Հայ ժողովուրդը դարերի ընթացքում իր բնօրրանում, գաղթօջախներում հազարավոր նյութական արժեքներ՝ վանք ու եկեղեցի, մատուռ ու խաչքար, ամրոց ու կամուրջ, աղբյուր ու ջրաղաց է կերտել եւ այդ մեծ հարստությունը ժառանգել մեզ։ Նույն դարերի ընթացքում բազում ասպատակողներ են անցել հայոց երկրով ու իրենց տխուր հետքն են թողել։ Մեր թշնամիները, ովքեր բացի ավերից ու թալանից, սպանություններից, ոչինչ չեն տվել աշխարհին, շատ են փորձել իրենց իբր մշակույթի մասը համարել հայկականը։
Այսօր էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը՝ ալբանական համարելով հայոց վանքերն ու եկեղեցիները, խաչքարերը՝ իրենց էլ համարելով աղվան-ալբանացիների ժառանգորդներ։ Այս հանցագործության դեմն առնել է պետք։ 2017 թ. ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը կնոջ՝ լրագրող եւ կինոպրոդյուսեր Նարե Թադեւոսյանի աջակցությամբ նկարահանել է «Հայաստանի գանձերը» լիամետրաժ փաստագրական ֆիլմը։ Այս օրերին Երեւանում է Նարե Թադեւոսյանը, եւ դեկտեմբերի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ նշված ֆիլմի՝ 2019-ի նկարահանած արդեն երկրորդ մասի առաջին ցուցադրությունը։ Ցուցադրությունից առաջ նա ասաց. «2017 թ. շուրջ մեկ ամիս նկարահանող խումբը Հայաստանում իրականացրել է նկարահանումները։ Երկլեզու՝ հայերեն եւ ֆրանսերեն, ֆիլմը ցուցադրվեց Ֆրանսիայի 30 քաղաքների կինոթատրոններում եւ միություններում, ինչպես նաեւ եվրոպական այլ քաղաքներում ու Կանադայում: Ֆիլմը մեծ արձագանք գտավ Ֆրանսիայում»։ Ֆիլմի երկրորդ մասը նկարահանվել է 2019 թ.՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում։ Մոտ 1 ժամ տեւողությամբ ֆիլմում Նարեկ Ոսկանյանը, ով նաեւ սցենարիստն է, անդրադարձել է մեր երկրում պահպանված հայոց դարավոր հուշակոթողներին ու ամրոցներին։ Ֆիլմում հանդես են գալիս հայ ու արտերկրի հայտնի գիտնականներ, ովքեր ներկայացնում են հայ պատմությունն ու ճարտարապետությունը, մշակույթը, քարարվեստը։ Ֆիլմն արժեքավոր է նաեւ նրանով, որ ներկայացվող հուշարձանի մասին տրվում է ամփոփ տեղեկություն ժամանակաշրջանի, կառուցողի, նպատակի եւ այլնի մասին։ Առավել կարեւորվում է նաեւ այն, որ խոսվում է արդեն եկեղեցու եւ նրա շինությունում առկա խորհրդանիշների, խաչքարերի մասին։ «Խաչքարը ներքեւից վերեւ ունի հետեւյալ կառուցվածքը. ներքեւի հատվածը՝ Եդեմը, դրախտի կենտրոն Եդեմի այգին, որի կենտրոնում Կենաց ծառն է…»,- պատմում է հեղինակը։
Հայաստանի Հանրապետությունում պահպանված դարավոր հուշարձաններից ներկայացվեցին Տաթեւն ու Հաղպատը, Ամբերդն ու Հայրավանքը, Ջուխտակ վանքը, Աղավնավանքը, այլ սրբավայրեր ու ամրոցներ, հուշակոթողներ, բնության գողտրիկ անկյուններ։ Հեղինակը, ներկայացնելով Հաղպատի վանական համալիրը, ասում է. «Երբ միջնադարում տարբեր կայսրություններ մասնատել էին երկիրը, եւ ամեն մեկը վարում էր կրոնական, լեզվական ու մշակութային ձուլման քաղաքականություն, այնուամենայնիվ, Հաղպատը պահպանեց իր մշակութային եւ հոգեւոր ինքնությունը…»։ Նույն դերն են խաղացել նաեւ մնացած վանք-դպրոց-համալսարանները տարբեր վայրերում եւ ժամանակներում։ «Հայաստանի գանձերը» ֆիլմում կարեւոր տեղ է հատկացված նաեւ Երեւանի Մատենադարանին, որտեղ պահպանվում են հազարավոր ձեռագիր մատյաններ։ Տեղեկություն է տրվում, որ աշխարհում պահպանվել է ավելի քան 30 հազար հայերեն ձեռագիր։ Հայոց այբուբենի ստեղծման մասին նույնպես խոսվում է։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը, հանդես գալով ֆիլմում, ներկայացնելով ցուցադրվող ձեռագրերը, տեղեկացնում է, որ ամբողջական պահպանված առաջին ձեռագիր մատյանը 887 թ. Ավետարան է։ Տեղեկություն է տրված նաեւ միջնադարյան մատյանների պատրաստման մասին՝ մագաղաթ, մելան, որդան կարմիր եւ այլն։ Խոսք կա նաեւ Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին, եւ մանրամասն ներկայացված է Խոր Վիրապի վանական համալիրը։ Կա փոքր անդրադարձ հայոց ցեղասպանությանը։ Ֆիլմում ներկայացված Արցախի մի քանի հուշարձաններ այսօր ադրբեջանական տիրապետության տակ են, եւ ինչպես ընդունված է, մեր թշնամիները կամ ավերում են հայկականը, կամ սեփականացնում։
Երբ հնագետ Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ Արցախի հնագույն Տիգրանակերտ քաղաքում կատարվում էին պեղումներ, ֆիլմի ստեղծագործական կազմը նկարահանել է նաեւ դրվագներ, եւ այսօր դրանք շատ կարեւոր մասունք են՝ աշխարհին Արցախն ու Տիգրանակերտը ներկայացնելու համար։ Արցախ աշխարհից ներկայացված է նաեւ երկհազարամյա Դադիվանքը՝ իր հզոր կառույցներով, աննման խաչքարերով, արձանագրություններով։ Խոսվում է Խամսայի մելիքությունների մասին, ներկայացված են նաեւ Տողի մելիքական ապարանքը, Շուշիի ամրոցն ու եկեղեցիները։ Իր շքեղությամբ ու անառիկությամբ հայտնի Հանդաբերդը Քարվաճառում պատմում է Արցախ աշխարհի երբեմնի հզորության մասին։ Այն այսօր նույնպես գերության մեջ է։ Քաշաթաղի հրաշքը՝ Ծիծեռնավանքը, որի հիմքերը 2000 տարուց ավելի պատմություն ունեն, եւ որտեղ եղել է հզոր հոգեւոր ուժ։ Այն մոտ 200 տարի գերության մեջ էր եւ ազատագրվեց 1993-ին։ Արցախյան վերջին պատերազմից հետո Ծիծեռնավանքն ու Քաշաթաղի մոտ 40 վանք ու եկեղեցի, մատուռ, հարյուրավոր խաչքարեր, մի քանի տասնյակ ամրոցներ, 10-ից ավելի հնադարյան կամուրջ, կամարակապ աղբյուրներ կրկին գերվեցին։ Արցախ աշխարհից ներկայացված են նաեւ Ասկերանի ամրոցը, երբեւէ չգրավված Կաչաղակաբերդը, Գանձասարը…
Ֆիլմի ավարտից հետո Ն. Թադեւոսյանը նշեց, որ կար նպատակ՝ Արցախում նկարահանումները շարունակել, սակայն եղավ պատերազմը… Ասաց նաեւ, որ երկրորդ ֆիլմն ավարտվում է արցախցի գյուղացի Անդրանիկի խոսքով, ով հայրենի հողի մշակն է ու ազատագրված Տիգրանակերտում բարիք էր ստեղծում այն ժամանակ։ Հավելեց նաեւ՝ 2019 թ. իրենց նկարահանումներին աջակցել են Հայոց վեհափառն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ թույլատրելով եւ տալով հնարավորություն՝ նկարահանումներ կատարել ՀՀ թանգարաններում ու վանքերում։ Շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանին, ով սիրով հատկացրել է դահլիճը։ Բացի այդ, միությունը ժամանակին օգնել է ֆիլմի ստեղծագործական կազմին։ Այդ հարցում օգնել է նաեւ Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ հանդես գալով ֆիլմում մի քանի կատարումներով։ Ֆիլմի կարեւորության մասին արտահայտվեց միության նախագահը։ Բարձր գնահատեց ռեժիսոր եւ պրոդյուսեր ամուսինների դերը, ովքեր ապրելով հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, ստեղծել են նման արժեք։ «Ես Արցախում շատ եմ եղել, սակայն, նայելով այս ֆիլմը, թվում է՝ Արցախում չեմ եղել…»,- խոսքն ամփոփեց Ն. Հարությունյանը։ Ասաց, որ ամեն անգամ սիրով կտրամադրի դահլիճը նման առաջին ցուցադրումների համար եւ Նարե Թադեւոսյանին նվիրեց իր ղեկավարած միության խորհրդանիշ «Նուռ»-ը, երգիչ Վարդան Գալստյանի երգերի սկավառակը, ում հետ ժամանակին համագործակցել են Շուշիում։
Տեղեկացնեմ, որ Վարդան Գալստյանը 1996-ից, դեռ մանուկ տարիքից բնակվում էր Բերձորում, այժմ աշխատում է Գերմանիայում։ Հնագետ Համլետ Պետրոսյանը, ով նույնպես ներկա էր ֆիլմի առաջին ցուցադրությանը, 2019-ին օգնել Տիգրանակերտի տարածքում կատարվող նկարահանումներին, իր խոսքում ասաց. «Մի քանի օր առաջ Պիզայի համալսարանում միջազգային գիտաժողով էր՝ «Թաքնված քաղաքներ» խորագրով, ես ներկայացրեցի «Սպիտակ քաղաքը» (Տիգրանակերտը.- Զ. Ը.)՝ Տիգրան Մեծի կայսրության սահմաններում։ Փորձում ենք գերված հուշարձանների հարցը միջազգային հարթակներում բարձրացնել, եւ դա պետք է շարունակեն երիտասարդները։ Սակայն մենք քաղաքական գործիչներ չենք, հետազոտող գիտնականներ ենք, եւ այս հարցում պետք է գործեն կառավարական մակարդակով…»։ Խոսեց նաեւ Տիգրանակերտում կատարած պեղումներից հայտնաբերված վերջին կարեւոր գտածոների մասին, որոնցից են Տիգրան Մեծի կառուցած ջրատարը, որն անցել է ժայռերի միջով։ «Սա Արտաշատի ջրատարից հետո Հայաստանում երկրորդ ամենամեծ կառուցումն է եղել ջրատարի առումով։ Մոտ 3 կմ-ից ավելի ջրանցք է կառուցվել այն ժամանակ, եւ քաղաքն ապահովվել է ջրով։ Տիգրանակերտը 2 լեռների արանքում է՝ Վանքասարի եւ Ցից սարի։ Ցավոք, մեր աշխատանքը կիսատ մնաց…», -խոսքը շարունակեց Հ. Պետրոսյանը եւ տեղեկացրեց, որ բազում (1600 եւ ավելի) հուշակոթողներ են պատերազմից հետո մնացել թշնամու տիրապետության տակ։ Նշեց, որ նյութ են հավաքում մեդիադաշտից թշնամու կողմից ավերվող հուշարձանների մասին։ Վերջերս տեղեկացվել է ավերված մոտ 70 հուշարձանների մասին, որոնք կառուցվել են խորհրդային եւ անկախության տարիներին։ Ասաց, որ Թուրքիայում ու Ադրբեջանում պետական բարձր մակարդակով են վերացնում կամ սեփականացնում հայկական հուշարձանները։
Ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա էին արվեստագետներ, արվեստասերներ, պատմաբաններ, եւ բոլորը ծափողջույններով հրաժեշտ տվեցին Ն. Թադեւոսյանին, ով տեղեկացրեց, որ ցուցադրությունը լինելու է նաեւ Երեւանի տարբեր դահլիճներում։