«1937 թ. խառն ու դժնդակ տարիներից հետո կյանքը նորմալ հունի մեջ էր մտնում: 1939 թ. Հայաստանը պատրաստվում էր «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին: Սպասում էին հյուրերի, բայց… էպոսի գլխավոր հերոսի արձանը չկար: Ես արդեն ձեռնարկել էի պլաստիլինից մի փոքրիկ արձան: Այդ ժամանակ ես ապրում էի Տերյան փողոցի թիվ 65 համարում: Հրաչյա Գրիգորյանը տեսել էր այդ գործը եւ հավանել: Նա Գրիգոր Հարությունյանին առաջարկում է իմ էսքիզը: Գիշերվա ժամը 12-ին մոտ Հրաչյա Գրիգորյանը եկավ, թե՝ գնանք կենտկոմ: Գրիգոր Հարությունյանը միջինից բարձր երիտասարդ մարդ էր, լուրջ եւ խոհուն: Նա ուշիուշով զննեց իմ էսքիզը եւ հետո ասաց, որ շտապ է հարկավոր իրականացնել արձանը, քանի որ հոբելյանին շատ քիչ ժամանակ է մնացել: Հարցրեց՝ կարո՞ղ եմ, արդյոք, հասցնել…»:
Երվանդ ՔՈՉԱՐ
Ընդամենը 18 օր է պահանջվում Ֆրանսիայից հայրենիք նոր վերադարձած քանդակագործից, եւ մայրաքաղաքի կայարանամերձ հրապարակում հառնում է «Սասունցի Դավթի» գիպսե արձանը, որին ընդամենը երկու տարվա կյանք էր վերապահված. 1941 թվականի հունիսի 23-ին Երվանդ Քոչարը բանտարկվում է, քանի որ քանդակում «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա»…, ինչը հավասար էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն: Եվ «մեղավոր» հեղինակի հետ միասին պատժվում է նաեւ նրա «թուրքատյաց» հրաշակերտումը՝ ջարդուփշուր է արվում նժույգի ոտների տակ ոսոխին տրորող ձիարձանը, որի ստեղծման համար քանդակագործը ջանք ու եռանդ չէր խնայել, տքնել էր գիշեր ու ցերեկ…
Բայց անցնելու էին թիֆլիսցի նեղճակատ կինտոյի արյունոտ ժամանակները, եւ երկու տարի չորս ամիս բանտում անցկացրած քանդակագործը երկու տասնամյակ անց կերտելու էր իր երկրորդ ու առավել կատարյալ «Սասունցի Դավիթը»՝ ձիարձանի եզակի մի հրաշալիք, որով 1959-ին շքեղացավ հայոց հնօրյա մայրաքաղաքը՝ դառնալով նրա խորհրդանիշներից մեկը:
Հայոց դյուցազնավեպի գլխավոր հերոսի քանդակով շատ անվանի արվեստագետներ են սքանչացել, խոնարհվել այն ստեղծած հանճարի առջեւ: Նրանցից մեկն էլ հայ կերպարվեստի մեծ երախտավոր, գեղանկարիչ Էդվարդ Իսաբեկյանն է, ով դեռեւս 1960-ին իր ծավալուն խոսքն է ասել Քոչարի գլուխգործոցային արարումի մասին: Պատեհ առիթով ինձ թույլ եմ տալիս հատվածներ ներկայացնել վրձնի վարպետի «Մեր պղնձե հեծյալը. խոհեր Սասունցի Դավթի արձանի մասին» մտորումներից.
«Աշխարհի շատ քաղաքներում պատվանդան ելած հեծյալներ կան, որ խոսում են հայտնի անունների՝ առավելապես իշխանների կամ էլ նույնիսկ արյունկզակ նվաճողների եւ հազվադեպ ժողովրդանուն ու մեծագործ հերոսների կյանքի մասին: Բայց կա՞ն հեծյալներ, որ ռեալ կյանքում ապրած չլինելով, պատվանդան են գտել ու պղինձ հագել՝ խորհրդանշելու համար ոչ թե պատմական երեւույթը կամ ժամանակը, այլ մի ամբողջ ժողովրդի՝ ազատ կյանքով ապրելու դարավոր տենչանքը…»:
Ուշագրավ դիտարկում՝ 1939-ին քանդակած եւ երկրորդ «Սասունցի Դավթի» առնչությամբ. «Երկու մոնումենտների տարբերությունը մեծ է եւ սկզբունքային թե՛ բովանդակությամբ, թե՛ կոմպոզիցիոն կառուցվածքով: Առաջին արձանախումբը շատ կոնկրետ ու մասնավոր սյուժե ուներ, որ չէր ընդհանրացնում Դավթի կերպարը եւ էպոսի հիմնական գաղափարը: Դա այն պահն էր, երբ Դավիթը կռվում է Մսրա զորքի դեմ: Նրա եւ Ջալալու ոտքերի տակ գալարվում էին թշնամիները, որոնց մեջ առանձնանում էր աղերսող արաբ ծերունու ֆիգուրը: Այդպիսի լուծումը սոսկ իլյուստրացնում էր հերոսի բազում սխրանքներից մեկը, բայց չէր ընկալվում իբրեւ Դավթի սիմվոլացած կերպար: Ներկայիս արձանախումբն ազատ է սյուժետային այդ «կապանքներից»: Դավթի «հենակետն» իսկ այլեւս սովորական պատվանդան չէ, այլ՝ հայրենի լեռնաշխարհը, որտեղից նա, ինչպես պոկված ու թափ առած մի ժայռաբեկոր, ծառս է լինում Մշո դաշտ խուժած «աստղերի համրանքով» բանակի դեմ… Դավիթն իր սուրը չի բարձրացրել, այլ երկու ձեռքով հորիզոնական պահած, ասես գերանդի, «հունձի» է պատրաստվել…»:
Ըստ գեղանկարչի դիտարկման՝ «Քուռկիկ Ջալալին շեշտված է, ամեհի ու անսանձ, սովորական ձի չէ, այլ խոսող ու հասկացող: Չէ՞ որ երբ Դավիթը մի պահ վարանում է Մսրա անթիվ զորքը տեսնելիս, Ջալալին է նրան սիրտ տալիս, ասում, որ իր հուժկու պոչով, սմբակներով, փորով ինքը Դավթից քիչ գործ չի տեսնելու: «Թուր-Կեծակին» էլ սովորական սուր չէ, այլ համբերությունը հատած ժողովրդի զորավոր մի զենք, որ պիտի կայծակի բիրտ թշնամու գլխին: Սրանք բոլորն էլ սիմվոլիկ պատկերներ են՝ քաղված էպոսի հեքիաթային աշխարհից: Սակայն ինքը՝ Դավիթն այստեղ բոլորովին ուրիշ է- բարակիրան մի լեռնցի, նման Աշնակի այն պատանիներին, որ զուռնա-նաղարայով եկել էին արձանի բացման տոնին: Դավիթը պրկված է, զայրացած. նա սուր է վերցրել՝ խրատելու համար բոլոր նրանց, ովքեր, թողած արտ ու գութան, ավարի են եկել Սասուն: Բայց գերմարդ չէ Քոչարի ստեղծած այս նոր Դավիթը…
Ջալալու ոտքերի տակ շրջվել է համբերության թասը… իմաստու՜ն դետալ, իսկապես գյուտ, որով հենց եւ՛ ճշտված է, եւ՛ սիմվոլանում է Դավթի կերպարը, բացահայտվում էպոսի մեջ նրա կրած գաղափարական ֆունկցիան…
…Լավագույն իմաստով՝ արտահայտչական էֆեկտներն այստեղ քիչ չեն. հիշենք Ջալալու հոյակապ բաշը, պոչի հուժկու ոլորումը, գլուխը պսակող խռիվ գանգուրները, որ Դավթի թիկնոցի ռիթմիկ ծալքերի հետ ընդգծում են արձանախմբի դինամիկ շարժումը»:
Հանճարեղ Երվանդ Քոչարի հավերժախոս քանդակը 63 տարի առաջ ճիշտ այս օրը հառնեց մայրաքաղաքի սրտում՝ դառնալով հայ ոգու, հայրենապաշտության, հայոց հավաքական ուժի ու հաղթանակների խորհրդանիշ…