2020 թ. պատերազմից անցել է ավելի քան 2 տարի, բայց թվում է` երեկ էր, որ Քաշաթաղում էինք։ Տարիներ շարունակ ապրելով Քաշաթաղի տարբեր բնակավայրերում, չնայած լինելով վերաբնակիչներ, քաշաթաղցիները ինտեգրվեցին հայրենիքի ազատագրված հատվածի դժվար, բայց երանելի կյանքին։ Իհարկե, հեշտ չէ ավերակների միջից հառնելու ուղին, սակայն ո՞վ է ասել, թե դժվարությունները երբեւէ վախեցրել են հայրենասերներին, աշխատասերներին, խենթերին։ Այսպիսով՝ գրեթե 30 տարի ապրելով հայրենիքի քաշաթաղյան հատվածում՝ քաշաթաղցիները ստեղծեցին, արարեցին, կերտեցին իրենց միջավայրը, իրենց նոր կյանքը։
Պատկերացրեք, թե մարդկանց համար, ովքեր վերաբնակեցնում են հայաթափ Արցախ-Սյունիք աշխարհի Քաշաթաղի հատվածը, ինչքան գանձեր բացահայտվեցին։ Ամեն անկյուն պատմական մի հուշ ու վկայություն է տեղանքի հայկական լինելու մասին։ Եվ այսպես սկսվեցին բացահայտումների տարիները։ Տեղացիների խոսքով՝ հնաբնակ քաշաթաղցիներն իրենց գործունեության ընթացքում հանդիպեցին պատմական շատ հուշարձանների, որոնց մի չնչին մասը մինչ ազատագրումն ուսումնասիրվել էր հայ հնագետների կողմից, իսկ ավելի մեծ մասը նոր-նոր հայտնաբերում էին արդեն հայտնիների հետքերով գնացողները, իր գյուղի շրջակայքում անասնապահությամբ զբաղվողը, հայրենի բնության գրկում ազատ զբոսնող մեկը։ Բազում հուշարձաններից որոշները դարձան քաշաթաղցիների սիրելի վայրերը, ու հաճախ այցելում էինք արշավական մեծ ու փոքր խմբերով՝ Ծիծեռնավանք, Մկնատամի Խաչ, Կատոսավանք, Հոչանցի անապատ… Այս հուշարձանները մեզ համար գանձեր էին, որոնք պատկանում էին մեզ, որոնց մասին մենք պատմում էինք ուրիշներին եւ հպարտանում, երբեմն տխրում, որ միայն մեզ են հայտնի։ Մեծերը պատմում էին այս կամ այն խաչքարի, տապանաքարի, եկեղեցու, վանքի, վանական համալիրի մասին, եւ մենք՝ փոքրերս, լսում էինք կախարդված, փորձում հիշել ամեն մանրուք։ Քաշաթաղցի երեխաները տարբերվում էին բոլորից իրենց աշխարհայացքով, որը ձեւավորվել էր իրենց մեծերի՝ հայրենիք գաղափարի մասին, արժեք գաղափարի մասին, կարեւորի ու անկարեւորի մասին պատմություններով։ Մենք բացահայտում էինք մեր հայրենիքը։ Քաշաթաղում ծնված երեխաները, մի քանի սերունդ, ավելի հետաքրքրված էին։
2020 թ. սկզբին համավարակի արգելքների ընթացքում ես եւ քույրս, չնայած ուսմանը եւ աշխատանքին, որոշեցինք գնալ հայրենի Բերձոր։ Երկար ժամանակով տուն գնալը վաղուց չէր հաջողվել, կարծում էինք՝ սա էլ կլինի հերթական մի քանի շաբաթով այց։ Բայց, միգուցե ճակատագրի նախախնամությամբ արգելքները գնալով խստացան եւ երկարեցին Երեւանում, իսկ մենք մնացինք Բերձորում մոտ 5 ամիս։ Այդ 5 ամիսներին, օգտվելով այն իրավիճակից, որ Քաշաթաղում քովիդի դեպքեր չկան, արշավների էինք գնում քաշաթաղյան հուշարձաններ, որոշները՝ տեսնելու հերթական անգամ, որոշները՝ առաջին։ Ավարտվեց քովիդը, սկսվեց պատերազմը… Այժմ քաշաթաղցին զուրկ է հայրենի բնաշխարհում ազատ զբոսնելու հնարավորությունից, մենք մեր հայրենիքում զբոսնում ենք հուշերում, հայրիկիս լուսանկարներում, որոնց հերթական ցուցահանդեսը կայացավ դեկտեմբերի 6-ին Երեւանում՝ Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում։ արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից-ազատամարտիկ, լուսանկարիչ, լրագրող հայրս՝ Զոհրաբ Ըռքոյանը, Քաշաթաղի շրջանում բնակվելու եւ ավելի քան 25 տարի ապրելու ընթացքում հասցրել է վավերագրել տարածքում գոյություն ունեցող բազում պատմական հուշարձաններ՝ վանք ու եկեղեցի, մատուռ ու խաչքար, տապանաքար, կամուրջ ու ջրաղաց, ամրոց ու բնակատեղի, դամբարան ու դամբարանադաշտ, նաեւ՝ բնական գեղեցիկ տեսարաններ։ Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ 2021 թ. «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչ մրցույթի շրջանակներում կայացավ այս հուշարձանների մի մասի լուսանկարների ցուցադրությունը, որը «Հայկական Քաշաթաղ» խորագրով էր եւ տեւեց 10 օր։ Յուրաքանչյուր օր նույն հուշարձաններին վերաբերող դասախոսություններով հանդես եկան գիտնականներ։ Նշեմ՝ «Յոթը սարի ետեւում» մրցույթին 2020 թ. Արցախից միայն քույրս՝ Գայանե Ըռքոյանը, մասնակցեց՝ ներկայացնելով Քաշաթաղի շրջանի Աղավնո գետի ափին գտնվող Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին։ Արժանացավ մրցանակի եւ պատերազմից մեկ օր առաջ Հովհ. Թումանյանի թանգարանում մասնակցեց մրցանակաբաշխության արարողությանը։
Ներկա ցուցադրությունը նույնպես կայացավ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի եւ Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Մուրադյանի աջակցությամբ։ Ցուցահանդեսին ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, ղեկավարի տեղակալ Գեւորգ Մնացականյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, ԿՄՍ բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, «Դիզակ-Արտ» ՄԵԿ կենտրոնի համահիմնադիրներ Երազիկ Ավանեսյանը եւ Լիաննա Պետրոսյանը, Հադրութի եւ Քարվաճառի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ եւ քաշաթաղցիներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց ու ցուցահանդեսի բացումը հայտարարեց թիվ 40 դպրոցի տնօրեն Լ. Մուրադյանը։ Տեղեկացրեց՝ ցուցահանդեսը նվիրված է Քաշաթաղի շրջանի կազմավորման 29-ամյակին։ Կարեւորեց նման միջոցառումների դերը կորուսյալ հայրենիքը չմոռանալու համար։ Հույս հայտնեց՝ կգա օրը, եւ կրկին մերը կլինեն մեր հայրենիքը, պապերի թողած ժառանգությունը։ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց՝ սա արդեն հինգերորդ ցուցահանդեսն է, որը կազմակերպվում է իրենց աջակցությամբ։ Առաջինը կայացել է իր ղեկավարած թանգարանում 2021 թ. մայիսի 18-ին՝ նվիրված Բերձորի ազատագրման 29-ամյակին։ Նա նշեց նաեւ, որ ցուցահանդեսը կայացել է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզային բնակավայրերում՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու պատկերասրահում, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվ. միջն. դպրոցում։ Նախատեսված է հաջորդ ցուցադրությունը կազմակերպել Վայոց ձորում։
Զ. Ըռքոյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի նպատակը նոր սերունդներին հայկական Քաշաթաղի մասին պատմելն է, ինչպես նաեւ քաշաթաղցիներին մեկ հարկի տակ հավաքելը։ Նա ցավով նշեց, որ իր ազատագրած Քաշաթաղի պատմամշակութային բոլոր կոթողներն այս պահին թշնամու տիրապետության տակ են, եւ հույս հայտնեց՝ նոր սերունդներն այն կազատագրեն եւ կրկին կվերադարձնեն մեզ։ Ելույթներից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, հարցեր ուղղեցին հեղինակին։ Ուրախալի է, որ հատկապես հետաքրքրված էին աշակերտները։ «Թոնդրակ» արշավական ակումբի ղեկավար, պատմաբան Գոռ Ղազարյանը ցուցահանդես այցելելուց հետո ասաց. «Ըռքոյանն Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակից է՝ սկսած 1989 թվականից մինչեւ մեր օրերը։ Նրա լուսանկարներում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, որը մի հետաքրքիր ու յուրօրինակ աշխարհ է։ Այսօր մենք հուսավառ հավատով լցված, համոզված ենք, որ Քաշաթաղը կրկին ազատագրելու ենք, համայն Արցախ աշխարհն ամբողջացնելու ենք, հայկական երկու երկրամասերի համար ամբողջ հայությամբ Մերան ենք լինելու եւ Վահան ենք լինելու՝ միշտ հզոր եւ միասնական»։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2023 թ. փետրվարի 22-ը։ Տեղեկացնեմ նաեւ՝ շուտով Մայր Աթոռի կողմից կհրատարակվի Զ. Ըռքոյանի հեղինակած «Հայկական Քաշաթաղը» գիրք-ալբոմը, որը այս հուշարձանների մասին է։
Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ