Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը հրաժարվեց ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ այն «հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին»։ «Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս. թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չկայացնելը կարող են նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից «կանաչ լույս» Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»,- ասել է Փաշինյանը։ Հայկական կողմն ակնկալում էր առավել հստակ ձեւակերպված քաղաքական գնահատական Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ։ «Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայնդեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- նշել է ՀՀ վարչապետը։
Ի վերջո, ի՞նչն է կաշկանդում ռազմաքաղաքական կառույցի մեր գործընկերներին, որ նախընտրում են խուսափողական, «մեղմ» գնահատականներ հնչեցնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսայի վերաբերյալ։ Մի կողմ թողնելով որոշ երկրների պրոթուրանական կողմնորոշումը, նշենք, որ ներկա համաշխարհային վերափոխումների համատեքստում առաջնային են դարձել առեւտրատնտեսական եւ էներգետիկ խնդիրները։
«KazMunayGas» ընկերության տնտեսագիտության եւ ֆինանսների գծով խորհրդի նախագահի տեղակալ Դաուրեն Կարաբաեւը նոյեմբերի 22-ին ասել էր, որ Ղազախստանն աշխատանքներ է տանում գտնելու համար այն ընկերությունը, որը 2023-ից կիրականացնի իր նավթի փոխադրումն Ադրբեջանի տարածքով։ Միաժամանակ «KazMunayGas»-ը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հինգ տարի ժամկետով պայմանագիր են ստորագրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1.5 մլն տոննա նավթի փոխադրման մասին։ Ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հայտնել էր, որ դիտարկվում է ադրբեջանական ուղղությամբ ռազմավարական էներգակիրների արտահանման ծավալը հասցնել 6-6.5 մլն տոննայի։ Այդպիսով, Ղազախստանը մտադիր է Կասպյան խողովակաշարը շրջանցող այլընտրանքային ճանապարհ ունենալ։
«SOCAR»-ի հետ հարաբերություններն է զարգացնում նաեւ «Գազպրոմը»։ Նախօրեին «Գազպրոմ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆը աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ժամանակ կողմերը քննարկել են ընկերությունների միջեւ «փոխգործակցության ընթացիկ եւ հեռանկարային հարցերը»։ Նշենք, որ նոյեմբերի 15-ին նոր համաձայնագրով սկսվել են ռուսական գազի մատակարարումները Ադրբեջան, որի ծավալը կկազմի 1 մլրդ խմ։ Դրանք կիրականացվեն մինչեւ 2023 թ. մարտը։ Ներկա խառնակ ժամանակաշրջանում Ադրբեջանն օգտագործում է իր լոգիստիկ եւ մյուս հնարավորությունները՝ վերածելով դրանք քաղաքական շահաբաժինների։ Ռուսաստանի ու Ադրբեջանի էներգետիկ եւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության հարցերը քննարկվել են ամենաբարձր մակարդակներում, մասնավորապես՝ ռուս-ադրբեջանական 11-րդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում Բաքու այցելած ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ Ալիեւի, ինչպես նաեւ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցի ժամանակ։
Այս տարվա ընթացքում Ադրբեջանը հայտնեց 11 տոկոսով դեպի Եվրոպա գազի մատակարարումներն ավելացնելու մասին։ Սակայն որքան էլ հայտարարի, թե սեփական գազի պաշարները բավարար են առաջիկա 100 տարվա կտրվածքով օգտագործելու համար, հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող բավարարել եվրոպացի սպառողների կարիքները, եւ «կողմնակի աղբյուրներ» են պետք։ Այս ամառ Բաքու այցելած Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ 5 տարիների ընթացքում ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելու մասին փաստաթղթի ստորագրումից անմիջապես առաջ գրառում էր կատարել «Թվիթերում»՝ նշելով, թե ԵՄ-ն այժմ «դիմում է էներգակիրների ավելի հուսալի մատակարարներին» եւ Ադրբեջանին անվանել էր «առանցքային գործընկեր»:
Ռուսական գազից հրաժարվող Եվրոպան այլընտրանք է փնտրում, սակայն կարծես թե չի խուսափում ստանալ այն միջնորդավորված։ Նման մեխանիզմի պարագայում բոլորը գոհ են, բոլորի «դեմքը փրկված» է, Ալիեւն այդ ամենի օգնությամբ կարողանում է ամրապնդել իր իշխանությունը, բայց քաղաքական-տնտեսական հետաքրքրությունների ծանրության տակ է մնում հայկական շահը։