Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարեցին՝ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելով։ Այդ օրը թշնամու հրահրած սադրանքի հետեւանքով մենք զոհեր, գերեվարվածներ ու վիրավորներ ունեցանք։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, «սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից տուժած մոտ 300 զինծառայող պետական աջակցություն կստանա» («մոտ»-ի փոխարեն եթե ստույգ թիվը ներկայացնենք, ապա այն 293 է,- Ա.Մ.)։ Դիմումները կընդունվեն մինչեւ դեկտեմբերի 15-ը։
Համապատասխան որոշման համաձայն՝ միջոցառման շրջանակում շահառու է համարվում այն անձը, ով «չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ»: Եթե ավելի պարզ, ապա՝ աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն եւ սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
Գումարը 500 հազար դրամ է՝ յուրաքանչյուր շահառուին։ Բավարա՞ր է, արդյոք, այս գումարը այն զինծառայողին, ով եւ վիրավորվել է, եւ հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերել, պատասխանը չի տրվում։ Այն պարզապես միանվագ աջակցություն է։ Կփոխանցվի շահառուի քարտային հաշվին։
Դիմումը ներկայացնելու համար շահառուն, ինչպես ասացինք, մինչեւ դեկտեմբերի 15-ը, «օոliոe.ssa.am» կայքէջից պետք է մուտք գործի համապատասխան ծրագրային միջավայր եւ ներկայացնի իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը եւ բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։ Եթե շահառուն սխալ նշի իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա շահառուի բանկը վճարումը կիրականացնի շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու եւ վերջինիս նույնականացնելու դեպքում:
Ո՞ր դեպքերում դիմումը կմերժվի։ Ըստ ԱՍՀ նախարարության՝ մերժման հիմքերը հետեւյալն են. եթե՝ 1. ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները), 2. ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին), 3. դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում, 4. շահառուի տվյալները ներառված չեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակներում, 5. շահառուն ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ՝ համաձայն պաշտպանության նախարարության տրամադրած տվյալների հիման վրա նախարարության կողմից կատարված վերլուծության, 6. շահառուի անվամբ առկա է հաստատված դիմում։
Եթե մերժման այս հիմքերը չլինեն, ապա ծառայությունը կհաստատի դիմումը եւ 5 աշխատանքային օրվա ընթացքում կկազմակերպի դրամական օգնության վճարման գործընթացը: Դիմումը թե՛ մերժվելու եւ թե՛ հաստատվելու պարագայում անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն կուղարկվի դիմողի (շահառուի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Գումարը փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով նույնպես կտեղեկացնի դիմողին։
ԱՍՀՆ-ն նաեւ տեղեկացնում է, որ եթե միանվագ օգնության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարը ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Հարց է ծագում մի խնդրի հետ կապված, որին մշտապես առնչվում են քաղաքացիները՝ երբ փոխանցած գումարի վրա արգելանք է դրվում։ ԱՍՀՆ-ն պարզաբանում է՝ «աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց»:
Ի դեպ, նշանակված եւ մահվան պատճառով չվճարված գումարը կվճարվի շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ ծնողին, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ եւն) ծառայություն ներկայացվեն մինչեւ դեկտեմբերի 20-ը։