Հայաստանի ներդրումային խորհուրդը, որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ, իր գործունեության 15 տարվա ընթացքում նախաձեռնել է ավելի քան 25 լայնածավալ օրենսդրական բարեփոխում՝ երկրում հեշտացնելու բիզնեսի կյանքը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ այս մասին հայտնել են պատասխանատուները:
Հայաստանի ներդրումային խորհուրդը ստեղծվել է 2007 թ. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ հուշագրի հիման վրա՝ վարչապետի որոշմամբ։ Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նկատեց, որ այս տարիների ընթացքում մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի ձեւաչափը ծառայել է որպես պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակ. «Այն հնարավորություն է տվել գործարար շրջանակների հետ սերտ համագործակցել, բացահայտել մասնավոր հատվածի զարգացմանը խոչընդոտող խնդիրները եւ առաջարկել լուծումներ՝ ուղղված Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը»:
Քաղաքականությունների մշակման գործընթացում մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելը կառավարության համար առաջնային է՝ կայուն եւ ներառական տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետը հատկապես կարեւորեց փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի դերը. «Այս 10 տարվա ընթացքում ՀՀ կառավարության՝ խորհրդի հետ համագործակցությամբ մշակված բարեփոխումների պորտֆելը բավական ծավալուն է: Շուրջ 2 տասնյակը գերազանցող առանձին նախաձեռնությունները նշանակալի ազդեցություն են ունեցել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձեւավորելու, Հայաստանում ձեռներեցության եւ գործարարության մշակույթը խթանելու գործում: Մեր համագործակցությունը բիզնես միջավայրի եւ ՓՄՁ գործող իրավակարգավորումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է լինի շարունակական»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գնահատմամբ՝ ներդրումային խորհրդի հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է. «Մենք միասին ստեղծում եւ կյանքի ենք կոչում բազմաթիվ ծրագրեր, որոնք հեշտացնում են բիզնեսի կյանքը Հայաստանում: Օրինակ՝ անցյալ տարի միասին համատեղ ջանքերով կարողացանք փոխել պետական գնումների ներքո բանկային երաշխիքների տրամադրման կարգը, որը, մեր կարծիքով, շատ մեծ տնտեսական էֆեկտ ունեցավ»:
Ներդրումային խորհուրդը նաեւ մասնակցում է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման խորհրդի աշխատանքներին: Ամեն նիստում հաստատվում են նախագծեր, որոնք կարեւոր են փոքր ու միջին բիզնեսի համար: Ըստ նախարարի՝ ներդրումներին միտված արդյունաբերական քաղաքականությունը տալիս է իր պտուղները, դրա մասին են խոսում արձանագրված ցուցանիշները: Սակայն նա ջանքերը բազմապատկելու կարիք է տեսնում, ըստ թիրախի՝ ներդրումները պետք է հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսին, այժմ այն 18 տոկոսի սահմաններում է:
«Վերջին 15 տարվա ընթացքում ունեցել ենք ավելի քան 25 լայնածավալ բարեփոխում: Դրանցից ամենաթարմը բարձր որակավորում ունեցող մասնագետների ինտեգրման ծրագիրն է, որի շրջանակներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավող բիզնեսները հնարավորություն են ունենում ստանալ աշխատավարձի մինչեւ 70 տոկոսի փոխհատուցում՝ ամսական ոչ ավելի, քան 4500 դոլարը»,- ասաց Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը:
Նա նշեց նաեւ լիզինգի ռեֆորմների ծրագրի մասին: Օրենսդրության մեջ ավելացվել է ենթալիզինգ եզրույթը: Բարեփոխման արդյունքում 3 տարվա ընթացքում լիզինգ գործիքից օգտվողների եռակի աճ է գրանցվել: Այսօր քննարկվում են դոլարի փոխարժեքի տատանման հետ կապված՝ արտահանողներին ուղղված մի շարք միջոցառումներ, բայց հիմնականում ածանցյալների շուկաները զարգացնելու տեսանկյունից, որպեսզի արտահանողների կանխատեսելիությունը 1-2 տարվա համար ավելի հստակ լինի, կարողանան ավելի գրագետ ու ճիշտ կազմակերպել իրենց արտահանումը: Պատվականյանի խոսքով՝ աշխատում են, եւ շուտով կընդունվի նաեւ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որի շրջանակներում եւս մի շարք ծրագրեր են նախատեսված: