«Հիշում եմ իմ հայրենի Վանը, մեր տունը, մեր այգին, իմ հարազատներին, հիշում եմ Վանի հերոսամարտը, որը հաղթանակով ավարտվեց, բայց անկախ մեր կամքից, ստիպված եղանք գաղթել։ Անցել եմ գաղթի մահացու ճանապարհներով»։
Վարազդատ Հարությունյան
Նշանավոր ճարտարապետ, արվեստագետ, հայկական ճարտարապետության պատմաբան, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բազում պարգեւների, շքանշանների, կոչումների արժանացած Վարազդատ Հարությունյանի ստեղծագործական բեղուն ճանապարհը ողբերգական, դրամատիկ հիշողությունների ու տառապանքի միջով է հարթվել՝ շնորհիվ աներեր կամքի, տաղանդի, ջանասիրության, հայրենասիրության… Նրան հայտնի չէին ո՛չ ծննդյան տարեթիվը, ո՛չ էլ օրը։ Վանեցիների մեծ ընտանիքը՝ եղեռնից փրկվելով, հաստատվել էր Թիֆլիսում. յոթ երեխա էին։
Հայրը՝ դերձակ Մարտիրոսը, ծայրը ծայրին չէր հասցնում, մինչդեռ Վանում, երբ խաղաղ էր, ապրում էին երջանիկ, ստեղծարար կյանքով։ Այստեղ ստիպված էին երեխաներին որբանոց ուղարկել։ 1916 թ. Թիֆլիսի «Համբավաբեր» ամսագրում տպագրված որբանոցի սաների մասին տվյալներից էլ Վարազդատը պարզում է ծննդյան տարեթիվը, որտեղ իր մասին մի պարզ նախադասություն է կարդում. «Վարազդատ Տեր-Հարությունյան, Վանից, 7 տարեկան»։ Ընդամենը պետք էր 1916-ից հանել 7, իսկ անձնագիր ստանալու պահով անհրաժեշտ էր լրացնել եւ օրը, որի մասին հիշում է. «Ես էլ գրեցի. 29 նոյեմբերի։ Այսինքն՝ հաշվեցի, որ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման օրը հայ ժողովրդի վերածննդի օրն է, հետեւաբար եւ իմ ծննդյան օրը»։ Ծիրանավոր եկեղեցուն կից որբանոցում Վարազդատը՝ եղբոր` Արծրունի (հետագայում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի հանրահայտ դերասան) եւ քրոջ հետ մնում են երկու տարի, որտեղ էլ հանդիպում է որբանոցի հովանավոր Հովհաննես Թումանյանին, ում հետ էլ կապվում են այդ տարիների լավագույն հուշերը։
Ծանր ու դաժան էր մանկությունը. ընտանիքի անդամներից ողջ են մնում երեքը. մորը՝ Կալիպսեին, վիճակված էր լվացարարություն անել զանազան տներում։ Եղբայրներով փախչում են որբանոցից եւ սկսում աշխատել փողոցներում՝ կոշիկներ մաքրելով ու ջուր ծախելով։ Սովորելու միտքը, սակայն, չէր լքում նրանց։ 1919 թ. Վարազդատն ընդունվում է Թիֆլիսի հայկական բանվորական թիվ 82 դպրոց։ Առանձնահատուկ ձայն ու երգելու ձիրք ուներ, ինչը գրավում է այնպիսի ուսուցիչների ուշադրությունը, ինչպես կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյանը, Դանիել Ղազարյանը, երգիչ Արմենակ Տեր-Աբրահամյանը։ Կարող էր երգիչ դառնալ, բայց Վարազդատն ընտրում է այլ ուղի. 1927 թ. տեղափոխվում է Լոռի, ուսուցչություն անում Շնող եւ Արճիս գյուղերում, որտեղ էլ տարվում է լրագրությամբ, գրառումներ ուղարկում Թիֆլիսի «Մարտակոչին»։ Սակայն սա էլ չի դառնում Վարազդատի կյանքի ուղին, թեեւ շատ նպաստավոր դեր է կատարում ապագա մասնագիտության՝ ճարտարապետության պատմաբանի համար մտքերը վարժ շարադրելու տեսանկյունից։ 1937 թ. գերազանցությամբ ավարտելով Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, մնում է մանկավարժական աշխատանքի։ 1939 թ. ընդունվում է ԽՍՀՄ ԳԱ պատմության եւ նյութական մշակույթի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ասպիրանտուրա, հիմնովին ուսումնասիրում պատմությունը, գրաբարը, հնագիտական պեղումների անցկացման տեխնիկան, ճարտարապետական եւ հնագիտական քաղաքաշինությունը։
Վարազդատ Հարությունյանը 800-ից ավելի գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաեւ հուշագրությունների 3 հատորի հեղինակ է։ Նախասիրած թեմաներից է հայկական ճարտարապետության «ժառանգորդության» եւ «ավանդների շարունակականության» հիմնախնդրի ուսումնասիրումը։ Հարությունյանը կարծում է, որ հայկական հելլենիզմի հուշարձանները ունեն յուրահատուկ համաչափություն, ճշգրտորեն ցույց տալիս, որ 9-11-րդ դարերի հայկական հուշարձանների ոճական հասունացման փուլին բնորոշ է նաեւ անտիկ ձեւերի եւ վաղ միջնադարյան տարածական լուծումների ստեղծագործական կրկնությունը։ Վարազդատ Հարությունյանի կենսագրության էջերից մեկն էլ կապված է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խնդիրների հետ։ Նա մասնակցել է Գեւորգ Չորեքչյան, Վազգեն Ա, Գարեգին Ա եւ Գարեգին Բ կաթողիկոսների շինարարական ծրագրերի իրականացմանը, ստացել պարգեւներ։
Անհնար է մի հոդվածի շրջանակում, թեկուզ համառոտակի, անդրադառնալ այնպիսի գործչի կենսագրությանն ու թողած ժառանգությանը, որպիսին Վարազդատ Հարությունյանն է, միայն հավելենք, որ նրա գործունեության ու էության սերուցքը հայրենանվիրությունն է, այն զենքը, որ ոչ թե սպանում, այլ ապրեցնում է՝ ի հեճուկս հայությանը ոչնչացնելու թշնամյաց խելացնոր ծրագրերի…