«Սեպուհ էֆենդի են կոչել հորս իր ծննդավայր Երզնկայում: Մեր տանը հաճախ էին զարմացած հարցնում՝ ջանըմ, ասոնք ո՞ւմ քաշած են՝ մեկը՝ երաժիշտ, մյուսը՝ նկարիչ: Եվ հաճույքով նորից ու նորից պարզում էի ինձ համար, որ իմ նկարչական շնորհքը մայրիկիս կողմից է, իսկ մեծ եղբորս երաժշտական շնորհքը՝ հայրիկիս: Եվ, օգտվելով առիթից, հորս էին գովերգում՝ նրան վերագրելով բազում շնորհներ՝ ճարտասանի, երգչի, դերասանի…»:
Գրիգոր ԽԱՆՋՅԱՆ
1920 թ. Խանջյանների ընտանիքը հաստատվելու էր Երեւանում, եւ վեց տարի անց ծնվելու էր տոհմի ամենատաղանդավոր զավակը՝ Գրիգորը, ով լուսաշխարհ էր եկել տասնամյակներ անց փառքի ծիրանին ուսերին առնելու նախախնամության բարեհաճ կամքով: Նախ նկարչական ուսումնարանն էր ավարտելու, հետո գեղարվեստի ինստիտուտում ուսանելու Արա Բեքարյանի եւ Էդվարդ Իսաբեկյանի մոտ: Սկզբնական շրջանի գեղանկարչական կտավները բնորոշվելու էին թեմատիկ առանձնահատկություններով՝ քնարական պատկերներ, գյուղական կյանք, աշխատանքային խաղաղ առօրյա՝ «Սեւանի ձկնորսները», «Երեւանի կառուցողները», «Գառնի», գունային նրբերանգներով հարուստ այլ վրձնումներ: Ու նաեւ բնորդների ներաշխարհը բացահայտող դիմանկարներ՝ վարպետության ցոլացումներով: Հետո գեղանկարչին հրապուրելու էր գրքերի աշխարհը, եւ նա ձեռք էր մեկնելու դասական հեղինակների ստեղծագործություններին, ինչին միտված չէր ի սկզբանե: Ահա. «Երիտասարդությանս տարիներին եթե ինձ ասեին, որ ես ոչ միայն գեղանկարչությամբ պիտի զբաղվեմ, այլ նաեւ գրաֆիկայով, հատկապես գրքային գրաֆիկայով՝ ես շատ կզարմանայի եւ կժխտեի,- վերհիշել է նկարիչը,- մինչդեռ այսօր իմ ստեղծագործությունների մեջ զգալի տեղ ունի գրքի նկարազարդումը, եւ ես ուրախ եմ, որ գրքի միջոցով զրուցում եմ բազմահազար ըմթերցողների հետ: Գրքի գրաֆիկայով զբաղվելն իմ համոզմունքների մեջ մեծ փոփոխություններ մտցրեց, լայնացրեց իմ ստեղծագործական մտահորիզոնը: Գրքի միջոցով ես ծանոթացա ժողովրդի բնավորության տարբեր գծերին, էլ ավելի ճանաչեցի նրան: Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումն ինձ պարգեւեց իմ ստեղծագործական կյանքի ամենաերջանիկ տարիները…»:
Իսկ որքանով «երջանիկ» ու սքանչացած չի եղել նրա պատկերազարդմամբ Հովհ. Թումանյանի «Լուռեցի Սաքոն» պոեմի, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի, Գեւորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին», «Սասունցիների պարը» ստեղծագործություններն ըմբոշխնած ընթերցողը: Էլ չասենք Պարույր Սեւակի գլուխգործոցային «Անլռելիի» նկարազարդումների մասին, որի համար գեղանկարչին Պետական մրցանակ շնորհվեց:
Գրիգոր Խանջյան հախուռն տաղանդով օժտված արվեստագետը կոչված էր ընդլայնելու նաեւ հայ կերպարվեստի կիրառման շրջանակները՝ մտնելով այնպիսի բնագավառներ, որպիսիք են գոբելենային՝ գորգարվեստային արվեստը, որմնանկարչությունը, փայտարվեստը: Ամենայն հայոց վեհափառ Վազգեն Ա-ի պատվերով են կյանք առել «Իջման տեսիլք», «Հայոց այբուբեն», «Վարդանանք», «Վերածնված Հայաստան» մեծամասշտաբ ու բազմաֆիգուր անձեռակերտ գոբելենները:
Ժողովրդական ստեղծագործության ակունքներից բխած տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի բազմաժանր ստեղծագործության մեջ: Այդ շարքին են պատկանում ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի եւ ԱՄՆ Փիթսբուրգի համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի եւ նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ առարկաներ: Գեղանկարիչը գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկման ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման եւ Ալեք Մանուկյան ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման, ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձեւավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր», «Արարատ», «Եկայք՝ շինեսցուք» եւ այլ գրքեր համար: Նրա վրձնի արարումն է Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր սքանչելի պատկերը: Նույն կարգի գործեր է վրձնել Նյու Յորքի Սբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի, հավատքի այլ տաճարների համար:
Անշփոթելի է Գրիգոր Խանջյան գեղանկարչի վրձնային ձեռագիրը հայ բազմահարուստ կերպարվեստի հարատեւող խճանկարում: Առանց նրա թողած ահռելի ժառանգության, անհնարին է պատկերացնել մշակութային այդ գանձարանը: