Անցյալ շաբաթավերջին հանձնվեց 2022 թ. Խաղաղության նոբելյան մրցանակը։ Ասում են, որ այդ մրցանակի հիմնադիրը խղճի խայթ զգալու պատճառով է որոշել սահմանել այն, որովհետեւ հենց ինքը՝ շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելը, մի քանի պայթուցիկ նյութերի գյուտարարն էր, այդ թվում՝ դինամիտի, որը մոլորակի թեժ կետերում լայն տարածում գտավ դեռ գիտնականի կենդանության օրոք:
Նոբելի վերջին կամքի համաձայն՝ խաղաղության մրցանակը, ի տարբերություն նրա անվան մյուս մրցանակների, շնորհվում եւ հանձնվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ՝ Օսլոյում։ Ըստ նրա կտակի՝ մրցանակը շնորհելու մասին որոշումները կայացնում է նորվեգական խորհրդարանի կողմից վեց տարով նշանակված՝ հինգ հոգանոց հանձնաժողովը։
2022 թ. հաղթողները դափնեկրի կոչմանն արժանացել են իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար։ 10 միլիոն շվեդական կրոնն այս տարի կբաժանեն բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկին, ռուսական «Մեմորիալ» եւ ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունները: Բայց կարեւորը ո՛չ գումարն է, ո՛չ էլ մրցանակակիրները, այլ՝ խաղաղությունը…
Նորվեգիան մեզ համար առաջին հերթին զուգորդվում է նորվեգացի մեծ մարդասեր, բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության, այդ թվում՝ նանսենյան անձնագրերի հետ։ Նանսենի նախաձեռնությամբ, Ազգերի լիգայի որոշմամբ նանսենյան անձնագրեր են ստացել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկված մոտ 320 հազար հայեր: Հիշեցնենք, որ այդ անձնագիրն անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո տրվել է փախստականներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ժնեւի կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու համար։ Միեւնույն ժամանակ, Նանսենի շնորհիվ եւ միջոցով բազմաթիվ մեր հայրենակիցներ հայրենադարձվել են: Իր մարդասիրական գործունեության համար Նանսենը նույնպես արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի։ «ՀՀ»-ն բազմիցս է մանրամասն անդրադարձել մեծ մարդասերի կյանքին ու գործունեությանը:
Այսօր Արցախում նույնպես ծայրահեղ բարդ իրավիճակ է, երբ Ադրբեջանի կողմից ակնհայտ են այս կամ այն կերպ հայերի ցեղասպանություն իրականացնելու միտումներ: Փրկության կարիք կա, բայց ոչ թե անձնագրերով նրանց տեղից հանելով եւ այլ երկիր անցնելու հնարավորություն տալով, այլ օգնելով, որ Արցախը տեղում ամրանա եւ անվտանգ ու խաղաղ դառնա։
Արդի ժամանակներում խաղաղությունը դարձել է ճաշակի հարց: Որեւէ տեսակի՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ժողովրդավարական, ֆինանսական ճաշակով է որոշվում, թե ինչ է խաղաղությունը կամ որն է խաղաղությունը, որ տեսակի խաղաղությունն է ձեռնտու աշխարհի խաղաթղթերի տրցակը խառնողներին եւ խաղաթուղթ բաժանողներին։ Իսկ հաղթաթուղթն էլ բաժին է ընկնում ոչ թե պատահականորեն, այլ՝ բաժին է հանվում ըստ վերոհիշյալ ճաշակներից որեւէ մեկի, նաեւ՝ ըստ քմահաճության։
Արցախում չափազանց լավ գիտեն խաղաղության գինը, նույնիսկ եթե դրա համար որեւէ արցախցի որեւէ տեղ որեւէ անգամ որեւէ մրցանակ չի ստացել։ Իսկ արցախցի հավակնորդները, ընդ որում՝ օբյեկտիվ հավակնորդները, շատ կլինեին՝ առանց սպիտակ օձիքի, առանց փողկապի կամ թիթեռնիկի, առանց աշխարհաքաղաքական հետին մտքերի… Նրանց միակ միտքը անվտանգությունն ու իսկապես խաղաղությունն են…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հ. Գ. Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանձնվող՝ Խաղաղության նոբելյան մրցանակն ու հայ-նորվեգական հարաբերությունները, բնականաբար, որեւէ կապ չունեն իրար հետ: Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում էր Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը, որը մասնավորապես նշել էր, որ իր այցի նպատակն է նախեւառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Բնականաբար, նա անդրադարձել էր նաեւ Նանսենին. «Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ Ֆրիտյոֆ Նանսենը ճանաչված է եւ դեռ հիշվում է Հայաստանում 100 տարի առաջ փախստականների հետ կատարած իր աշխատանքի համար»:
Իսկ տարիներ առաջ, ինչպես հայտնել էր «Արցախպրեսը», Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում, Արցախում տեղի էր ունեցել նորվեգացի եւ արցախցի երաժիշտների մասնակցությամբ համերգ: Շուշիիում եւ Ստեփանակերտում ունեցած համերգային ծրագրերին զուգահեռ՝ նորվեգացի երաժիշտները Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անցկացրել էին դաշնամուրի վարպետության դասեր, ինչպես նաեւ դասախոսություն՝ նորվեգացի անվանի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի կյանքի ու գործունեության մասին:
Նորվեգացի արվեստագետների հետ համագործակցությունը սկիզբ էր առել 2011թ: Մասնավորապես, դաշնակահարուհի Մարինա Կան Սելվիկն իր ամուսնու` նորվեգացի կոմպոզիտոր Էսպեն Սելվիկի հետ մասնակցել էր Արցախում անցկացված՝ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Արցախի պետական կամերային նվագախումբը 2012 թ. համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում: