2016 թ. գարնանը, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ, ակնհայտ դարձավ, որ թշնամու կողմից ռազմական գործողություններն ուղեկցվում են ոչ միայն Բաքվի դաշնակիցների առաջատար զինատեսակների կիրառմամբ, այլեւ ռուսական տեղեկատվական դաշտի ակտիվ աջակցությամբ: Դեռեւս մինչեւ այն պահը, երբ սկսեցին «խոսել թնդանոթները», ռուսական լրատվամիջոցները նախապատրաստական ակտիվ աշխատանքներ իրականացրին՝ հարձակվելով հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Գարեգին Նժդեհի ու նրա գաղափարախոսության վրա: Կեղծելով իրականությունն ու մեծանուն հային մեղադրելով ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության մեջ՝ ռուսական կողմը փաստացի փորձեց խեղել պատմական փաստերը՝ ձգտելով կոտրել հայ ժողովրդի պայքարի ու դիմադրության ոգին, ավելին՝ տեղեկատվական այդ պատերազմում գերազանցեց անգամ թշնամական Ադրբեջանին: Նույն պատկերն էր նաեւ 2020 թ.: Պարզ դարձավ, որ ռուսական տեղեկատվական դաշտը հայ ժողովրդի դեմ պատերազմի առաջնագծում է: Ռուսական քարոզչության հայտնի ներկայացուցիչներն իրար հերթ չէին տալիս կեղծիքների հորինման գործում, եւ այնպիսի տպավորություն էր, որ այդ դաշտը շնչում է միայն այն մոլուցքով, թե ով կարող է հնարել ամենամեծ սուտը, ամենամեծ կեղծիքը, ով կարող է ավելին ներդնել հայ ժողովրդի դեմ կիրառվող նոր ցեղասպանության մեջ:
Ճակատագրի հեգնանքով ռուսական քարոզչության կարկառուն ներկայացուցիչների շարքում մեծ թիվ են կազմում ազգությամբ հայերը, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քյոսայանը, Սեմյոն Բաղդասարովը, Անդրանիկ Միհրանյանը, Սերգեյ Կուրղինյանը, Գեւորգ Միրզայանը, Կարեն Շահնազարովը եւ ուրիշ շատերը: Հարկ չկա մանրամասն նշել, թե ովքեր են նրանք, որտեղ են աշխատում եւ, ընդհանրապես, ինչ են իրենցից ներկայացնում: Դա կարեւոր չէ: Պարզապես շեշտենք, որ նրանք ռուսական թոք-շոուների մշտական հյուրերն են եւ ունեն հատուկ առաքելություն՝ օգնել ռուսական տեղեկատվական կեղծ սցենարների տարածմանը, այդ թվում՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ:
Արդեն երկար ժամանակ ռուսաստանյան հանրությանն ապակողմնորոշելու նպատակով այդ երկրում տարածվում է բոլոր ուղղություններում ռուսական իշխանությունների անսխալականության գաղափարը: «ՀՀ»-ն բազմիցս անդրադարձել է այն կեղծ թեզերի հերքմանը, որոնց նպատակն էր արդարացնել դաշնակից Հայաստանի նկատմամբ Մոսկվայի, մեղծ ասած, ոչ դաշնակցային վերաբերմունքը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը՝ ի հաշիվ Երեւանի հետաքրքրությունների: Զարմանալի է, որ, ի պատասխան այդ գործողությունների, ռուսական տեղեկատվական դաշտում ոչ մի հրապարակում չեղավ, ոչ մի հայտարարություն չարվեց պատմական փաստերի կեղծման դեմ: Ոչ մի օբյեկտիվ տեղեկատվություն չմատուցվեց նույնիսկ մինչեւ այն պահը, երբ ռուսներն ու ադրբեջանցիները պայմանագիր ստորագրեցին իրենց երկրներում տեղեկատվական անվտանգության ապահովման մասին, ինչը գործնականում կասեցրեց նաեւ օբյեկտիվ տեղեկատվության մատուցման ցանկացած հնարավորություն:
Սակայն ինչպիսին էլ որ լինի քարոզչությունը, ինչպիսի նպատակներ էլ որ հետապնդի, որքան էլ տեղեկատվական դաշտը ստոր, նենգ ու դաժան լինի, չի կարող հենվել կեղծ փաստերի վրա: Եզրակացությունները պետք է արվեն միայն ճշմարիտ փաստերի, դեպքերի ու իրադարձությունների հիմքի վրա, անկախ նրանից, թե դրանք որքանով են հաճելի կամ տհաճ այս կամ այն կողմի համար: Իսկ փաստերի նենգափոխումը հանցագործություն է, որը պետք է ենթարկվի պատասխանատվության: Այս մասին ոչինչ չասացին նաեւ նրանք, ովքեր հայի արյունն ու գենն են կրում, ոչ մի հայց չներկայացվեց դատարան: Ռուսական տեղեկատվական դաշտի հայ քարոզիչներն զբաղված էին ու զբաղված են միայն ցուցադրությամբ, թե ով է ավելի շատ ռուս, ով՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Նրանց հանդեպ վերաբերմունքը Հայաստանում չափազանց բացասական է: Ազգանունից բացի, այդ քարոզիչներն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Նրանք փրփուրը բերաններին փորձում են հայ ժողովրդին համոզել, որ ՌԴ-ի վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ պայմանավորված է միայն Հայաստանի այժմյան իշխանություններով… Այն, որ մոսկովյան իշխանությունները փորձում են իշխանափոխություն կատարել մեր երկրում եւ այստեղ ձեւավորել նոր իշխանություն, որն առկա իրավիճակը հանրությանը կներկայացնի որպես անհուսալի ծանր ու կստորագրի մեզ պարտադրված ցանկացած փաստաթուղթ, պարզ է: Այդպես վարվել են բոլշեւիկյան իշխանությունները նախորդ դարասկզբին, ինչը գայթակղիչ է ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի համար: Ես ամենեւին հակված չեմ կարծելու, որ ռուսական քարոզչական մտքի հայ ներկայացուցիչները չեն հասկանում դա: Հիանալի հասկանում են, սակայն չեն անհանգստանում, որ իրադարձությունների նման ընթացքը կկործանի հայկական պետականությունը: Հայ հանրությունը գիտի, որ ժամանակակից աշխարհում առաջացող ծանր իրավիճակներում իշխանության փոփոխությունը կհանգեցնի պետականության կորստի, ուստի բացառիկ հանգստությամբ է ընդունում ոմանց՝ Հայաստանում անցանկալի անձ համարվելու մասին որոշումները: Նույնիսկ՝ ոգեւորությամբ, այն էլ՝ այն մարդկանց դեպքում, որոնք անցել են հայկական միջավայրում հայանպաստ գործիչ ընկալվելու գործընթացը եւ պատրաստ էին հաջորդ՝ ամենեւին էլ ոչ հայանպաստ փուլերի իրականացմանը:
Հայ քարոզիչները, ձայնակցելով Վլադիմիր Սոլովյովին, զարմանում են, թե ինչու ՀԱՊԿ-ն չի օգնում Ռուսաստանին Ուկրաինայում: Սա առայժմ տեղեկատվական տիրույթ նետված հետախուզական միտք է, որի նպատակն է պարզել, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներում ինչպիսին է վերաբերմունքն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ռազմական գործողությունների նկատմամբ: Սակայն նման հարցի հնչեցումն իսկ անմտություն է այն ֆոնին, ինչ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն արեցին Հայաստանի դեպքում: Սեփական պարտավորությունները հարգող ցանկացած կազմակերպություն միանգամայն այլ դիրքորոշում կորդեգրեր: Ոմանք հասկանում են դա, ուստի պարտավորությունների չկատարման համար հորինված փաստարկները հնչեցնողի դերի համար նախապատրաստել են հատուկ փոստատարների, ովքեր «բրիգադիրային անվեհերությամբ» միշտ կանեն գործի կեղտոտ մասը:
Եվս մեկ փաստարկ. ուկրաինական իրադարձություններում Ռուսաստանը հարձակվող կողմ է, իսկ ՀԱՊԿ կանոնադրությունը ենթադրում է օգնություն միայն այն դեպքում, երբ հարձակվել են նրա անդամներից որեւէ մեկի վրա:
Հայաստանում հիանալի են հասկանում այն տարբերությունը, որը գոյություն ունի Ռուսաստանի ու Կրեմլի միջեւ, ուստի այդ երկրի պաշտոնական քաղաքականության համար պատասխանատու չեն համարում ռուս ժողովրդին: ՌԴ-ն իր քայլերով բացեց հայերիս աչքերը, եւ հիմա մենք գիտենք, թե ինչպիսի քաղաքականություն է նա վարում Հարավային Կովկասում: Մեր հանրության անգամ ամենառուսամետ հատվածում այլեւս չեն հավատում, որ եթե կրկին պատերազմ լինի, Մոսկվան մեզ կօգնի: Ռուսաստանը գործում է հանուն իր շահերի՝ հաճախ նաեւ իր դաշնակցի հետաքրքրությունների հաշվին: Այդպես պետք է վարվենք նաեւ մենք՝ առաջ մղելով մեր շահերը, ինչը ՀՀ վարչապետն արեց ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների երեւանյան գագաթնաժողովում:
Ռուսական շրջանակները փորձում են օգտագործել հայ քարոզիչներին՝ ՀՀ-ի ներքաղաքական զարգացումների վրա ազդելու նպատակով: Իրականությունն այն է, որ այդպիսի փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման եւ չափազանց բացասաբար են անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Օգտագործելով իրենց գենետիկ ծագումը՝ նրանք գործում են հայկական պետականության դեմ, հարվածում են աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիք Հայաստանին ու նրա պետական հետաքրքրություններին:
Փաստերի կեղծման մոլուցքը ՌԴ-ում այնտեղ է հասել, որ ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթնաժողովի նախօրեին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչեւն «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, ըստ իս, կազմակերպության իրավասության մեջ չի մտնում: ՀԱՊԿ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում դրա հանդեպ իր վերաբերմունքը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք ամենաանկեղծ կերպով աջակցում ենք կարգավորմանը: Մեր ջանքերը հավասարապես պահանջված են թե մեկ, թե մյուս կողմից: Այլ կերպ չէր էլ կարող լինել, իրավիճակը միայն այդ կերպ կարող է զարգանալ: Այս հակամարտությունում որեւէ կողմին աջակցությունը կնշանակի խորացնել այն: Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել եւ աջակցել դրան, որպեսզի այդպիսի կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»: Նրա խոսքով՝ Թուրքիան, օրինակ, սխալ է գործում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում պաշտպանելով կողմերից մեկի դիրքորոշումը:
Բայց չէ՞ որ Ադրբեջանը ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի անդամ չէ, կրկնում եմ՝ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ կառույցի: Չօգնելով իր դաշնակցին՝ կազմակերպությունը սոսկ փաստում է, որ անգործունյա է եւ, որպես այդպիսին, ոչ մեկին պետք չէ:
Ընդունելով իր քարոզիչների պարտությունը՝ Կրեմլը նորերին է մարտի նետում, ինչպիսին Կոսաչեւն է, որի գաղափարները հակամարտության կարգավորման մասին սոսկ կեղծիքի շարունակություն են: Նա հաստատ չի կարդացել ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, սակայն իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել՝ փայլելով յուրահատուկ անգիտությամբ: Նա չի խոսում պատերազմը սանձազերծողի դատապարտման մասին, չի գնահատում ստեղծված իրավիճակը, չի նշում, որ, ի հեճուկս իր իսկ կնքած բազմաթիվ պայմանագրերի, Ռուսաստանը հանդես է եկել որպես «այլեւս ոչ վստահելի դաշնակից»՝ աջակցելով միայն մի բանի՝ հայ ժողովրդի բազմահազար զավակների սպանությանը:
Հայկական «Սասունցի Դավիթ» էպոսն իսկապես ազգային իմաստության գագաթնակետ է: Բադինները, կոզբադինները, սուդինները, չարխադինները, մյուս փահլեւանները ոչինչ են Հայաստանի դեմ, խնդիրը մեզնից ծնվածներն են, ովքեր պաշտպանում են օտար, անգամ թշնամական շահերն ու հետաքրքրությունները, այդ թվում՝ սիմոնյանները, քյոսայանները, բաղդասարովները, միհրանյանները, կուրղինյանները, միրզայանները, շահնազարովները: Սասունցի Դավթի դեմ պատերազմի ելած Մսրա Մելիքը Դավթի եղբայրն էր՝ ծնված Մեծ Մհերից ու Իսմիլ խաթունից: Եվ Դավիթը սպանում է հայոց դեմ սուր հանած Մսրա Մելիքին: Դավթին նետով հարվածում է իր իսկ դուստրը՝ ծնված Չմշկիկ Սուլթանից: Հայ դյուցազնի գոռոցից ճաքում է աղջկա սիրտը, իսկ Չմշկիկ Սուլթանի նկատմամբ հաշվեհարդար է տեսնում Փոքր Մհերը… Դավթի որդին փակվել է Ագռավաքարում: Հիմա՝ այս իրական կյանքում, մենք կոփում ենք Դավթի սպանության վրեժը եւ սպասում, որ «Սասնա տան ճրագը» դուրս կգա Ագռավաքարից եւ այնպես կհարվածի թշնամական Խլաթին, որ այնտեղ մի կատու էլ չի մնա՝ ողբալու մարդասպան երկրի անհետացումը: