Հայաստանի քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ ընդդեմ Թուրքիայի վարած քաղաքականության, Սիրիայում քրդերի դեմ ռմբակոծության՝ այսպիսով հրավիրելով ՄԱԿ-ի, գերտերությունների ուշադրությունը:
ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց. «Մեր ձայնն ենք բարձրացնում թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների, հանցագործությունների դեմ՝ Սիրիայի, Իրաքի քրդերի եւ ընդհանրապես ողջ քուրդ ժողովրդի նկատմամբ: Թուրքիան այս տարիների ընթացքում ցեղասպանություն է իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ: Եթե հարձակվում է Սիրիայի վրա, թիրախավորում քրդական բնակավայրերը եւ ցանկանում է ոչնչացնել ողջ քրդերին, դա, իհարկե, ցեղասպանություն է»:
Ըստ նրա՝ 4-5 հոգու զոհվելու պատճառ դարձած պայթյունը Ստամբուլում կազմակերպել են հենց թուրքական իշխանությունները եւ հետո հայտարարել, թե իբր դա կազմակերպել են Քրդական բանվորական կուսակցությունը, Սիրիայի քրդերը: Թուրքիայի իշխանությունը հենց դրանով է հիմնավորել Սիրիայի քրդերի վրա հարձակվելը՝ պատճառաբանելով, թե իբր քրդերը ահաբեկիչներ են. «Սակայն աշխարհի ամենահզոր ահաբեկիչը թուրքական իշխանություններն են: Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակին եւ աշխարհի բոլոր առաջադեմ մարդկանց՝ ձեռք մեկնել եւ բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը, որը ոճրագործություններ է անում քուրդ ժողովրդի նկատմամբ: Այսօր թուրքական իշխանությունները աշխարհի համար դարձել են չարիք»:
Նա ընդգծեց՝ այսօր պատերազմ է ընթանում թուրքական բանակի եւ Սիրիայի քրդերի միջեւ: Թուրքական ուժերը գրավել են Սիրիայի քրդերի՝ խոշոր 4-5 քաղաքներ, ցանկանում են գրավել Քոբանի քաղաքը: Մարդիկ մահանում են, իսկ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողությունները չի կանխում: Հասանովը զուգահեռներ տարավ հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություների հետ. «Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները եւ իր «ձեռքը բարձրացնի» թուրքական եւ ադրբեջանական ագրեսիայի դեմ: Սակայն մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը, գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար»:
«Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանն էլ հավելեց. «Թուրքիայի այսօրվա իշխանություններն այսօր ում հետ ինչ պայման էլ կապեն, դա կմնա թղթի վրա: Մինչեւ Թուրքիայի իշխանությունները չփոխվեն, մինչեւ Թուրքիայում ժողովրդավարություն չհաստատվի, ոչ մի հարեւան, ոչ մի ազգ այդ տարածաշրջանում չի կարող հանգիստ ապրել»:
«Զագրոս» թերթի խմբագիր Լիանա Մհոյանն էլ ընթերցեց ուղերձը, որը պետք է հանձներ ՄԱԿ-ի գրասենյակին: «Այսօր եւս մեկ անգամ քուրդ ժողովուրդը ՄԱԿ մարդասիրական կազմակերպության միջոցով ցանկանում է ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ «պայքար ահաբեկչության դեմ» քողի ներքո Թուրքիային զինելու եւ քուրդ ժողովրդին ու ազատամարտիկներին վերացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն դարձան: Տարիներ շարունակ քուրդ ազատամարտիկներն ապացուցել են, որ իրենց պայքարն արդար է եւ համայն մարդկության համար է»,-ասաց նա՝ հավելելով, որ թուրքական կողմը պայքարում է ամենաստոր միջոցներով, այդ թվում՝ քիմիական զենքի կիրառությամբ:
Ուղերձում հարց էր առաջ քաշվում՝ դեռ որքա՞ն ապացույցներ են հարկավոր, որ ոճրագործ Թուրքիայի «ձեռքը կտրվի» եւ վերջ տրվի Մերձավոր Արեւելքում տիրող քաոսին. այդ ամենը եւ Թուրքիայի շարունակական ճնշումները դուրս են մնում գերտերությունների օրակարգից:
Մհոյանն ուղերձը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Թուրքիա՝ տեռորիստ», ծածանում դրոշներ: Քրդերը սպասելու են իրենց ուղերձի պատասխանին, մարդասիրական քայլերի: