Այսօր, առավել քան երբեւէ, առաջնային է արցախյան հիմնահարցի էությունը համաշխարհային հանրությանը հասցնելու խնդիրը: Ադրբեջանը, մեծ ռեսուրսներ ներդնելով, 30 տարի հնարավոր բոլոր ուղիներով աղճատում էր հակամարտության էությունը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի կողմից իր տարածքների «օկուպացիա»: Հայկական կողմերը, համոզված լինելով իրենց պայքարի արդարացիության ու ճշմարտացիության մեջ, պատշաճ չափով գործողություններ չէին իրականացնում այդ կեղծիքին հակազդելու համար: Մինչդեռ համաշխարհային հանրության կարծիք ձեւավորելու, նույնիսկ բացարձակ ճշմարտությունները նրա գիտակցությանը հասցնելու համար պետք է դրանք պարբերաբար հնչեցնել եւ լսելի դարձնել: Հայ հանրությունը չէր պատկերացնում, որ միջազգային հանրությունը կարող է տեղյակ չլինել մեր արդարացի պայքարից (իրականում այդպես էլ կար), ինչի հետեւանքով էլ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած 44-օրյա ագրեսիայի ժամանակ համաշխարհային հանրությունը մեծ հաշվով լռեց:
2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքերը տրամաբանության հետ որեւէ աղերս ունեցող հիմնավորումներ չունեն, դրանք ավելորդ անգամ ապացուցում են, որ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված եւ 30 տարի ձեւավորված անվտանգության գոտին ընդամենը արցախցու ինքնորոշման հանրաքվեին Բաքվի կիրառած ագրեսիայի պատասխանի հետեւանք էր: Այսօր, օգտվելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինության հավասարակշռության խախտումից եւ չդավաճանելով որդեգրած գործելաոճին, Բաքուն իրականացնում է նաեւ ագրեսիա Հայաստանի նկատմամբ: Սա է պատճառը, որ այդ ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու գերխնդիր կա նաեւ այսօր, եւ այդ նպատակով պետք է օգտագործվեն հնարավոր բոլոր հարթակները՝ առանց որեւէ բացառության:
Այս ուղղությամբ Հայաստանի եւ Արցախի իրականացրած հետեւողական քայլերը վերջին շրջանում տալիս են իրենց արդյունքները: Եվրոպայից եւ ԱՄՆ-ից հնչում են Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություններ, որոնց պաշտոնական Բաքուն այլեւս չունի պատասխաններ եւ ստիպված դիվանագիտության կանոնները կոպտորեն խախտող հայտարարություններ է ուղղում գրեթե բոլոր ուղղություններով, բայց, միեւնույն ժամանակ, չի կարող դրանք հաշվի չառնել, ինչը երեւում է նրա՝ որոշակիորեն կաշկանդված վարքից:
Համաշխարհային հանրությանը ճշմարտությունը հասցնելու տեսանկյունից կարեւոր է բարեկամ եւ ազդեցիկ այնպիսի կառույցներում այն հնչեցնելը, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր այս կազմակերպությունում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում տեղի ունեցած այս կազմակերպության 18-րդ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող գործողությունների իրական պատկերը: Այդ ելույթն սպասված էր, հատկապես՝ ընդամենն օրեր առաջ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւից հետո, եւ դրա ֆոնին առավել մեծ հնչեղություն ստացավ:
«Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որեւէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։ Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս. թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսեւորումն է։ Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված եւ չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ եւ տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռեւս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին: Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան եւ պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր»,- բարձր ամբիոնից հնչեցրեց ՀՀ վարչապետը։ Նա նաեւ շեշտեց, որ Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաեւ ապահովել Արցախի Հանրապետության հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Արցախյան հիմնախնդրի եւ դրանով պայմանավորված զարգացումների վերաբերյալ ճշմարտության բարձրաձայնումները ոչ միայն ուղղորդող դեր են ունենում միջազգային կազմակերպությունների քաղաքականության համար, այլեւ Բաքվի վրա լուրջ ճնշման գործիք են: Գնալով Ադրբեջանն ավելի ու ավելի է դուրս է մնում եվրոպական արժեքային համակարգի կառույցներից, ինչը ճնշման գործուն լծակ է, եւ սա այն դեպքում, երբ մինչեւ 44-օրյա պատերազմը իր հիմնական նպատակը հին աշխարհամասի միությանը միանալն էր: Այդ նպատակով Ադրբեջանը նույնիսկ ընդգկրվել է «Արեւելյան գործընկերության» ծրագրում եւ որոշակի պարտավորություններ է ստանձնել:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամբիոնը բարձր հարթակ է Արցախյան հիմնահարցի էությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար։ Այն ունի 58 անդամ, որոնք պետություններ են կամ պետությունների մասեր, եւս 26 սուբյեկտ ունի դիտորդի կարգավիճակ։ Նման հարթակներում իրական իրավիճակների ներկայացումը Ադրբեջանին զրկում են հերթական ագրեսիայի դիմելու համար կեղծ հիմնավորումներ ներկայացնելու հնարավորություններից, հետեւաբար՝ նաեւ նոր սադրանքներից: