Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայում բանակցային փուլում է, եւ տրամաբանական է, որ դրանում առաջընթաց ապահովելու համար պետք է կայանան հանդիպումներ՝ առաջին հերթին պետությունների ղեկավարների բարձրագույն մակարդակով: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից Ալիեւի հրաժարվելը նոր մակարդակի վրա է բարձրացնում պաշտոնական Բաքվի ապակառուցողական կեցվածքը: Վերջինս արդեն պատրվակներ է փնտրում ՀՀ վարչապետի հետ հանդիպումներից խուսափելու համար: Սա այն դեպում, երբ պաշտոնական Բաքուն է պարբերաբար հայտարարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի՝ արագ կնքման անհրաժեշտության մասին:
Բրյուսելյան հանդիպումից հրաժարվելը, ինչպես սովորաբար լինում է Բաքվի առաջնորդի դեպքում, հիմնավորվում է անհեթեթ պատճառաբանությամբ: Վերջին ապակառուցողական քայլը նա պատճառաբանեց արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի հայամետ դիրքորոշմամբ՝ ակնարկելով Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը եւ Ֆրանկոֆոն երկրների կոնֆերանսի ընդունած՝ ադրբեջանական սեպտեմբերյան վերջին ագրեսիան դատապարտող հայտարարությունը: Բայց Բաքվի առաջնորդը նախընտրեց իր խոսքում հիշատակել միայն Ֆրանսիայի նախագահին՝ ասելով, որ Մակրոնը հայամետ եւ հակաադրբեջանական քաղաքականություն է վարում, ուստի Փարիզը չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին: Այդ հայտարարությանը հետեւեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պարզաբանումը, որում ասվում էր, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունները: «Փարիզը, ինչպես միշտ, հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում եւ Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող քննարկումների շարունակականությանը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ Ալիեւը նման հիմնավորում է բերում այն դեպքում, երբ Պրահայի վերջին՝ քառակողմ հանդիպմանն է պայմանավորվածություններ ձեռք բերվել հանդիպումները շարունակելու մասին, ինչը նշանակում է, որ հետագա հանդիպման ձեւաչափն էլ պետք է նույնը լինի: Այս մասին պարտադրված էր պարզաբանում տարածել ՀՀ ԱԳՆ-ն: Հետեւաբար՝ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանի հիշատակումը որպես բանակցությունները խաթարելու փորձ գնահատելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հիմնազուրկ է:
Ստացվում է, որ Ադրբեջանը մի կողմից տորպեդահարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մյուս կողմից ամենօրյա ռեժիմով գնդակոծում Արցախի Հանրապետության պաշտպանական գիծը եւ ՀՀ սահմաններում տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները: Այլ կերպ ասած՝ Բաքուն ինքն է խաթարում բանակցային գործընթացը եւ դրանց դանդաղելու մեջ մեղադրում Հայաստանին՝ փորձ անելով հերթական ագրեսիայի համար հիմքեր իմիտացնել:
Հետեւաբար՝ Ադրբեջանը տարբեր պատրվակներով փորձում է խույս տալ այն բոլոր պարտավորություններից, որոնք ձեռք են բերվում վերջին հանդիպումների ժամանակ, ընդ որում՝ նա նման մոտեցում ունի ինչպես Ռուսաստանի միջնորդությամբ կայացած հանդիպումների, այնպես էլ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում անցկացվածների մասով: Սա էր պատճառը, որ ՌԴ նախագահը ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո հեռախոսազրույց ունեցավ Բաքվի առաջնորդի հետ՝ հերթական անգամ նրան հիշեցնելով, որ պետք է կատարվեն նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ ապաշրջափակվեն տարածաշրջանի հաղորդակցության ու տնտեսական ուղիները: Ալիեւին ուղղված` կառուցողական դաշտ վերադառնալու կոչեր հնչում են նաեւ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից, որոնց Բաքուն պատասխանում է սահմանային սադրանքներով: Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է փոխի Ադրբեջանի հետ իր խոսույթի ձեւը եւ հարաբերվելու գործիքակազմը՝ եթե տարածաշրջանային կայունությունն իրոք առաջնային է նրա համար: