Պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022 թ. հոկտեմբերը 2021 թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5 տոկոս։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերին 2021 թ. հոկտեմբերի համեմատ, օրինակ, բրնձի գինն ավելացել է 10.0 տոկոսով, ալյուրինը՝ 13.3, մակարոնեղենինը՝ 30.3, ձավարեղենինը՝ 21 տոկոսով։ Նույն ժամանակաշրջանում հնդկացորենը 23.2 տոկոսով է թանկացել։ Հացի գինն ավելացել է 18.8 տոկոսով։ Թանկացել են կարագն ու մեղրը՝ համապատասխանաբար` 3.3 եւ 9.3 տոկոսով։ 11.1 տոկոսով բարձրացել են հրուշակեղենի գները։ Սրան հավելենք 22.1 տոկոսով թանկացած պանիրը, 23.5 տոկոսով՝ տավարի միսը։ Թանկացել է նաեւ թռչնի, գառան ու խոզի միսը՝ համապատասխանաբար 3.5, 5.2 եւ 1.3 տոկոսով։ Թանկացել են նաեւ շաքարն ու շաքարավազը, բանջարեղենը, միրգը՝ համապատասխանաբար 2.9, 3.6 եւ 13.9 տոկոսով։ Սա դեռ 12-ամսյա գնաճն է, բայց եթե հաշվի առնենք, որ դրանից առաջ էլ թանկացումներ են եղել, պատկերը հստակ կլինի։
Չդադարող գնաճին նպաստող արտաքին գործոնները հայտնի են՝ կորոնավիրուսի համավարակ, հետհամավարակային շրջան (համավարակը դեռ հաղթահարված չի համարվում), ռուս-ուկրաինական ծավալումներ, այդ ծավալումների հետեւանքով էներգետիկ եւ պարենային բազմաթիվ խնդիրներ։ Հավելած՝ աշխարհաքաղաքական գործոնները. Ռուսաստանը տնտեսապես մեկուսացավ Արեւմուտքից, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների արեւմտյան փաթեթները ռուսական կողմին դրդեցին համարժեք պատասխան քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ վճարումները ռուբլով իրականացնելու պահանջը (թեեւ Ռուսաստանը սրան վաղուց էր պատրաստվում) կամ այլ երկրների հետ ազգային արժույթներով առեւտուրը։ Հասկանալի է, որ փոփոխվող աշխարհակարգում դոլարի մենիշխանությունն էլ պիտի տատանվեր։ Առիթով «ՀՀ»-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանը նշել էր, թե նման խոշոր պետությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Բրազիլիան, դոլարային հաշվարկներից հրաժարումը մեծ հարված կհասցնի ամերիկյան արժույթի հեղինակությանը եւ, բնականաբար, նաեւ փոխարժեքին:
Համաշխարհային գնաճը չի կարող չազդել մեզ վրա թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանը ներկրող երկիր է։ Ավելին՝ ոչ միայն ներկրող է, այլեւ ծանրաբեռնված է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներով։ Սա էլ, իր հերթին, ներկրողի համար ենթադրում է նոր ծախսեր, նոր ռիսկեր, սպառողներիս համար էլ՝ հավելագներ։ Երբ նայում ենք գնաճը զսպող գործիքակազմի միջազգային փորձին, տեսնում ենք նաեւ մոտեցման տարբերություններ։ Կենտրոնական բանկերը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում են անում՝ բացատրելով դա գնաճային բարձր մակարդակները զսպելու անհրաժեշտությամբ։ Իսկ, օրինակ, ՄԱԿ-ը գնաճի դեմ այդ պայքարը համարում է անխոհեմ քայլ, որովհետեւ հարուստ երկրների կողմից պարբերաբար տոկոսադրույքների բարձրացման գործիքը կիրառելը եւ խնայողության միջոցներն օգտագործելը, ի վերջո, հանգեցնելու են համաշխարհային ռեցեսիայի, ընդ որում՝ ցավալի ռեցեսիայի։ ՀՀ ԿԲ-ն էլ է, մյուսների օրինակով, կիրառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման գործիքը։
Ճիշտ է սա թե սխալ` մասնագիտական նեղ տիրույթի քննարկման հարց է։ Փաստն այն է, որ գնաճը ոչ աշխարհում, ոչ էլ մեզ մոտ չի զսպվում։ Մեր գնաճին նպաստող մեկ այլ գործոն էլ կա՝ Հայաստան ռուսների հոսքը (հավելյալ պահանջարկ)։ Գնաճին նպաստող ներքին գործոնը չենք կարող անտեսել՝ դատելով մեր գործարարների վարքագծից։ Խոսքը գների չհիմնավորված բաձրացման մասին է, որին հայ հանրությունը մեկ անգամ չէ, որ ականատես է լինում։ Սրա դեմ լծակ, անշուշտ, կա, եւ դա մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, որի գործառույթն է վերահսկել գնային անհիմն բարձրացումը։ Ընդհանուր առմամբ, մասնագետները կարծում են, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռ կպահպանվի՝ քաղաքական գործոնների հետեւանքով տնտեսական ու ֆինանսական շուկաների զարգացումների անորոշություններով պայմանավորված։ Այլ պատճառներ էլ, իհարկե, կան՝ անբարենպաստ ծավալումները վառելիքահումքային շուկաներում։
Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մեր մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունն էլ է դեռ պահպանվում, ինքնըստինքյան՝ գնաճային ռիսկերը նմանապես պահպանվում են։ Այսինքն՝ ի՞նչ անել՝ սպասել, մինչեւ արտաքին ծավալումները հօգուտ մե՞զ կլինեն։ Բնականաբար՝ ոչ։ Չգործելն ու սպասելը այս դեպքում մեր վիճակը գոնե փոքր-ինչ չեն թեթեւացնի։ Մեր խնդիրը մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելն է, այնպես, ինչպես մարդն է բարձրացնում իր օրգանիզմի դիմադրողականությունը՝ հիվանդությունների դեմ ավելի դյուրին պայքարելու համար։ Տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու քայլերը հայտնի են՝ տնտեսության որակի փոփոխություն, մոդելի փոփոխություն, արդյունաբերության արագ զարգացում, արտահանման զարգացում, ներկրման կորի իջեցում, եկամտային արդյունավետ քաղաքականություն, ոլորտային զարգացումների՝ շղթայական հաշվարկված իրատեսական ռազմավարություններ, էներգետիկ անվտանգության եւ պարենային ապահովվածության մակարդակների բարձրացումներ եւ այլն։ Այս քայլերի համախու՛մբը միայն թույլ կտա, որ մենք հնարավորինս քիչ ազդվենք արտաքին շոկերից եւ ունակ լինենք արտաքին ազդակների դեմ հակազդող քայլեր ձեռնարկել։