ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 16-ին լսումներ էր անցկացրել Հարավային Կովկասում Վաշինգտոնի վարած քաղաքականության գնահատման վերաբերյալ։ Տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հնչեցին ինչպես իրականությունը ներկայացնող, այնպես էլ մտահոգիչ հայտարարություններ եւ գնահատականներ։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն իր ելույթի ընթացքում հերթական անգամ բարձրաձայնեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայության դեմ Ադրբեջանի գործած հանցանքների մասին։
«2020 թ. ադրբեջանական պատերազմի հետեւանքով 100 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում, 6500-ը զոհվել են։ Այսօր Արցախում հայերը դեռ բախվում են հումանիտար ճգնաժամի, այդ թվում՝ էթնիկ զտումների սպառնալիքի։ Հենց այդ պատճառով ես պնդում եմ ավելի շատ մարդասիրական օգնություն ցուցաբերել, քանի որ ԱՄՆ-ի օգնությունը, իմ կարծիքով, բավարար չի եղել։ Բացի այդ, մենք մինչ այժմ անվտանգության ոլորտում աջակցություն ենք ցուցաբերում Ադրբեջանին։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն արդարացնել անվտանգության ոլորտում աջակցությունը կամ այլ օգնությունը Բաքվի ռեժիմին։ Դա աններելի է: Ես անձամբ դա անբարոյական եմ համարում»,- ասել է նա՝ հավելելով, որ պետական դեպարտամենտը կրկին ու կրկին բացառություն է անում Ադրբեջանի համար։ Մասնավորապես, 600 հազար դոլար է խնդրել Ադրբեջանի ռազմական պատրաստության ծրագրի համար, որը ներառում է մասնագիտական ռազմական պատրաստություն: Մենենդեսը կարեւորում է, որ խաղաղության համաձայնագիրը չհանգեցնի Արցախում էթնիկ զտումների. «Սա նշանակում է լուծել հումանիտար ճգնաժամը, պատասխանատվության կանչել այս տարածաշրջանում բռնությունների համար պատասխանատուներին»։
Ի տարբերություն Մենենդեսի, մտահոգիչ էր Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլեւս չի գործում, եւ Վաշինգտոնը Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Բաքվի եւ Երեւանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ Նկատենք, որ Մինսկի խմբի գոյություն չունենալու մասին մշտապես հայտարարում է Ալիեւը, այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքվի համար համանախագահ երկրի ներկայացուցչի կողմից այդ հարթակի անկենսունակության մասին շեշտադրումներն առավել մտահոգիչ են։ «Ինձ թվում է՝ այն զարգացել է մինչեւ այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի հաշվին վերջ դնել այս մանդատին»,- ասել է նա: «Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Թեեւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ փոխգործակցությունն այլեւս չի գործում։ Եվ մենք անմիջականորեն մասնակցում ենք [հակամարտության կողմերի] հետ նրանց խաղաղ գործընթացին»,- հավելել է դիվանագետը։ Հասկանալի է, որ Ռուսաստանի եւ մյուս համանախագահ երկրների միջեւ գերլարված հարաբերությունները հարվածի տակ են դրել Մինսկի խմբի մանդատը, ինչը բխում է Ադրբեջանի շահերից։ Թեեւ Ռիկերը նշում է, որ մանդատը եւ դրա նպատակը պահպանվում են, սակայն ինչպես տեսնում ենք, այն վերագործարկելու ցանկություն կարծես թե չկա։ Ավելին, լսումներին մասնակցած դեմոկրատ սենատոր Բենջամին Կարդինը (Մերիլենդից) ԱՄՆ-ին հորդորել է հասնել Մինսկի խմբի վերացմանը: Նրա կարծիքով, խումբն իրենց նպատակների համար օգտագործում են այն կողմերը, որոնք «չեն ցանկանում առաջ շարժվել դեպի խաղաղություն»: Ըստ ամենայնի, սենատորը նկատի ունի Ռուսաստանին։
Մտահոգության տեղիք է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այն պնդումը, թե 2020 թ. պատերազմի ընթացքում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին հաղորդումներ չի տեսել։ Նման կերպ է արտահայտվել Ռիկերը, երբ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ունի՞, արդյոք, տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործման մասին։ Դրան ի պատասխան սենատորն արձագանքել է. «Սպիտակ ֆոսֆորի մասին շատ են հաղորդել: Ցավոք, այն մատակարարվել է Ուկրաինայի կողմից»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ամերիկյան վարչակազմը ձեռնարկում է քայլեր ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների դաժան սպանության եւ խոշտանգումների տեսագրությունները գնահատելու համար, Ռիկերը խուսափողական պատասխանել է, թե պետք է դեռ «ստուգել»։ Սենատոր Մենենդեսը քննադատել է Ադրբեջանի հետ ունեցած շահերով պայմանավորված մոտեցումը՝ շեշտելով, թե «անկայունության հիմքում ընկած են խախտումներ»։ Նա իր հիասթափությունն է արտահայտել պետդեպից, որ երկու կողմերին է զսպվածության կոչեր անում, այնինչ պետք չէ «շատ խելացի լինել` հասկանալու համար, թե կոնկրետ ով է ագրեսորը, ով հնարավորություն ունի լինել ագրեսոր այս հակամարտությունում… Դա Ադրբեջանն է»։ Ընդգծենք, որ Մենենդեսի շեշտադրումները կարեւոր են այնքանով, որ միջազգային լայն շրջանակների համար ներկայացվում է ճշմարտությունը, եւ շահերի առկայությունը չի կարողանում քողարկել իրողությունները։ Իսկ շահերն ակնհայտ են, այդ մասին չի էլ թաքցնում Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդը՝ նշելով, որ երկար ժամանակ փորձել են դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարումները. «Մենք տեսնում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք չափից շատ կախված էին Ռուսաստանից, այլ աղբյուրներ (մատակարարման) են փնտրում։ Եվ այս համատեքստում Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում։ Եվ կարծում եմ, որ նա կշարունակի խաղալ շատ կարեւոր դեր։ Մենք ականատես ենք եղել Ադրբեջանից Եվրոպա նավթի եւ գազի մատակարարումների ծավալների ավելացման…»։
Էներգետիկ գործընկեր լինելուց բացի Ադրբեջանը հետաքրքրում է Միացյալ Նահանգներին նաեւ Իրանի դեմ հարթակ լինելու առումով։ «Ուզում եմ հստակ հայտարարել, որ կարծում եմ՝ օգնությունը (Ադրբեջանին.- խմբ.) բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, հետեւաբար մենք տրամադրում ենք ոչ մահաբեր սարքավորումներ սահմանների պաշտպանության համար, ինչը նշանակալի արդյունքներ է տալիս Իրանի կողմից անդրազգային սպառնալիքներին դիմակայելու եւ դեպի Հարավային Կովկաս, Ռուսաստան ու Եվրոպա մաքսանենգ ճանապարհները փակելու հարցում։ Ուստի ես հավատում եմ, որ սա կաջակցի սահմանների անվտանգությանը»,- ասել է Քարեն Դոնֆրիդը։ Սակայն տեղին է սենատոր Մենենդեսի թերահավատությունը Դոնֆրիդի այն վստահեցմանը, թե ամերիկյան կառավարության «տրամադրած ցանկացած օգնություն չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։ Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը չի թուլացրել իր ագրեսիվ հռետորաբանությունը եւ բազմիցս խախտել է ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, այլեւ պարբերաբար հարձակումներ է գործել ՀՀ-ի եւ ԱՀ-ի ուղղությամբ։ Ադրբեջանի զինուժի թիրախում են նաեւ քաղաքացիական անձինք։ Նախօրեին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը նույն օրը ժամը 14:30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել առ այն, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։ Թեեւ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկային, սակայն հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել եւ համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումերի հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։ Մասնավորապես, 2020 թ. նոյեմբերի 10-ից 2022 թ. նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական եւ մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։ Սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել եւ ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ): «Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989 թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է»,- տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից։
Նշենք, որ Ադրբեջանի հանցածին գործելաոճը դրսեւորվում է նաեւ այլ ուղղություններով։ Վտանգված են ինչպես կյանքի իրավունքը, այլեւ առանջային նշանակության կենսական պահանջները բավարարելու հնարավորությունը։ Արցախցիներին իրենց բնօրրանից հեռացնելու նպատակով պարբերաբար խաթարվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքները։ Այդպես եղավ 2022 թ. մարտին, երբ Ադրբեջանի կողմից գազախողովակի պայթեցման հետեւանքով շուրջ 20 օր Արցախի ամբողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից եւ ջեռուցումից։ Արցախի ՄԻՊ-ի հաղորդման համաձայն, հատուկ խլացուցիչների միջոցով շարունակվում են խլացվել կապն ու հաղորդակցությունը։ Բոլոր այդ գործողություններն ուղղված են Արցախի էթնիկ զտմանը, դրանք միաժամանակ Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ «Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները»,- գրում է ՄԻՊ-ը։