Հայ ավանդական ու ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործում մեծ դեր ունի «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը մշտապես տարբեր միջոցառումներ է կազմակերպում՝ աջակցելով մեր երկրում գործող ազգագրական մշակույթով զբաղվող կազմակերպություններին ու անհատներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 19-20-ը հերթական ազգագրական փառատոնը կայացավ Երեւանում՝ «Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահներում։ «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագիրը կրող փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին հուշանվերային արտադրանքն ընդունելու որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց։ Փառատոնին իրենց ձեռագործ ստեղծագործություններով ներկայացել էին ավելի քան 5 տասնյակ կազմակերպություններ, անհատ ձեռներեց-արհեստագործ վարպետներ մեր երկրի 7 մարզերից, Արցախից, Երեւանից։ Հայկական գորգագործական արվեստը ներկայացնող «Մեգերյան կարպետը» սիրով էր տրամադրել տարածքը։
«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ տնօրեն Լիլիթ Մելիքյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց. «Տարիներ առաջ ստեղծվել է արհեստագործների միություն, որը կարծես նկարիչների միության մի հիմնադրամն է։ Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում 1846-ից գործող գիտահետազոտական եւ կրթական Սմիթսոնյան ինստիտուտի շնորհիվ ՀՀ-ում իրագործվեց «Իմ Հայաստան» ծրագիրը, որը ֆինանսավորվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։ Ծրագիրը 6 տարուց ավելի գործեց ՀՀ տարբեր մարզերում»։ USAID-ի հայաստանյան տնօրեն Ջոն Ալելոն ասել է. «Այս տարիներին մեր կառույցի հիմնական ձեռքբերումը հայկական տաղանդը բացահայտելն ու աշխարհին ներկայացնելն է։ Հայ վարպետները տաղանդավոր են եւ հետաքրքիր աշխատանքներ են ներկայացրել՝ մեկը մյուսից գեղեցիկ ու տարբերվող»։ Լ. Մելիքյանը հավելեց նաեւ՝ ծրագրի նպատակն էր մարզերում գտնել հայկական ավանդական մշակութային տարրերին տիրապետող վարպետների։ Նույն վարպետների հետ սկսել են աշխատել եւ նրանց հասցրել մի մակարդակի, որպեսզի կարողանան ստեղծել անձնական «բրենդներ» եւ ներկայանալ միջազգային հարթակ։ 2021 թ. ավարտվել է ծրագիրը, սակայն նախաձեռնողները չեն դադարեցրել իրենց աշխատանքը, եւ եթե սկզբում 5 մարզ էր ծրագրում ընդգրկված, ապա որոշել են մնացած մարզերը, Արցախը եւ Երեւանը նույնպես ընդգրկել ծրագրի շրջանակներում։ «Ցուցահանդեսին ներկայացել են 55 վարպետ ու վարպետաց տուն, ինչպես նաեւ նախագիծ։ Ունենք արդեն թիմային ձեւավորված վարպետներ, ովքեր տարբեր մարզերից են, սակայն համագործակցում են, ընկերներ են դարձել։ Մեր վարպետներն արդեն ունեն այնպիսի աշխատանքներ, որ առաջարկում են թանգարաններին, այսինքն նրանց գործերն ստեղծվել են թանգարանային ուսումնասիրությունների ընթացքում…»,- խոսքը շարունակեց Լ. Մելիքյանը՝ հավելելով, որ այս ամենի նպատակն է մեր վարպետներին համախումբ ներկայացնել միջազգային հարթակներում։
Իսկ ինչո՞ւ է որոշվել ցուցահանդես-փառատոնն անցկացնել «Մեգերյան կարպետի» տարածքում հարցին Լ. Մելիքյանը պատասխանեց. «Այս փառատոնը մշտապես անցկացվում էր «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ում։ Որոշել էինք այս տարի սեպտեմբերի 17-ին նույնպես այնտեղ կազմակերպել փառատոնը, սակայն ռազմական գործողությունները խանգարեցին։ Հետագայում որոշեցինք այստեղ անցկացնել փառատոնը, քանի որ ավելի հարմար վայր է, բացի այդ, մեր վարպետներն այս տարածքում կունենան իրենց խանութները եւ կվաճառեն արտադրանքը։ Ինչ վերաբերում է ներկա ցուցադրությանը, բոլոր հյուրերը հիացած են եւ նշում են՝ ազգային մշակույթի հանդեպ նման վերաբերմունքի որեւէ տեղ չեն հանդիպել։ Իսկ ցուցադրված հավաքածուները յուրահատուկ են, եւ վարպետները նույն ձեւով էլ պետք է շարունակեն աշխատել, սա է մեր պահանջը»։
Առիթ ունեցել ենք մեր թերթում գրելու վերջերս բացված խեցեգործության արվեստանոց-ուսումնարանի՝ «ԿերամաԶարդի» մասին: Ցուցասրահում արդեն ներկայացված էին նրա արտադրած նմուշները՝ նախշազարդ ափսեներ, բաժակներ, այլ նպատակների համար կիրառվող ամաններ, զարդեր եւ այլն։ Սեդա Միքայելյանը, ով տեղահանվել է Արցախից եւ այժմ բնակվում է Երեւանում, աշխատում է «Տերյան մշակութային կենտրոն»-ում։ Դասավանդում է նաեւ «ԿերամաԶարդ»-ում։ Ներկայացրեց նոր արտադրված նմուշները, որոնք, հիրավի, արվեստի գործեր են, ստեղծվել են տեղահանված արցախցի երեխաների ձեռքերով։ Ասաց՝ հիմնականում ներկայացվել են Հադրութի եւ Շուշիի գորգարվեստի զարդանախշերով կերամիկական իրեր։ Նպատակն է՝ վառ պահել այժմ բռնազավթված մեր հայրենիքի այդ հատվածի մշակույթը։ «Կերամիկայի վրա նկարում ենք հայկական գորգարվեստի զարդանախշերը՝ փորձելով շուկայում այդպես տարբերվել»,-ասաց «ԳՈՅ» մարդասիական հիմնադրամի նախագահ Ազատուհի Սիմոնյանը։ Նկարիչ-քանդակագործ լոռեցի Բոգդան Հովհաննիսյանը նաեւ լավ երգում է։ Ազգագրական երգի կատարումով իր շուրջը համախմբեց Երեւանի թիվ 141 հիմնական դպրոցի (տնօրեն՝ Անահիտ Հովհաննիսյան) մի խումբ աշակերտների, ովքեր պատմության ուսուցչուհի Արփենիկ Ղազարյանի գլխավորությամբ այցելել էին ցուցասրահ։ Նա մագաղաթյա թղթեր է մշակում, որոնց վրա նրա հետ աշխատող գեղանկարիչ Գայանե Մանուչարյանը հայ միջնադարյան մանրանկարչության եւ աստվածաշնչյան պատկերներ է նկարում։ Բացի մագաղաթներից, նրանք նաեւ փայտարվեստի գործեր են ստեղծում։
Ցուսասրահում գրեթե բոլորն էին հետաքրքրվում գործող ճախարակով, որն աշխատեցնում էր Անուշ Արզանյանը՝ Գորիսից, ով 2014-ին մասնակցել է դասընթացների, սովորել այս մասնագիտությունը։ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ցուցանմուշներն էին ճախարակի թիկունքում ցուցադրված։ Այս հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը տեղեկացրեց՝ հիմնականում օգտագործում են տեղական թափոն բուրդը, որից թել են մանում եւ ստեղծում արվեստի ձեռագործ նմուշներ, որոնք ներկայացված են Գյումրիի Ասլամազյան քույրերի եւ Ժողարվեստի թանգարաններում։ Հիմնադրամն ստեղծվել է 2009 թ. հունիսին՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ եւ տեղական կանանց նախաձեռնող խմբի կողմից։ Կենտրոնում Գորիսից եւ հարակից գյուղերից աշխատում են 25 կին։ «Ջեւո» անունն է կրում գյումրեցի երկվորյակ եղբայրներ Մամիկոն եւ Աշոտ Միքայելյանների արտադրանքը։ Ներկայացրել էին նկարներ տախտակների վրա, արծաթյա եւ այլ զարդեր։ Ասացին՝ ունեն արվեստանոց Գյումրիում՝ բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ, երգահան Նիկողայոս Տիգրանյանի հիմնած դպրոցի նկուղում։ Ն. Տիգրանյանը 9 տարեկանում կորցրել է տեսողությունը, սակայն կարողացել է ստանալ երաժշտական լավ կրթություն։ Հետագայում կազմակերպել է կույրերի դպրոց, եղել դրա տնօրենը եւ դասավանդել երաժշտատեսական առարկաներ։ Երկվորյակ եղբայրներն ասացին՝ Ն. Տիգրանյանը եղել է Կոմիտասի ընկերը, նույն տանը հյուրընկալել նրան։
Գյումրեցի նկարիչ-խեցեգործ Վազգեն Գեւորգյանը ներկայացրել էր ընտանեկան արտադրությամբ խեցեղեն աշխատանքներ։ Ունեն արհեստանոց-արվեստանոց։ Արտադրած իրերը վաճառվում են Գյումրիում եւ ՀՀ այլ վայրերում։ Նկարիչ Լեւոն Կուչատյանը Երեւանից է, բնակվում է Արտաշատում։ Հիմնականում զբաղվում է արծաթագործությամբ։ Զարդեր է արտադրում նաեւ այլ գունավոր մետաղներից։ Արտադրանքը վաճառում է նաեւ Վերնիսաժում։ Նկարիչներ Գառնիկ Խորվիրապցին եւ Լուսինե Պողոսյանը ներկայացնում էին իրենց գործերը՝ սրբապատկերներ եւ մանրանկարչության նմուշներ։ Գառնիկն ապրում եւ ստեղծագործում է Փոքր Վեդի գյուղում։ Հիմնականում նկարում է սրբապատկերներ փայտի վրա։ Լուսինեն մանրանկարիչ է, աշխատում է նաեւ Մատենադարանում։ Երբեմն պատվերներ են ստանում, իրենց գործերը վաճառում են համապատասխան խանութներում, այլ տեղերում։ Անուշ եւ Դոնարա Չիբուխչյանները ներկայացնում էին «Չիբուխչյան բրենդ»-ը՝ Իջեւանից։ Զբաղվում են ձեռագործ հուշանվերների եւ այլ իրերի արտադրությամբ։ Մոտ մեկ ու կես տարի առաջ հիմնել են «Չիբուխչյան» արվեստի կենտրոնը, որտեղ գործում են կարպետներ, պատրաստում էկո պայուսակներ, նկարում են ապակու վրա, ասեղնագործում են (բատիկա)։ Մոտ ապագայում նախատեսում են բացել արվեստի խմբակներ։ Ստեղծագործում են արդեն 22 տարի, ՀՀ նկարիչների միության անդամ են, դասավանդում են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի «Կիրառական արվեստ» ֆակուլտետում։ Հպարտորեն նշեցին՝ բացառապես ազգային մշակույթ են փոխանցում իրենց ուսանողներին։ Ներկայացրեցին իրենց նկարած տառերը, որոնք հեղինակային մշակումներ են, ներկայացնում են Կենաց ծառը, այլ խորհրդանշաններ։ Արտադրանքի վաճառքից չեն դժգոհում։ «Մեզ արդեն ճանաչում են, մեր քաղաքում ունենք արվեստանոց»,- ասացին Չիբուխչյանները։
Աշտարակ քաղաքի զինանշանն էին առաջին շարքում ցուցադրում «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ Արագածոտնի մարզի վարչական կենտրոնի մասնաճյուղի ներկայացուցիչներ Տաթեւիկ Իվանյանը, Ժենյա Հարությունյանը (Աշտարակի զինանշանի հեղինակ-նկարիչը) եւ Իրինա Հայրապետյանը։ Հատկապես իրենց քաղաքի խորհրդանիշներն էին ցուցադրված՝ Կարմրավոր եկեղեցու նկարը, Աշտարակի պոպոկը (հուշանվերի տեսքով), Պ. Պռոշյանի «Սոս եւ Վարդիթեր» վեպի հերոսներին, Ծիծեռնակը եւ այլն։ Ցուցադրում էին նաեւ բնապահպան Ելենա Ամիրյանի ստեղծագործությունները։ Չոր տերեւներից, պոլիէթիլենի թափոններից երիտասարդ բնապահպանն ստեղծել է ստվարաթուղթ, որի վրա նկարում են։ Ցուցասրահում հանդիպեցինք Երեւանի թիվ 50 դպրոցի սաներին եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Աիդա Օհանյանին, պարուհի Սվետլանա Մխեյանին, ովքեր եկել էին հայկական տարազներով։
«Մեգերյան կարպետ» ընկերության վաճառքի մենեջեր եւ զբոսավար Արամ Թադեւոսյանի տեղեկացմամբ` նոր եւ անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման ու մշակման աշխատանքներով, ինչպես նաեւ ձեռագործ գորգերի առք ու վաճառքով զբաղվող «Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թ. Նյու Յորքում։ Մեգերյանների գերդաստանի ավելի քան չորս սերունդ է զբաղվել այս գործով։ 2000-ին Մեգերյան ընտանիքի ջանքերով Հայաստանում թարմացվել եւ վերազինվել է նախկին «Հայգորգ» ընկերությանը պատկանող գործարանը, ՀՀ շրջաններում, Արցախում վերաբացվել են նախկին արտադրական մասնաճյուղերը։ Մեգերյանները Հայաստանում ընդարձակել են գորգերի արտադրությունը` օգտագործելով դիզայնի եւ ոճավորման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոռու եւ ժամանակակից այլ ոճավորումներ ու լուծումներ։ Արտադրված գորգերը պահպանում են հայկական գորգերի ավանդական ոճն ու դիզայնը։ Մեգերյան գորգերից կան Անգլիայի թագուհու պալատում, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շվեդիայի եւ այլ պետությունների նախագահական նստավայրերում, Սուրբ Ղազար կղզու եկեղեցու խորանում։ Գործարանում 2014-ին բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվող ամենահին գորգը թվագրված է 17-րդ դարի։ Այստեղ ցուցադրված են նաեւ Մեգերյան տոհմի՝ 4 սերնդի լուսանկարներ։ Ա. Թադեւոսյանը տեղեկացրեց՝ թանգարանը կրում է գործարանի ներկայիս սեփականատեր Րաֆֆի Մեգերյանի ծնողներ Հովհաննես եւ Նոյեմի Մեգերյանների անունը։ Ներկայացրեց ցուցադրվող մոտ 170 տարեկան մի գորգ, որը բաղկացած էր 2 մասից։ Պատմեց, որ Մեծ եղեռնի օրերին հայ մայրերից մեկը իր 2 աղջիկների հետ բռնել էր գաղթի ճանապարհը, ունեցած «Վահանագորգ»-ը կիսում է եւ յուրաքանչյուրի մեջքին կապում կտորները՝ ասելով. «Գորգը ձեզ կպաշտպանի, իսկ եթե իրար կորցնեք, այդ կտորներով կգտնեք»։ Գաղթի ճանապարհին իրար կորցնում են քույրերը եւ 52 տարի անց նույն գորգի կտորների միջոցով գտնում են։ Տխուր ու հուզիչ պատմություն է, բայց հայաստեղծ գորգի էություն։
Այս թանգարանում ցուցադրված է նաեւ հայ ամենահին` «Պազրիկ» կոչվող գորգի (պահպանվում է Էրմիտաժում) լուսանկարը։ Ք. ա. 5-րդ դարի այս գորգի հայկական լինելը փաստվում է՝ գործված է 2 հանգույցով, որը միայն հայկական է, ներկված է Որդան կարմիրով, իսկ զարդանախշերը կրկնում են Ուրարտու թագավորության պալատների նկարները։ Այս գորգը գործարանում կրկնօրինակվել է 2 գույնով՝ կարմիր ու կապույտ, բայց քիչ քանակով։ Ամենահին` «Վասպուրական» անվամբ գորգը, որ ցուցադրված է թանգարանում, ունի 400 տարվա պատմություն։ Որոշ մասեր վերականգնվել են խորհրդային տարիներին, սակայն հիմնական նախշազարդերը պահպանվել են։ 19-րդ դարի երկրորդ կեսին Արցախում գործված «Նշանախշով» գորգը բավականին լավ է պահպանված, ունի 104-205 սմ չափեր։ Այն խորհրդանշել է նոր կյանքի սկիզբ եւ հիմնականում տրվել է որպես օժիտ։ Մեկ այլ գորգ, որ կոչվում է «Ռուստամ եւ Զոհրաբ», ստեղծվել է 20-րդ դարի սկզբին Շուշիում՝ ինչ-որ պարսիկ խանի կողմից։ Գորգի նախշազարդերը (խաչեր) հուշում են հեղինակի հայ լինելը։
Նոր արտադրած գորգերը նույնպես ձեռագործ են՝ արվեստի նմուշներ։ Թանգարանի պատին փակցված Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բացառիկ գորգի կրկնօրինակները նվիրել են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Հռոմի պապին, «Ավրորա»-ի մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին, այլոց։ Նոր գորգերից կա տեսակ, որի դիրքը փոխելիս փոխվում են նաեւ գույնն ու երանգը։ Հին գորգերի ամենամեծ քանակը Մեգերյանները պահում են Նյու Յորքում, ցուցասրահներ ունեն նաեւ Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում եւ Գերմանիայում։