«Ու յետոյ, կուզեմ որ ուղիղ հասկնան զիս։ Թուրքերը կը մեղադրեմ ոչ թե թուրք ըլլալնուն, այլ մանաւանդ ատիկա ծածկել ջանալնուն»։
Հակոբ Օշական
Ուրիշ ով կարող է բնութագրել թուրքերին այնպես ճշգրիտ ու խորամուխ, եթե ոչ նրանց մեջ ապրած ու նրանց բնույթն ուղնուծուծով ընկալած գրողը։ Առանձնակի տաղանդով օժտված Հակոբ Օշականի գրիչը ոչ միայն գեղարվեստի անակնկալներ է մատուցում, այլեւ այն բխեցնում է ականատես ու ականջալուր փաստերից։ Հակոբ Օշականը ծնվել է Թուրքիայի հյուսիսարեւմտյան մասում գտնվող Բուրսա քաղաքում՝ 1883 թ. դեկտեմբերի 9-ին։ 1899 թ. ավարտել է Բուրսայի Գեւորգյան ազգային վարժարանը, 1899-1900 թթ. սովորել Արմաշի դպրեվանքում։ Բացի բազմաժանր գրող լինելուց, Օշականը զբաղվել է խմբագրական, լրագրողական աշխատանքներով, կազմել «Հայ գրականութիւն» դասագիրքը, կատարել ուսումնասիրություններ, մատենագիտական-բանասիրական բնույթի գործեր։ Գրողի տաղանդի մասին կարելի է կարճ ասել. տաղանդը չափվում է ժամանակի կտրվածքով. եթե բռնում է ժամանակի քննությունը, ուրեմն՝ անկասկած է, իսկ եթե այսօր պատասխանում է հուզող հարցերի, նաեւ օգտակար է։
Ներկայում հայ ժողովրդին առավել զբաղեցնող հարցը թուրքին հավատալ-չհավատալու, նրան վստահելու խնդիրն է։ Բանն այն է, որ թուրքերը ներկայանում են որպես ժամանակակից, եվրոպական բնույթի տերություն, բարձր տնտեսությամբ ու որակյալ արտադրանքով, սպասարկման՝ համեմատաբար մատչելի գներով, եւ կարծիք է ձեւավորվել, թե նրանք փոխվել են, առաջվա թուրքերը չեն, անգամ արցախյան վերջին պատերազմից հետո էլ կան այնպիսի տրամադրություններ, թե նրանց առաջարկած «խաղաղությունը» կարող է նպաստավոր լինել տարածաշրջանի համար՝ մոռանալով, որ թուրք տեսակը մտածում է սոսկ իր նպաստավորության մասին՝ ուրիշների արյան ու տառապանքի հաշվին։ Նրա «կրթյալությունն» անգամ նրան չի ազատել արյունարբու բնույթից, ինչը, ըստ ամենայնի, ներկայացրել է Օշականը «Սիւլէյման էֆէնտի» վեպում. «…երբ թուրքերը Սահմանադրւթիւն հռչակեցին, խղճմտանքի ազատութիւնը տարփողեցին, ցեղերու եղբայրութիւնը երգեցին, բայց նախակրթութիւն իսկ չստացած իրենց տղոց մէջը մշակեցին, վերնադիր սաստկութեամբ, նոյն այն ժահրը, որով թունաւոր վէրք մըն է անոնց պատմութիւնը, մշտահոս, Արեւելքի եւ Արեւմուտքի եզրերուն։ Եւ սակայն աղ ու հաց կերած էի անոնց հետ։ Կարդացած Վոլթէր։ Ու այդ երիտասարդները պետական մեծ վարժարաններ ունէին իրենց կռնակին»։ Այդ «ուսյալ» երիտասարդները «հայ մորթելուն արիութիւնը գրեթէ կուրանային»,- գրում է Օշականը, սակայն ոչ թե ամոթից, «այլ անարժան ընդունելով զայն իրենց ցեղային վեհանձնութեան, իրենց բառովը՝ մերտութեան…»:
Թուրքական արհավիրքին դիմադրելու համար հարկ է հասկանալ, քննել նրանց յուրաքանչյուր քայլը՝ առաջնորդվելով իրականությամբ եւ ոչ թե ցանկություններով։ Այս առումով գրողը նկատում է. «Օրինակ, կրնանք հավատալ, թէ ամէն թուրք ջարդարար մըն է։ Բայց կը վարանինք ընդունիլ ուրիշ աւելի իմաստուն առածներ։ Օրինակի համար, մենէ քիչեր կը զիջին, որ թուրք խելք ունենայ, ըլլայ քաղաքագէտ։ Հոս է, որ կսկսի մեր մեղքը, ու մեծ հաճույքով կուրանանք այս առաքինութիւնը ժողովուրդի մը վրայ, որ այսքան մեծասփիւռ տագնապները դիմաւորեց ու խաբեց աշխարհը, ոխերիմ թշնամիներու հետ անգամ լեզու գտնելով»։ Այն, որ թուրքը լավ քաղաքագետ է, իսկապես կարծես չենք ցանկանում ընդունել, ու մեզ թվում է՝ նրա ոճիրները ի ցույց դնելով, կարող ենք շարժել աշխարհի գութը, մինչդեռ աշխարհը «գթության» այլ չափանիշներով է առաջնորդվում, իսկ չափանիշներից գլխավորը շահն է։ Թուրքը մորթում է ժպիտը դեմքին ու ժպիտը դեմքին էլ՝ ներողամտության ժեստեր անում ու նույն ժպիտով էլ բարեկամության կամուրջներ գցում աշխարհի տերությունների հետ, իսկ մենք աշխարհից առավել մեկուսանալու, ինքներս մեզանով ապրելու միամիտ քայլերի ենք դիմում։
Թուրքական զորության գաղտնիքը հենց դիվանագիտությունն է, որ թույլ է տալիս նրան անարգել ոճիրներ գործել ու մնալ անպատիժ, դիվանագիտություն, որ հիմնված է խորամանկության, երեսպաշտության, քծնանքի ու շահասիրության վրա։ Առանձնակի ծաղրանքով է ներկայացնում Օշականը թուրք զորավարին, որ կռվի է նետում բանակը կուրորեն, առանց գիտակցելու, թե ուր է գնում, միայն թե գնա սպանելու. «…երկու շաբաթէն անիկա այդ բանակը, յաղթակա՜ն, կը տանէր Վիեննայի պարիսպներուն տակ։ Ու երջանիկ զօրավարը – հոգ չէ թէ հազարապետ – չէր գիտեր նոյնիսկ, թէ Վիեննան անպարիսպ քաղաք է այսօր։ Հեքիաթ չէր ասիկա, այլ՝ պատմական, վաւերական իրողութիւն, անցեալով կանգուն, ներկային մէջ հակափորձը միայն պակաս»։
Թշնամուն հաղթելու համար կարեւորը նրան ճանաչելն է, իսկ մեր մշակույթը լավագույնս է մեզ ընձեռում այդ հնարավորությունը, մնում է ունկնդիր լինել նրա ձայնին…
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ