Հիմնանորոգման եւ վերակառուցման նպատակով փականքի տակ գտնվող Ստեփանակերտի պետական թատրոնի հին շենքը վաղուց իր հարկի տակ չէր հյուրընկալել մայրաքաղաքի մեծաթիվ արվեստասերների ներկայացուցիչներին, ինչպես օրերս «Հիշողության ուժը» ցուցահանդեսի բացման առիթով էր, որը նվիրված է 44-օրյա պատերազմի տարելիցին:
Ճեմասրահում ցուցադրվող 100-ից ավելի նկարներն այցելուներին հիշողություններով տեղափոխում են Արցախի հեռավոր եւ մոտիկ բնակավայրեր, որտեղ մեր պատմամշակութային հուշարձաններն են, եկեղեցիներն ու վանքերը, հարուստ պատմություններով հնավայրերը, լեռներն ու կուսական անտառները, մշտակարկաչ գետերն ու աղբյուրները, որոնց մի զգալի մասը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետեւանքով «օտարվեց» ու հիմա հակառակորդի վերահսկողության տակ է: Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ հայրենիքի մի հատվածը բռնազավթված է, եւ հեռուներում են մնացել անփոխարինելի այդ արժեքները: Այդ ցավը, անդառնալի կորուստը յուրովի է ընկալել «Հիշողության դաշտը» ցուցահանդեսի հեղինակ Սեւակ Ասրյանը, որին հաջողվել է «ՌեԱրմենիա» հարթակի հետ իրագործել վաղուց նախագծած իր ծրագիրը՝ հույս ունենալով, որ ներկայացվող նկարները մշտարթուն կպահեն մարդկանց ոչ վաղ անցյալի հիշողությունները եւ մի օր կվերադառնան ժամանակավորապես կորսված իրենց օջախները: «Կվերադառնան, եւ, նորոգելով իրենց բույնը, կշենացնեն հինավուրց բնակավայրերը, շունչ ու հոգի կհաղորդեն վիրավոր եւ խոցված Դիզակին, Ավետարանոցին, հայոց բերդաքաղաք Շուշիին,- ասում է նա:- Ես հավատում եմ, որ «նորից գարուն կգա, եւ կբացվի վարդը»»…
Սեւակ Ասրյանի հավաստմամբ՝ ձեռքի տակ ունեցած արխիվը շատ հարուստ է, եւ ցուցահանդեսի համար սկզբնական շրջանում շուրջ 500 աշխատանք էր ընտրել: Հետագայում վերանայել եւ նվազեցրել է թվաքանակը՝ հասցնելով 200-ի: Վերջնական տարբերակում ընդգրկել է 120 նկար եւ, հանձնելով կազմակերպիչներին, ասել է. «Այլեւս չեմ կարողանում նախապատվությունն այս կամ այն նկարին տալ, եւ խնդրում եմ ինքներդ ընտրություն կատարեք»:
17 տարին չէր լրացել, երբ Սեւակը շատերի պես կամավորագրվեց ինքնապաշտպանական ուժերին: Հակաօդային պաշտպանության գումարտակում էր ծառայում: Հաճախ էր իր հետ լուսանկարչական ապարատը դիրքեր տանում եւ ռազմագործողությունների ժամանակ «մեկ-մեկ ուշագրավ դրվագներ որսում»: Նա խոստովանում է, որ այն ժամանակ լրջորեն չէր վերաբերվում այդ գործին եւ պատերազմից հետո հետաքրքրությունների մեկ այլ աշխարհ ուներ: Հետագայում, վերանայելով «պատերազմական արխիվը», դրանց մի մասը վերակենդանացրել է եւ խնամքով հարստացրել «պահոցը»: Մի օր էլ նոր ֆոտոխցիկ ձեռք բերեց եւ նետվելով բնության գիրկը՝ սիրահարի պես շրջեց բնակավայրից բնակավայր, փորձեց ընկալել Արցախի գտածոներն ու հրաշալիքները եւ հավերժացնել առավել արժեքավորները: Ընդ որում՝ որոշեց արված նկարները ներկայացնել բացառապես գունավոր, «որպեսզի մարդիկ հուզվելու, տխրելու պահին անգամ լուսավոր հիշողություններ ունենան»…
Շատ է սիրում հնավայրեր այցելել եւ բնաշխարհի գույները «գաղտնազերծել»: Միաժամանակ խոր ափսոսանք է ապրում, որ չի կարողանում առաջվա պես այցելել Գտչավանք կամ Վանքասար, բարձունքից դիտել եւ հմայլվել Դիզակի հեքիաթային գեղեցկությամբ, հին վանքերով: Ասում է, որ «Երբեք մտքով չէր անցնի, թե Շուշիի «Կանաչ ժամը», Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն եւ բարբարոսաբար կհոշոտվեն, կպղծվեն: «Ժամանակին արված այդ լուսանկարներն այսօր անչափ թանկ են ինձ համար եւ ցավի հետ, հոգեւոր բավարարվածության զգացում եմ ապրում: Մի քանի անգամ եմ բարձրացել Կատարոյի գագաթը, անքուն մնացել ամբողջ կեսգիշեր, երբեմն անձրեւի տակ սպասել, որպեսզի լուսաբացը նկարեմ մի քանի տարբերակով: Լավ է, գոնե, որ դրանք հիմա պահպանվում են, չնայած ամեն անգամ հիշելուց՝ սիրտս մղկտում է կորստի ցավից»:
Այս ամենով հանդերձ՝ ցուցահանդեսի հեղինակը լավատես է մնում: Նա հավատում է, որ հակամարտությանն արդար լուծում կտրվի, եւ միջազգային հարթակներում կհարգվի Արցախի ինքնորոշման իրավունքը, դարավոր հողի վրա սեփական ժողովրդի ապրելու եւ արարելու իրավունքը: