Շուրջ երկուսուկես տարի է՝ «ՀՀ»-ն ամենատարբեր առիթներով անդրադարձել է Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում ու Հարավային Կովկասում Անկարայի վարած քաղաքականությանը: Խոսել ենք դրա դրսեւորումների, Թուրքիայի կողմից տարբեր ուղղություններով ռազմական հարձակումների մասին՝ հիմնական շեշտը դնելով այն հարցի վրա, թե որն է այդ պետության՝ Հարավային Կովկաս ներխուժման իրական նպատակը:
Սկսած դեռեւս 2020 թ. տավուշյան իրադարձություններից՝ անընդհատ շեշտում ենք, որ Անկարայի իրական նպատակն Ադրբեջանին օգնությունը չէ: 2020 թ., երբ Թուրքիայի առաջնորդը, ի հեճուկս իր հռչակած՝ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության, խնդիրներ ուներ գրեթե բոլորի հետ, ոչ միայն աջակցեց, այլեւ ուղղակիորեն մասնակցեց Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին. ռազմական բախումները վերսկսվեցին նոր եւ աննախադեպ ծավալով ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ:
Տարածաշրջանում, որը Ռուսաստանը համարում է իր ազդեցության գոտին, ռազմական հավասարակշռության խախտումը՝ հօգուտ Ադրբեջանի, անթույլատրելի էր հենց Մոսկվայի համար: Նվազագույնը արձանագրելով իր անկարողությունը՝ օգնելու դաշնակից Հայաստանին կամ գոնե սաստելու ադրբեջանաթուրքական ուժերին, Ռուսաստանը փաստացի իրեն դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից եւ տարբեր ռազմաճակատներում այսօր կրում է իր իսկ քաղաքականության հետեւանքները: Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք հերթական անգամ խաբում են ռուսական իշխանություններին եւ վերջիններիս հետ իրապես կհամագործակցեն բացառապես այն ժամանակ, երբ համոզված լինեն, որ իրենց կործանումն անխուսափելի է, նույնպես տարբեր խնդիրներ են փորձում լուծել. Բաքվին թվում է, թե Թուրքիայի ու Իսրայելի օգնության եւ Ռուսաստանի բացահայտ թողտվության շնորհիվ տոնած հաղթանակն իրեն վերածում է տարածաշրջանային լուրջ ուժի, իսկ Թուրքիային ոգեւորում է այն, որ կարողացել է ստեղծել մի իրավիճակ, որում հայկական կողմը կձգտի համաձայնագիր ստորագրել Անկարայի հետ՝ դրանով իսկ լեգիտիմություն հաղորդելով հայկական տարածքների նվաճմանն ու ավելի քան 100 տարի անհատույց օգտագործմանը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գործող վերջին՝ Սեւրի դաշնագիրը կկորցնի իր ուժը, եւ երկու երկրների հարաբերությունների հիմքը կդառնա նոր փաստաթուղթը, որը, ըստ թուրքական կողմի, պետք է ստորագրվի Երեւանի համար ոչ շահեկան պայմաններում: Թուրքիայի տարփողած «խաղաղության պայմանագիրը», նրա մտահղացմամբ, պետք է արձանագրի այս նոր իրավիճակը:
Նախորդ դարասկզբի իրադարձությունները նման են այն դեպքերին, որոնք տեղի են ունենում այսօր: Ում կամ ինչի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, լինելով առաջին աշխարհամարտում հաղթող կողմ, չստացավ այն, ինչն իրեն է պատկանում ոչ միայն հաղթողի, այլեւ իրեն պատկանելության ուժով: Իհարկե, այս հոդվածի հիմնական նպատակը պատմական մանրամասն ակնարկի ներկայացումը չէ: Պարզապես եզրակացնենք, որ Հայաստանը, ի վերջո, զիջեց առաջին աշխարհամարտում պարտված ու լիովին քայքայված Թուրքիային, որի բանակի մնացորդները վերածվել էին թափթփուկների եւ նույնիսկ չգիտեին՝ ինչ անել: Մինչդեռ Հայաստանը, որ վեր էր հառնել փյունիկի պես ու ստեղծել էր իր պետական միավորը, ոչ միայն իրավունք, այլ նաեւ հնարավորություններ ուներ՝ վերականգնելու տարածքային ամբողջականությունը:
Ռուսաստանում հեղափոխության միջոցով իշխանության եկած Վլ. Լենինը պլանավորել էր հեղափոխությունը տարածել դեպի Արեւմուտք, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ամենեւին էլ խոպան հող չէ, որը պարզապես հերկողի է սպասում: Արեւմտյան պետական ապարատները լիովին ի վիճակի էին պայքարել հեղափոխական ալիքի տարածման դեմ: Այդ դիմակայությունը բոլշեւիկներին ստիպեց հայացքն ուղղել դեպի հարավ եւ արեւելք: Ռուսական նոր իշխանության ներկայացուցիչները կապ հաստատեցին իրենց օրերը հաշվող թուրքերի հետ եւ առաջարկեցին նրանց հեղափոխության առաջամարտիկների դերն ստանձնել Արեւելքում՝ խոստանալով ոչ միայն օգնել՝ պահպանելու Թուրքիայի պետականությունը, այլեւ թույլատրել՝ իրագործելու պանթյուրքիզմի գաղափարները: Դա նշանակում էր, որ Ռուսաստանը վաճառել է հայերի շահերը: Ի դեպ, միայն բնական դաշնակից դառնալու գաղափարը չէր թուրք-բոլշեւիկյան համագործակցության հիմքը: Սկսած 16-րդ դարից՝ օսմանյան սուլթանները համարվում էին խալիֆներ, այսինքն՝ ողջ մահմեդական աշխարհի առաջնորդներ: Խալիֆի որոշումն անբեկանելի կերպով ընդունվում էր ողջ մուսուլմանական աշխարհի կողմից: Դրանով պայմանավորված՝ թուրքերը հարավում ու արեւելքում համարվում էին իսլամի առաջամարտիկ ժողովուրդ: Ռուսաստանը ձգտում էր օգտագործել այդ հանգամանքը եւ հեղափոխության գաղափարները տարածել ողջ մահմեդական աշխարհում:
1917 թ. Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից եւ ապա դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան կայսրության 3-րդ բանակի եւ Անդրկովկասի կոմիսարիատի միջեւ կնքված զինադադարից հետո ռուսական զորքերը սկսեցին նահանջել կովկասյան ճակատից, մասնավորապես` Արեւմտյան Հայաստանի տարածքից: Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաեւ ներխուժել Արեւելյան Հայաստան ու Հարավային Կովկաս: Սակայն հայ ժողովուրդը, թոթափելով պարտվածի ու ցեղասպանվածի հոգեբանությունը, գնաց ռազմադաշտ, Սարդարապատում, Բաշ Ապարանում ու Խլի Ղարաքիլիսայում ջախջախեց թշնամուն ու նրա ռազմերթը վերածեց խայտառակ փախուստի: Առաջացել էր ոգին կորցրած թշնամու դեմ հակահարձակման հնարավորություն… Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի ծանր հարված կհասցներ հայ ռազմիկը՝ ցեղասպանված հայրենակիցների վրեժը լուծելու համար:
Օգտագործելով ռուսների առաջարկը՝ դեռեւս 1919 թ. քաղաքական ասպարեզում հայտնված նախկին երիտթուրք Քեմալ Աթաթուրքը որոշում է կարմիր հեղափոխություն անելու պատրվակով Ռուսաստանից ստանալ ֆինանսական, ռազմական ու քաղաքական աջակցություն՝ թուրքական պետությունը վերականգնելու համար: Բնականաբար, Թուրքիան որեւէ հեղափոխություն չի կատարում, իսկ իր նպատակին հասնելուց հետո մերձենում է արեւմտյան աշխարհին՝ թշնամական դիրք բռնելով նույն Ռուսաստանի նկատմամբ:
Այս պատմական դեպքերին եթե գումարենք նաեւ սյունիքյան իրադարձությունները, Գարեգին Նժդեհի՝ բոլշեւիկա-թուրքա-ադրբեջանական դավադրության դեմ կազմակերպած դիմադրությունը, հասկանալի կդառնա, որ ռուսական քաղաքականության պատճառով հայ ժողովուրդը չկարողացավ ստանալ Սեւրի դաշնագրով իրեն պատկանող հողերը, նույն պատճառով Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Խլի Ղարաքիլիսայի հաղթանակները ոչնչով չարտացոլվեցին քաղաքական իրավիճակում: Ավելին՝ արդյունքը միայն պարտություն էր: 1921 թ. այսպես կոչված Մոսկվայի պայմանագիրը, դրան հաջորդած Կարսի համաձայնագիրը, որը նույն մոսկովյան պայմանագրի դրույթներն էր պարունակում, ըստ էության՝ իրավական ուժ չունեն, բայց դրանց գոյության միակ «նշանակությունն» այն է, որ հայ ժողովրդի դեմ ռուս-թուրքական դավադրության ապացույց են:
Թուրքիան այսօր վերջնարդյունքում ուզում է Հայաստանի հետ ունենալ մի նոր պայմանագիր, որը կօրինականացնի հայկական հողերի զավթումները: Այդ իսկ պատճառով նրան նոր իրավիճակ էր պետք, որը Հայաստանին կստիպեր ոչ միայն ճանաչել Թուրքիայի ավելի քան հարյուրամյա ագրեսիան ու դրա հետեւանքները, այլեւ պայմաններ կապահովեր Ադրբեջանի՝ Հարավային Կովկասում Թուրքիայի անփոփոխ պլացդարմի ընդլայնման համար:
Բոլորովին վերջերս, հավանաբար, վախեցած այն հեռանկարներից, որոնք սպասվում են իրեն, Թուրքիայի ղեկավարն Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում վերջինիս խորհուրդ էր տալիս մտնել Հաագայի միջազգային դատարան եւ Հայաստանից փոխհատուցում պահանջել «Ղարաբաղին հասցված վնասի եւ ավերածությունների համար»: Թե բա՝ հայեր, տեսեք, մենք էլ փաստարկ ունենք: Շատ ծիծաղելի է…
Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր կազմակերպությունների հիմնադրմամբ, տարբեր պետությունների տարածքներ ներխուժմամբ ձգտում է ցուցադրել, որ ինքը մուսուլմանական աշխարհի այսօրվա խալիֆն է: Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի հետ, քանզի նրան, ըստ երեւույթին հերթական անգամ թվում է, թե Անկարան իր հետաքրքրությունները կպաշտպանի Արեւելքում: Այս գործընթացում Ռուսաստանին կրկին կխաբեն, բայց այս անգամ նա կկանգնի նաեւ ողջ Հարավային Կովկասը կորցնելու վտանգի առջեւ, որովհետեւ, հավանաբար, արդեն կորցրել է իր դաշնակցին՝ Հայաստանին: Թուրքիայի դեմ երկու՝ բալկանյան ու կովկասյան ճակատներում մշտապես պատերազմած Ռուսաստանը, ինչպես երեւում է, դուրս է մղվում եւ Բալկաններից, եւ Կովկասից իր իսկ նախաձեռնած քաղաքականության պատճառով: