«Եթե մի ակնարկ նետենք հայրենի արվեստաբանության ականավոր դեմքերից դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի ստեղծագործական վաստակի վրա, կտեսնենք, որ նա, առանց իր անվան շուրջ աղմուկ ստեղծելու, գրել եւ հրատարակել է ուշագրավ եւ հայ մշակույթի համար մնայուն արժեք ներկայացնող մի շարք ուսումնասիրություններ եւ մենագրություններ, առանց որոնց հնարավոր չէ ուսումնասիրել հայ միջնադարյան արվեստը…»:
«Ազդակ», Լիբանան, 2001 թ.
Բեյրութում հրատարակվող պարբերականի էջերում գնահատանքի այս խոսքը 20 տարվա վաղեմություն ունի՝ ասված մեղվաջան արվեստաբանի 70-ամյակի առիթով: Ասել է թե, անցել է երկու տասնամյակ: Իսկ դա նշանակում է, որ այդ ընթացքում նրա անհանգիստ միտքը նոր ու մեծարժեք աշխատություններով է համալրել հայագիտական ու արվեստաբանական իր վաստակը եւ իր հունձքը չավարտածի աշխույժ հոգեվիճակով նշում է փառահեղ ինը տասնամյակը: Հոբելյան, որի առիթով էլ «Մատենադարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Արվեստի անխոնջ նվիրյալը» խորագրով՝ Հրավարդ Հակոբյանի կենսամատենագիտությունը ժողովածուն:
Ասենք, որ ակնածալից հարգանքով ու գնահատանքի ճշմարիտ, անկաշառ մետեցումով է կազմված ժողովածուն: Հայ արվեստաբանության նվիրյալի շուրջ 60-ամյա գիտաստեղծագործական գործունեությանն իրենց անդրադարձ-նախաբան խոսքում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Ղազարյանը եւ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը հանգամանալից ներկայացնում են ազգային մշակույթի անխոնջ մշակի անցած բեղմնավոր ուղին՝ ներառյալ նրա օրհնյալ ծնունդն ու ծննդավայրը, ուսումնառությունն ու աշխատանքային գործունեության սկիզբը հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում եւ, անշուշտ, ստեղծագործական անգերագնահատելի ժառանգության հանրագումարը՝ «Վասպուրականի մանրանկարչության դպրոցի սկզբնավորումը եւ Աղթամարի 14-15-րդ դարերի նկարիչները», «Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը 13-14-րդ դարերում», «Արցախի միջնադարյան արվեստը»՝ եռալեզու գրքերը, «Հայոց տերունական սրբապատկերները» գիտաուսումնական աշխատությունը, «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքները 17-18-րդ դարերում» ( համահեղինակ՝ Ավո Հովհաննիսյան), «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն», «Հայկական մանրանկարչություն. սկզբնավորումն ու զարգացման ընթացքը» (երկուսն էլ համահեղինակությամբ Վիգեն Ղազարյանի), «Հայ արվեստի պատմություն» (համահեղինակներ՝ Արարատ Աղասյան, Հրավարդ Հակոբյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան), «Հայ արվեստի աշխարհում», «Համաշխարհային եւ հայ արվեստի պատմության ուղեցույց ծրագիր», «Կերպարվեստը հայոց կրթարաններում»: Հիրավի ահռելի վաստակ, հիրավի անկաշառ նվիրումի, օրը երեքից չորս ժամ քնելու եւ տիտանական աշխատասիրության արդյունք: Բանախոսները վերլուծական ու գնահատանքի խոսքով նժարում են գիտական այս ուսումնասիրություններն առանձին-առանձին, անդրադառնում Հրավարդ Հակոբյանի նաեւ հասարակական, մանկավարժական գործունեությանը: «Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսեր Հրավարդ Հակոբյանն իր կյանքն անմնացորդ նվիրել է գիտությանը եւ մանկավարժությանը ոչ միայն տասնյակ գրքերով ու հոդվածներով,- ասվում է նախաբանում,- այլեւ միջազգային մի շարք սիմպոզիումներում ներկայացրել եւ պրոպագանդել է հայ միջնադարյան արվեստը, ստեղծել արժեքներ, որոնք մեծապես հարստացնում են հայագիտությունն ու հայ արվեստագիտական իմացությունը»:
Ժողովածուում ներկայացված են արվեստաբանի կյանքի եւ գործունեության առանցքային իրադարձություններն ու նշանակալի տարեթվերը, պարգեւներն ու բարձրակարգ նվաճումները, պետականորեն գնահատված լինելու իրողությունները, տպագիր աշխատությունների, մենագրությունների, պատկերագրքերի, գրքույկների, գիտական հանդեսներում եւ ժողովածուներում հրապարակված հոդվածների անվանացանկերը, գրականությունը՝ նրա աշխատությունների մասին:
Ժողովածուն թերեւս թերի լիներ առանց արվեստակից գործընկերների սրտաբուխ ու երախտագիտական խոսքերի, առանց նրանց գնահատանքի՝ Սեն Արեւշատյան, Վարդան Դեւրիկյան, Աելիտա Դոլուխանյան, Վիգեն Ղազարյան, այլք, ովքեր խորիմաց ասելիքով անդրադառնում են հոբելյարի այս կամ այն ծանրակշիռ աշխատությանը:
Հավելենք, որ ժողովածուն շահեկանորեն հագեցած է նաեւ լուսանկարներով, Հրավարդ Հակոբյան արվեստաբանի հեղինակային մի քանի սքանչելի գեղարվեստական ստեղծագործություններով՝ «Պատանի կոնստրուկտորը» (քանդակ), «Ուսանողուհի Լարիսա Հակոբյանի դիմաքանդակը», կնոջ, որդիների՝ մեծ արվեստով վրձնած դիմանկարները, որոնցով անհնարին է չհիանալ:
Շնորհավորենք հայ մշակույթի նվիրյալին՝ եւ՛ այս ժողովածուի, եւ՛ իր հոբելյանի առիթով եւ մեր խոսքն ամփոփենք արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի սեղմ բնութագրականով. «Գիտությունը նրա համար ապրելու միջոց չէ, այլ՝ կենսաձեւ…»:
Թող երկար շարունակվի այդ կենսաձեւը, որը նվիրումի խորհուրդ ունի իր մեջ: