Նոյեմբերի 23-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական հակամարտության հետագա սրման ֆոնին. ՀՀ Պն-ն վերջին օրերին տեղեկացնում է, որ հակառակորդը վերսկսել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀԱՊԿ-ն իր գործողություններով այնքան է արժեզրկել կազմակերպության կանոնադրությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողովի նախօրեին հայտարարել էր, թե այդ դաշինքի կողմից իրենց ոչինչ չի սպառնում, քանի որ Բաքուն ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Երեւանը: Այս հայտարարությունը հետաքրքիր քննարկումների նյութ դարձավ սոցիալական ցանցերում: Որոշ հայ օգտատերեր անգամ սրամտում էին, որ Ալիեւը ճիշտ չի արտահայտվել. Հայաստանը ՀԱՊԿ-ում ընդհանրապես ընկերներ չունի:
Հայկական կողմի՝ ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցրած քննադատությունը, իհարկե, լուրջ հիմքեր ունի. այդ կառույցն անընդհատ պատճառներ է գտնում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հեռանալու համար: Եվ դա անում է ընդգծված համառությամբ: ՀԱՊԿ-ի անդամը ոչ միայն օգնություն չի ստանում իր դաշնակիցներից, այլեւ նրան միշտ հասկացնում են, որ նման բան չի լինելու: Բանը հասավ այնտեղ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անսխալական բրիգադիրի կեցվածքով հայտարարեց, թե դաշինքում ոչ ոք մտադիր չէ Հայաստանի պատճառով փչացնել հարաբերությունները Բաքվի հետ, եւ Երեւանը ցանկացած գնով պետք է պայմանավորվի Ադրբեջանի հետ, «այլապես նրա համար ավելի վատ կլինի»:
Ուշագրավ մեկ փաստ. ռուսական քարոզչության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ հայ ունկնդրին հայտնի Վլադիմիր Սոլովյովը, մի առիթով եթերում զարմանք է հայտնել, թե որտեղ է ՀԱՊԿ-ն, երբ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում, ինչու օգնության չի գալիս: Նրա հյուրերից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը, հեգնել է, թե ՀԱՊԿ-ի անդամները պատճառ կգտնեն՝ չկատարելու պայմանագրային պարտավորությունները, «կասեն, թե երբ ստեղծվում էր կազմակերպությունը, այդ տարածքները Ռուսաստանի կազմի մեջ չէին մտնում»: «Այդ տարածքներ» ասելով՝ նա նկատի ուներ Ուկրաինայից գրաված շրջանները:
Ինչպես ասում են, երբեմն մարդիկ իրենց արտահայտություններով բացահայտում են սեփական քաղաքականության էությունը: Հայաստանի վրա Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առիթով մեր երկիրը պաշտոնապես դիմել է ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ Ռուսաստանին, որի հետ առանձին պայմանագիր ունի: Մենք այդպես էլ չստացանք այն հարցի պատասխանը, թե որտեղ են ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, ուստի Սոլովյովին խորհուրդ կտանք չզբաղվել կազմակերպության որոնման ծանր ու անպտուղ աշխատանքներով: Իսկ Հայաստանում անցանկալի մարդ համարվող Մարգարիտա Սիմոնյանին խորհուրդ կտանք հիշել, որ պատճառներ փնտրելու կարիք չի զգացվում. ՀԱՊԿ-ի կանոնադրությունը չի նախատեսում անդամ պետությանը օգնել այն դեպքում, երբ նա է նախահարձակ եղել՝ ներխուժելով հարեւան պետության տարածք:
Ի դեպ, Ադրբեջանի հարձակմանը ենթարկված Հայաստանը շատ բան չէր ուզում ՀԱՊԿ-ից: Ինչպես բացատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դաշինքի անդամները պարտավոր են ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Բաքվի վրա՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Եթե դա չստացվի, ապա ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնության «ճանապարհային քարտեզ» պետք է ստեղծի՝ ընդհուպ մինչեւ հայկական տարածքների ազատագրման ուժային տարբերակը:
Երեւանում կայացած գագաթնաժողովը պետք է պատասխան տար այս կարեւոր հարցերին: Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախապես նույնիսկ հայտարարել էր, թե դաշինքի անդամներին, ընդհանուր առմամբ, հաջողվել է համաձայնեցնել Հայաստանին օգնության միջոցառումները: Զասը մանրամասներին չէր անդրադարձել, միայն հաստատել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է: Սակայն նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցը գագաթնաժողովում առանձին կքննարկվի. «Դա քննարկման թեմա կդառնա եւ նախարարների, եւ պետությունների ղեկավարների մակարդակներով: Որոշակի մշակումներ կան, եւ հայտարարություն կարվի»:
Իհարկե, քննարկումների, որոշ հարցերում պարզաբանումների անհրաժեշտություն կար: Երեւան գալուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նրա հետ ինչ-ինչ հարցեր քննարկել, իսկ գագաթնաժողովի նախօրեին ադրբեջանական իշխանությանը ենթակա լրատվամիջոցներից մեկում հայտարարվել է «Լեռնային Ղարաբաղում հերթական հատուկ գործողության մասին»՝ «Ո՞վ՝ Ադրբեջանը, թե Ռուսաստանը պետք է զինաթափի Ղարաբաղում անօրինական զինված խմբավորումները» վերնագրով: Այդ հրապարակման մեջ նշվել էր, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իբր, հայկական ստորաբաժանումները գործում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այս կեղծ տեղեկությանը հաջորդել է մտացածին եզրահանգումը, թե դա նշանակում է, որ ռուս խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող տարածքներում հատուկ գործողությունն անխուսափելի է:
Այսպիսի պայմաններում Երեւանը, բնականաբար, պետք է ճշտի ՀԱՊԿ-ի դիրքորոշումը: Որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել հայտարարությունը, վկայում է այն մասին, որ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում, լիովին ընկալված են, եւ հայտարարությունը չի բավարարում հայկական կողմի սպասելիքները: Հետո հատկապես ռուսական եւ բելառուսական որոշակի շրջանակներ փորձեցին հարցը այնպես ներկայացնել, թե պարզապես լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն կա, որից հետո փաստաթուղթը կներկայացվի պետությունների ղեկավարների հաստատմանը…
Հայաստանում այժմ գրեթե ամենուր կոչեր են հնչում դուրս գալ կազմակերպությունից, որովհետեւ այն անօգուտ կառույց է: Ոմանք էլ պնդում են, որ դաշինքից դուրս գալը ճիշտ քայլ չէ, եւ եթե Հայաստանի սպասելիքները չեն արդարանում, պետք է շարունակել մնալ կազմակերպությունում եւ ցանկացած հարցում, որը չի վերաբերում ՀՀ-ի շահերին, որդեգրել պասիվ դիրքորոշում՝ դա բացատրելով Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում առաջացած բարդ իրավիճակով: Անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրվի, այն պետք է համապատասխանի միայն Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին:
Զարմացնում է այն համառությունը, որով Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն անընդհատ փորձում են խուսափել հայկական շահերի վերաբերյալ գնահատականների հնչեցումից, չնայած որ կառույցն արձանագրել է՝ Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ-ի ինքնիշխան անդամի՝ Հայաստանի տարածք: Այսօր չի ստացվում սեփական պատկերացումները պարտադրել, դա լուծելու եւ Հայաստանի դիտարկումները լսելու փոխարեն մեկ այլ տեսանկյուն են որդեգրում, մյուս անգամ՝ էլի նույնը: Ու միշտ գործում են հայկական շահերը շրջանցելու ձգտումով: Հիմա էլ ՀՀ-ն չստորագրեց հայտարարությունը: Ու էլի «լրացուցիչ աշխատանքի» անհրաժեշտություն առաջացավ այնտեղ, որտեղ անորոշության պահպանումը ոչ թե ելք է, այլ ինքնասպանություն: Ժամանակը սուղ է, եւ Հայաստանը պետք է շտապի եզրակացությունների հարցում:
Հաջորդ խնդիրը, որին բախվում ենք, հետեւյալն է. թվում է՝ ՌԴ-ն ձգտում էր միանալ Իրան-Հայաստան-Հնդկաստան ձեւավորվող դաշինքին. այս շղթայում Երեւանը կարեւորագույն օղակ է: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում նույնիսկ տեսակետներ են հնչել, որ Մոսկվա-Բաքու-Անկարա շղթան ուտոպիական է եւ ոչինչ չի կարող տալ Ռուսաստանին, խնդիրներից բացի: Սակայն Հայաստանի հարցում մոսկովյան դիրքորոշումը ակնհայտորեն ցուցադրում է, թե որտեղ է նա իրեն պատկերացնում:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան, հանուն ինչ-ինչ էներգետիկ շահերի, կհակադրվի ինչպես Իրանին, այնպես էլ Հնդկաստանին…