2022 թ. հունվարի 1-ից խմելու ջուրը թանկացավ։ 2023 թ. հունվարի 1-ից նույնպես կարող է թանկանալ։ Դժվարին սոցիալական պայմաններում գտնվող մեր երկրում, որտեղ հանրության լայն խավերի համար ամեն դրամը հաշվարկ է, սա լրացուցիչ դժվարություններ կստեղծի։ Նմանատիպ այն տեսակետները, թե մի քանի հարյուր դրամը ոչինչ չի փոխի, մեղմ ասած, տեղին չեն, քանզի ոչ մի թանկացում առանձին իր տիրույթում չի մնում. յուրաքանչյուր թանկացման հետեւում են շղթայական այլ թանկացումներ։ Սա, իհարկե, օրինաչափ է որոշ առումով, բայց մխիթարանք չէ թանկացման բեռը կրողների համար։
Ինչպես գիտեն, նախորդ տարի հենց տարեսկզբի առաջին օրը բարձրացավ խմելու ջրի սակագինը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: Ըստ այդմ` 2022 թ. սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը մնաց անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար դարձավ 200 դրամ: Դեռ 2021 թ. «Վեոլիա ջուրը» դիմել էր ՀԾԿՀ-ին ՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. այդ ժամանակ գործող 180 դրամի փոխարեն առաջարկվում էր 1 խմ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։
Հիմա «Վեոլիա ջուրն» առաջարկում է ջուրը թանկացնել 8-9 դրամով։ Այս մասին դեռ այս տարվա օգոստոսին տեղեկացրել էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը եւ ներկայացրել հաշվարկներ։ Հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում այս հարցը՝ ՀԾԿՀ որոշման նախագիծը ներառված է։ Ըստ այդմ, ՀԾԿՀ առաջարկի համաձայն՝ հունվարի 1-ից 1 խմ ջրի սակագինը կարող է սահմանվել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։
Ինչ վերաբերում է «Վեոլիա ջրի» առաջարկին, ապա այն հետեւյալն է. խմելու ջրի սակագինը սահմանել 209 դրամ՝ բոլոր խմբերի համար։ Սակայն երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվարկներ է արել, որոշել է, որ անապահովների համար սակագինն անփոփոխ կմնա, այսինքն՝ դարձյալ 180 դրամ։ Իսկ մյուս սպառողների համար խմ-ն կդառնա 208.42 դրամ։
Երեկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում նույնպես հաստատեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը եւ մինչեւ նոյեմբերի վերջ կայանալիք նիստում որոշում կկայացնի։ Բայց ըստ ՏԿԵ նախարարության` «անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն՝ մինչեւ 2024 թ. խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»։
Դատելով այս ամենից՝ եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում հաստատվի հաջորդ տարեսկզբից ջրի թանկացման հանգամանքը, ապա սպառողին դա չի վերաբերի` սուբսիդավորմամբ պայմանավորված։
Այստեղ, սակայն, մեկ այլ հարց կա, որին անհրաժեշտ է անդրադառնալ։ Ընդհանրապես` սակագնային թանկացումները, որոնք սոցիալապես անապահովների համար անփոփոխ են մնում, իսկ ապահովների վրա չեն էլ ծանրանում, կանգնում են հենց այս երկու խավերի արանքում գտնվողների կողքին։ Պայմանական այս շերտին կարող ենք կոչել միջին խավ, բայց իրականում այն միջին խավ համարվել չի կարող, քանզի նվազագույն ծախսերը հոգալով՝ այնուամենայնիվ, եկամուտ չունի եւ լրացուցիչ յուրաքանչյուր, բայց անհրաժեշտ ծախս բեռ է նրա համար։ Խոսքը, օրինակ, ոչ թե հանգստի, այլ բժշկական անհետաձգելի ծախսի մասին է։ Եվ յուրաքանչյուր թանկացում ու դրա շղթան պայմանական այս միջին խավին տանում է ոչ թե ապահով, այլ անապահով խավի ուղղությամբ։ Հիմա թվում է, թե այս խնդիրը չի ծագի, քանզի հերթական թանկացումը սուբսիդավորվելու է։ Բայց չէ՞ որ սա էլ պետբյուջեի հաշվին է։ Մի գանձարանի, որ լիքը չէ պետության առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերները լուծելու համար։
Հետեւաբար, գուցե պետությունը ծառայություններ մատուցող ընկերությունների հանդեպ վերահսկողության մեխանիզմնե՞րը փոխի՝ ամենայն մանրամասնությամբ ստուգելով ընկերությունների՝ սակագնային բարձրացումների հայտերի հիմքերը, ընկերությունների գործունեությունը եւ ստուգի ոչ թե փաստաթղթային հիմքերից ելնելով, այլ՝ իրականում։ Այս դեպքում գուցե բոլորովին այլ պատկեր ի հայտ գա, եւ իրավիճակը շտկող այլ լուծումներ առաջարկվեն, որոնք ոչ սպառողին կառնչվեն եւ ոչ էլ պետությանը։ Այլապես ամեն տարի սակագնային բարձրացումների հայտերի հիմքեր ընկերությունների համար միշտ էլ կգտնվեն։