Բազմաբնակարան շենքերի սեփականատերերից պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով հավաքագրելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն: Քաղաքաշինության կոմիտեի տեղեկացմամբ, Ազգային ժողովի կողմից ընդունվել է եւ նոյեմբերի 24-ից ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը:
Այսպիսով՝ բազմաբնակարան յուրաքանչյուր շենքի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում շենքի կառավարման մարմնի նկատմամբ կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ արարքի՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում կրկնվելու դեպքում կնշանակվի տուգանք յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Վարչական պատասխանատվության նախատեսումը նպատակ ունի բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաեւ պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը:
Ի դեպ, սեփականատերերի կողմից վճարներն անկանխիկ եղանակով կատարելու եւ այդ նպատակով բանկային առանձին հաշվի բացման հետ կապված դրույթներն ամրագրվել են դեռեւս 2020 թ. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով եւ լրացումներով: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն՝ այս դեպքերով տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները: