Երեւանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովը միանշանակ պետք է դիտարկվի Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: Այն պարտադրվում է նաեւ Ադրբեջանի կողմից սահմաններին ինտենսիվացված սադրանքներով: Այդ փաստը ԱԳ նախարարների խորհրդի նիստում շեշտեց նաեւ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ հանդիպումները Հայաստանի համար կարեւոր են այնքանով, որ առաջինն են` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Նա նաեւ տեղեկացրեց, որ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների օրակարգում կա մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Հատկանշական է, որ գագաթնաժողովին շտապեց մասնակցել նաեւ Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որի ընտրությունների արդյունքները գործող կանոնակարգերով դեռ հաստատված չէին, ինչը խոսում է 80 տոկոսից ավելի ձայներով ընտրված Ղազախստանի առաջնորդի՝ այս ռազմաքաղաքական ձեւաչափի համագործակցության կարեւորման մասին: Նրա այս քայլին անդրադարձը պայմանավորված է նաեւ նրանով, որ միջազգային մամուլում մինչ այդ տեղեկատվություն էր շրջանառվում, թե Ղազախստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Նման ներկայացուցչական մեծ կազմը Հայաստանում օրինաչափորեն իր արձագանքն առաջացրեց նաեւ քաղաքացիական հասարակության շրջանում: Հնչեցին նաեւ ՀԱՊԿ-ի գործողություններից դժգոհության ձայներ, ինչը լիովին օրինաչափ է ժողովրդավարական ցանկացած երկրում, որտեղ գործում է հիմնական չափանիշը՝ բազմակարծությունը: Թերեւս, Հայաստանի համար առաջնայինն այն էր, որ գագաթնաժողովի շրջանակներում համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների համատեղ նիստերի ժամանակ հայտարարեց. «Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության եւ մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ համաձայնության հասնելու, սահմանների իրավական ձեւակերպման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին։ Տեղեկատվությունը, որը մեզ է հասնում ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով, հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի համար այդ սպառնալիքների հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ երեք արտահերթ նստաշրջանների ժամանակ՝ մայիսին, սեպտեմբերին եւ հոկտեմբերին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների եւ առաջարկությունների հիման վրա Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱԽ որոշման նախագիծը»։
Ադրբեջանի հետ սահմանին ներկայիս աննախադեպ լարված իրավիճակում ՀԱՊԿ-ի համապատասխան որոշման կայացումն առանցքային նշանակության հարց է: Այն կարեւոր է առաջին հերթին ադրբեջանական ագրեսիային այս դաշինքի կողմից քաղաքական գնահատական տալու առումով: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵՄ-ն արդեն Հայաստան է ուղարկել դիտորդական առաքելություն՝ կարելի է ակնկալել, որ ՀԱՊԿ-ի աջակցությունը դիտորդական առաքելությունից զատ պարունակում է նաեւ իրավիճակի կայունացման գործուն մեխանիզմներ: Այն պարտադրված է նաեւ այն իրողությամբ, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքով փաստեց, որ չի խորշում նաեւ ԵՄ դիտորդների ներկայությամբ ամենօրյա ռեժիմով սադրանքներ իրականացնել Հայաստանի եւ Արցախի սահմաններին: Դժվար է հավատալ, որ Բաքուն կփոխեր իր վարքը, եթե դիտորդական առաքելություն իրականացներ ՀԱՊԿ առաքելությունը, հետեւաբար՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար հստակ գործիքակազմ պետք է կիրառել, որի հանձնառությունն ունի ՀԱՊԿ-ն: