Ֆրանսիայի Հանրապետության Սենատից հետո նախօրեին այդ երկրի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Սա, ըստ էության, ի դեմս Ֆրանսիայի, ԵՄ-ի պատասխանն է Ադրբեջանին՝ ԵՄ միջնորդական առաքելությունն արհամարհելու համար:
Եվրոպական այս կառույցը չէր կարող չպատասխանել նաեւ Բաքվի պահվածքին, երբ Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությամբ ավելացան սահմանային հրադադարի խախտման դեպքերը: Ադրբեջանն այստեղ իրեն բնորոշ խորամանկությամբ է գործում, այսպես ասած՝ «հավասարակշռությունը» պահպանելու համար կրակում է ինչպես ՀՀ սահմանին, այնպես էլ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով՝ փորձելով ցույց տալ, որ իր համար միեւնույն է՝ այդ հատվածներում ռուս խաղաղապահները կլինեն, թե ԵՄ դիտորդները:
Այս պահվածքին ԵՄ հակազդեցությունն իրեն սպասեցնել չտվեց, ակնկալվում է, որ ՌԴ-ն էլ իր մասով կարձագանքի: Այսօր Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն այնպիսի դրսեւորումներ ու աբսուրդային հիմնավորումներ ունեն, որ նույնսիկ ԵԱՀԿ միջնորդ պետությունները չեն կարողանում աչք փակել դրանց վրա, եթե անգամ վտանգ կա, որ խաթարվելու է իրենց առաքելությունը: Բաքվի վարքը հնարավորություն չի տալիս, որ նույնիսկ Մինսկի խմբի համանախագահ պետությունները կարողանան հասցեական քննադատություն չհնչեցնել: Դրան ի պատասխան՝ Ալիեւն էլ հրաժարվում է դեկտեմբերի 7-ին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ վերջինս հայտարարել է, թե հանդիպման նախորդ ձեւաչափը պետք է պահպանվի, եւ այնտեղ պետք է ներկա լինի Ֆրանսիայի նախագահը: Բաքվի առաջնորդը համաձայն չէ այդ ձեւաչափին եւ իր այդ քայլը պատճառաբանում է Մակրոնի ոչ անաչառ դիրքորոշմամբ:
Դիտարկենք, թե ինչն է Ալիեւը համարում կողմնակալություն: Ըստ էության, ի՞նչ է ասված Ֆրանսիայի Սենատի եւ, այսօր արդեն, ԱԺ-ի ընդունած բանաձեւերում: Այնտեղ ամրագրված է առարկայական ճշմարտություն, այն է՝ Ադրբեջանն ագրեսիա է գործադրել ՀՀ սահմանին, ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով ռազմագերիներ են պահվում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի ղեկավարը բացարձակ ճշմարտության մասին բարձրաձայնելը համարում է կողմնակալություն: Նա նաեւ չի կարողանում պատկերացնել, որ ագրեսիան դադարեցնելու, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը հետ քաշելու, միջազգային հումանիտար իրավունքի նորմերը պահպանելու` Եվրոպայից հնչող հորդորներին իր կոպիտ պատասխանները կարող էին բերել նաեւ եվրոպական հակազդեցության, այս դեպքում՝ ընդունված բանաձեւի տեսքով:
Ֆրանսիական օրենսդիր մարմնի բանաձեւը նախանշում է նաեւ կոնկրետ գործողություններ՝ պաշտոնական Բաքվի հետագա ագրեսիան զսպելու եւ նրան կառուցողականության դաշտ բերելու համար: Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձեւով առաջարկվում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների եւ օկուպացիայի շարունակման դեպքում, կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Բանաձեւով ֆրանսիացի օրենսդիրներն իրենց կառավարությանը կոչ են անում շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ 2020 թ. իր ընդունած 502 բանաձեւով նրա անկախությունը ճանաչելու միջոցով, եւ դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը:
Այսպիսով` Ադրբեջանին ուղղված՝ կառուցողականության դաշտ գալու իր հորդորների անտեսմանը Եվրոպան սկսում է պատասխանել գործնական քայլերով, որոնք կարող են ծանր հետեւանքներ ունենալ Բաքվի համար, հատկապես ներկայիս տնտեսական եւ աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակում: