» «մեծ եղբոր» հովանավորությունից, սակայն «փոխշահավետ» թվացող «գործընկերության» համար ստիպված է լինելու վճարել օրինակ՝ կցորդ լինելու հեռանկարով։