Երկիր մոլորակում նկատվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի աճի ֆոնին Հարավային Կովկասում պահպանվում է ծայրահեղ լարված իրավիճակը, որի մեղավորությունը բացառապես Ադրբեջանինն է՝ իր ծայրահեղական հռետորաբանության եւ ագրեսիվ գործողությունների պատճառով: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ վերջինիս վարքագիծը կտրուկ փոխվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո: Հատկանշական է, որ պաշտոնական Բաքուն 30 տարի զերծ էր մնում ագրեսիվ հայտարարություններից եւ գործողություններից, բացառությունը, թերեւս, միայն 2016 թ. անհաջող փորձն էր:
Միանշանակ է, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքի պատճառը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումն է: Պատերազմից հետո իր դաշնակից երկրների աջակցությամբ այդ պետությունը մեծ միջոցներ է ներդնում, որպեսզի արագ վերականգնի այն ահռելի կորուստները, որոնք ունեցել էր 44-օրյա պատերազմում: Այսօր Բաքուն դա անում է հիմնականում ոչ ռուսական սպառազինության հաշվին, քանի որ ՌԴ-ն իր ռազմարդյունաբերությունն ուղղել է ուկրաինական հակամարտության կարիքները բավարարելուն, եւ հիմնական գնումներն անում է իսրայելական եւ թուրքական զինատեսակներից: Մյուս կողմից էլ միանշանակ չի կարելի պարզել, թե այդ երկրներից ներկրվող զենքի ո՞ր մասն է գնված, որը՝ նվիրաբերված կամ ժամանակավոր տրամադրված: Օրինակ՝ ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ Իսրայելից «գնված» հակաօդային սպառազինությունը գերժամանակակից է, որը ռազմական բարձր գաղտնիության տեխնոլոգիաներ է պարունակում, եւ սովորաբար պետությունները նման տեխնիկա չեն վաճառում այլ պետության:
Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման նման իրավիճակում Ալիեւը չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքներից, եւ ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրանքներ է իրականացնում՝ ներխուժելով ՀՀ-ի եւ Արցախի ինքնիշխան տարածք: Բաքվի առաջնորդն այսօր արդեն չի պահպանում նաեւ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, որոնք երբեմն ձեռք բերված են լինում ընդամենն օրեր առաջ:
Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ ստեղծված իրավիճակը վերացնելու միակ ճանապարհը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնումն է: Այստեղ իրավիճակը կայունացնելու քաղաքական գործընթացներն իրականացվում են մեծ ինտենսիվությամբ: Այսպես՝ միայն նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ եւ հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Դրանից մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ:
Բայց այս ակտիվ բանակցային գործընթացները չեն զսպում Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հետեւաբար՝ Հարավային Կովկասում կայունությամբ շահագրգիռ պետությունները պետք է նպաստեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնմանը՝ աջակցելով Հայաստանին ձեռք բերել ադրբեջանական ռազմական սպառնալիքներին հակազդող անհրաժեշտ սպառազինություն: Ավելորդ չէ արձանագրելը, որ 2020 թ. Ադրբեջանը պատերազմ սկսեց այն ժամանակ, երբ կարողացավ խախտել տարածաշրջանում հաստատված ռազմական հավասարակշռությունը: Հետեւաբար՝ միայն խախտված հավասարակշռության վերականգնումը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի հետեւանք է նաեւ բանակցությունների ժամանակ նրա ղեկավարի ծայրահեղ առավելապաշտական եւ ոչ կառուցողական դիրքերից հանդես գալը: Ներկայիս իրականության մեջ դա, թերեւս, միակ ճանապարհն է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հայ-ադրբեջանական բանակցությունները կառուցողականության հուն տեղափոխելու ու շոշափելի արդյունքներ ստանալու համար: