«Ով ով է» կենսագրական հանրագիտարանի երկհատորյակում մեկ տասնյակից ավելի է իմ հայրենի գյուղում (Լոռի, Շնող) ծնված կամ արմատներով գյուղին առնչվող անձանց թիվը։ …Գառնիկ Շախկյանի, Հովիկ Մելիքսեթյանի, Ռաֆայել Փարսադանյանի, Էմմա Կորխմազյանի կողքին հանրագիտարանը ներկայացնում է նաեւ նկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, դոցենտ Ադամ Ղազարի Մաշինյանին։
Ավ. Իսահակյանը ժամանակին խոստովանել է. «Երբ այցելեցի պանթեոն, ինձ զգում էի երկրից վերացած, թեթեւացած, եթերացած, հիացած, վեհացած»։ Ես եւ, անշուշտ, շատ ուրիշներ նույն զգացումն են ապրել, երբ այցելել են Մաշինյանի արվեստանոց բնակարանը, որտեղ պատերին, հատակին, առաստաղին, անգամ ձեղնահարկում արվեստագետի ավելի քան կեսդարյա ստեղծագործական տքնանքով ծնված գործերն են, արվեստի վեհացնող, բերկրանք պարգեւող գունաշխարհը։ Ծնվել է 1922 թ. դեկտեմբերի 11-ին։ Նկարել սկսել է 9 տարեկանից։ Շատերի նման դառը մանկություն է ապրել, դպրոցական նստարանից կամավոր մեկնել ռազմաճակատ։ Անգամ միջնակարգն ավարտել է բաներիտում, երբ արդեն նկարչության դասեր էր տալիս Ալավերդի քաղաքի Ս. Սպանդարյանի անվան եւ թիվ 2 դպրոցներում։ 1948 թ. տեղափոխվել է Ալավերդուց, բայց միշտ մնացել իր ծննդավայրի սիրով արբեցած։ 1997 թ. Ալավերդու պատկերասրահում բացվել էր Ա. Մաշինյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը։ Նրա աշխատանքներից մեկը հավերժ կմնա մեր քաղաքի տարեգրության հետ։ Դա նրա նվերն էր քաղաքի 65-ամյակի տոնակատարության առթիվ։
1957 թ. գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո Մաշինյանը ուսուցչություն է արել Երեւանի դպրոցներում։ 1960 թ. աշխատանքի է հրավիրվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում եւ շուրջ 30 տարի կյանք ճանապարհել նկարիչների մի ողջ համաստեղություն։ 1967-ից մասնակցել է հանրապետական, միջազգային ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում… Իր հայրենի հողին ու ջրին բազում թելերով էր կապված անվանի նկարիչը, բայց նրա կտավները մեկ անգամ են եղել հայրենի օրրանում։ Այսօր էլ աչքերիս առաջ են նրա Լոռվա բնապատկերները։ Ահա իրենց են կանչում «Սեւծովյան» պատկերաշխարհը, «Ծերունու դիմանկարը», «Իսրայել Օրի», «Ստեփան Շահումյանի վերջին գիշերը» գործերը։ Ադամ Մաշինյանը նկարազարդել է ու ձեւավորել գրքեր, նաեւ դիմանկարներ ու քանդակներ ունի։
…Շնողում այսօր էլ մուրճի զնգոց կամ կացնի ձայն լսելիս շատերը մտաբերում են «Մ. Շ.» դաջվածքով գործիքները, որ նկարչի եղբորը՝ դարբին Շավարշին էին պատկանում։ Դարբինը ժամանակին բարձրաձայնել է. «Իմ կացինները հավերժ են»։ Լսել եմ, որ այդ դաջվածքի տեսքն էլ ձեւավորել է նկարիչ Ադամ Մաշինյանը։
2006 թ. Երեւանում ավարտեց իր երկրային կյանքը եւ գնաց ինքն էլ հավերժանալու։ Ասում են՝ արվեստի իսկական գործերը տարածություն եւ ժամանակ չեն ճանաչում։ «Հավերժի ճամփորդներ» են մաշինյանական շատ գործեր։ Նրա ստեղծագործությունների հետնորդներ են իր սաներից շատերը, այդ թվում զավակները՝ Ռուբենը եւ Գոհարը, եղբորորդին՝ Տիգրանը։ Առաջինը նրանց մերձավորների եւ մաշինյանական արվեստի երկրպագուների համար կրկնում եմ, որ արվեստի նվիրյալները չեն մահանում, հեռանում ու հնազանդ հանճարի ձայնին՝ հավերժանում են։ Այդ հավերժի ճանապարհի մի լուսավոր փարոս է ճանաչված նկարչի 100-ամյա հոբելյանը։
Վերջերս մեծ շուքով նշվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 100-ամյակը։ Համալսարանի հասակակիցներ էին ճանաչված լոռեցիներ, ժամանակին սիրված դասախոսներ Ադամ Մաշինյանը, կինոարվեստի երախտավոր Յուրի Երզնկյանը, մեքենագետ Դավիթ Սահակյանը։