1921 թ. հունիսի 10-ին ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալ. Մյասնիկյանի կողմից վավերացվեց Հայաստանի պետական հրատարակչության մասին դեկրետը, որով սկիզբ դրվեց հայ իրականության ամենաբեղուն եւ բազմաճյուղ հրատարակչության գործունեությանը, որը տասնամյակներ անց հասարակության մեջ իրավամբ ճանաչվելու էր Մայր հրատարակչություն պատվանունով։ Չորսհարյուրամյա հարուստ անցյալ ուներ հայ գրատպական արվեստը մինչ այդ։ Այն առավելապես գործել էր օտարության մեջ եւ հատվածական ու հայ մտավորականության երազանքը՝ տպագիր գրքի արարումը բնավորել հայրենի եզերքում, իրականություն էր դարձել միայն 1771 թ.՝ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի անունը կրող տպարանի հիմնարկեքով Ս. Էջմիածնում, այնուհետեւ, երկար մաքառումից հետո՝ Շուշիում 1823-ին, հետո Վանում՝ 1858-ին, Մուշում՝ 1862-ին, Երեւանում՝ 1876-ին, ապա այլուր կազմավորվել էին գրատպական կենտրոններ, որոնք էլ ժամանակի ընթացքում արմատավորել էին Հայկական լեռնաշխարհում տպագիր գրքի մշակույթը, ինչն իր մեջ հնարավորինս ամփոփել էր եւ վերամարմնավորել միջնադարի ձեռագիր մատյանների բազմածալ խորհուրդը, գրի եւ գրքի հանդեպ հայոց պաշտամունքի հասնող հավատն ու նվիրումը։
Ինչեւէ։ Համաձայն խորհրդային դեկրետի՝ գրահրատարակչությունը Հայաստանում այլեւս պետական կարգավիճակ ստացավ։ Նոր ձեւավորվող Պետհրատը համապատասխանելու էր նոր ժամանակների ոգուն եւ պահանջներին։ Հանրապետությունում ցրիվ գործող հրատարակչական միավորներն այսուհետ հավաքագրվելու էին մեկ տանիքի տակ եւ գործելու էին նորաստեղծ խմբագրական կոլեգիայի վերահսկողության եւ ղեկավարության ներքո՝ առաջնորդվելով պետական ծրագրերով ու պլանավորումով։ Պետհրատի շուրջ՝ ենթաբաժինների կարգավիճակով, կենտրոնանալու էին նաեւ պոլիգրաֆիական, մատակարարման, գրաբաշխական, իրացման ենթակառուցվածքներն ու նյութատեխնիկական բազան՝ ՀԽՍՀ-ում գրարտադրության գործը «ուժեղացնելու», զարգացնելու նպատակադրումով։ Այսպիսով «սահմանվեց» նաեւ գրահրատարակության գաղափարական կոնցեպտը, որը լիովին համընկնում էր նորաստեղծ երկրի պետական գաղափարախոսությանն ու քաղաքական գծին՝ նրա ստույգ ուղենիշներին։ Այսուհետ պետական միջոցներով ապահովվեց հրատարակչության պոլիգրաֆիական եւ մատակարարման բազան։ Առաջին տարիներին գործում էին պոլիգրաֆ բաժնի ու Էջմիածնի գիտական ինստիտուտի տպարանները, եւ հընթացս ձեւավորվում Պետհրատի նոր տպարանները, որոնց հետագա կատարելագործման եւ հագեցվածության շնորհիվ տասնամյակներ անց հայ գիրքը որակական տեսակետից ոչնչով այլեւս չէր զիջելու ժամանակի միութենական եւ արտասահմանյան գրարտադրանքին։ Եվ առաջին գիրքը, որը լույս տեսավ նորաստեղծ պետական հրատարակչությունում, Կարլ Մարքսի «Վարձու աշխատանք եւ կապիտալ» աշխատությունն էր Ստեփան Շահումյանի թարգմանությամբ։
Իսկ հիմնադրման առաջին տարում այն հասցրեց հրատարակել 9 անուն գիրք՝ 21000 ընդհանուր տպաքանակով։ 1923-1924 թթ. Պետհրատը հրատարակել է շուրջ 50 անուն գիրք 256200 տպաքանակով (գրքերը հիմնականում տպագրվել են Պետհրատի նորակազմ N 1 տպարանում)։ Նույն տարիներին ձեւավորվեց գրախանութների ցանցը, որն ընդգրկեց ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ Լենինականը, Ղարաքիլիսան, Էջմիածինը, Նախիջեւանը, Թբիլիսին, Մոսկվան։ Հրատարակչության առաջին տնօրենը (մինչեւ 1925 թ.) Միսակ Էփրիկյանն էր, ով հմուտ էր հրատարակչական գործում Թբիլիսիում աշխատած տարիներից եւ իր փորձը ծառայեցրեց պետական հրատարակչության կայացման գործին։
Դեռեւս դարասկզբի վերքերը չապաքինած եւ նոր վերքերով ծանրաբեռ հայ ժողովրդի գրքասիրությունն աննախադեպ էր՝ փոքրաքանակ ժողովուրդը մեծ տպաքանակների պահանջարկ ուներ։ Հիմնադրումից տասը տարի անց՝ 1931 թ. Հայպետհրատը տարեկան 416 անուն գիրք է հրատարակել 2 մլն 297 հազար տպաքանակով։ Գրքի նման մասսայականությունը պայմանավորված էր ոչ միայն ժողովրդի մեջ պատմականորեն ձեւավորված ավանդական ըմբռնումներով, այլեւ դրան մեծապես նպաստեց Պետհրատում իրենց տաղանդն ու եռանդը ներդրած հայ մեծանուն մտավորականների գործունեությունը՝ գրքարարման նոր մշակույթ ստեղծելու եւ մշակելու նրանց նախանձախնդրությունը՝ Եղիշե Չարենց, Հակոբ Կոջոյան, Պողոս Մակինցյան, Մարտիրոս Սարյան, Տաճատ Խաչվանքյան, Վահրամ Գայֆեճյան եւ այլ երեւելիներ փորձում էին Հայ գիրքը ազգային նոր դիմագծով ներկայացնել ժամանակակից ընթերցողին, եւ այս առումով հրատարակչության համար բախտորոշ եղան 1928-1935 թթ., երբ գեղարվեստական գրականության բաժինը գլխավորում էր Եղիշե Չարենցը։ Նրա անդուլ ջանքերով գրքերի աշխարհի «անեզր տիեզերքում» փորձ էր արվում վերակերտել հայկականը, որը մագաղաթե անցյալով հարուստ, այժմ համաքայլ էր լինելու արդիականության հետ եւ, ըստ մեծ երազողի՝ ունենալու էր ընդգծված հոգեւոր-ազգային դիմագիծ: «Պետք է ստեղծենք ժամանակակից գիրք,- Ե. Չարենցի ծրագրային խոսքերը վերհիշել է Մարտիրոս Սարյանը:- Տեսնո՞ւմ եք, գերմանացիները, Մոսկվայի մեր «Ակադեմիա» հրատարակչությունը ինչ գրքեր են ստեղծում։ Մենք պետք է հասնենք նրանց, բայց մերը՝ հայկականը ստեղծելով։ Մեր նախնիները ոսկի ձեռագրեր են թողել մեզ։ Չի՞ կարելի նրանցից սովորել, իհարկե, կարելի է։ Գրվածքի ծավալին ու բովանդակությանը համապատասխան նկատի են առել գրքի չափը, հաստությունը, էջի մակերեսի ու «շարվածքի» կապ են որոնել, տեքստն ու նկարազարդումները ներդաշնակելու մասին են մտածել…»։ Նրա նախաձեռնությամբ կյանքի կոչվեցին գրական հասարակայնության մեջ մեծ համարում գտած մի շարք մատենաշարեր («Պետհրատի եժանագին գրադարան», «Ռուս կլասիկներ», «Կոմերիտական գրողներ»), հատորային հրատարակություններ, միահատորյակներ, թեմատիկ ընտրանիներ («Արեւմտահայ բանաստեղծներ») եւ այլն, որոնցով սկզբնավորվեց հրատարակչական «մտածողության» ուրույն մի ընթացք։ Այսպես ընթերցողի սեփականությունը դարձան հայ դասական հեղինակների՝ Հ. Թումանյանի, Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի, Մ. Մեծարենցի, Պ. Դուրյանի եւ այլոց երկերի ժողովածուները, թարգմանվեցին ռուս եւ համաշխարհային գրականության ընտիր էջեր՝ ի թիվս որոնց Ֆ. Դոստոեւսկու, Ի. Տուրգենեւի, Լ. Տոլստոյի, Մ. Սալտիկով-Շչեդրինի, Ն. Գոգոլի, Մ. Սերվանտեսի, Գ. Ֆլոբերի, Ջ. Սվիֆտի, Դ. Դեֆոյի, Մ. Տվենի, Ա. Պրեւոյի եւ այլոց ստեղծագործությունները։ Որոշ գրքեր լույս են տեսել մեծ բանաստեղծի խմբագրությամբ։ Նույն բծախնդիր վերաբերմունքը խմբագրապետը դրսեւորել է նաեւ դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների տպագրության գործում, սակայն նրա աշխատած տարիներին նկատելիորեն ավելացավ գեղարվեստական հրատարակությունների տեսակարար կշիռն ու պահանջարկը՝ ի հակակշիռ դասագրքերի եւ քաղաքական գրականության։
Շատերը Հայպետհրատի այս ժամանակաշրջանը համարել են «Ոսկեդար»։ Մինչդեռ 30-ականների երկրորդ կեսից սկիզբ առած ստալինյան բռնաճնշումների եւ հայ մտավորականության դեմ քաղաքական արյունոտ հաշվեհարդարի պայմաններում Ոսկեդարին անմիջապես փոխարինելու եկավ խորհրդային «ինկվիզիցիան», երբ ոչնչացվեց եւ հրո ճարակ դարձավ քաղաքական բռնություններին զոհ գնացած հայ գրողների՝ Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Վ. Թոթովենցի, Զ. Եսայանի եւ այլոց մեծատաղանդ ստեղծագործությունը, ինչպես նաեւ պարտադրվեց գրքերի տիտղոսաթերթերից եւ ելից տվյալներից ջնջել-վերացնել բոլոր այն խմբագիրների, սրբագրիչների, ժողովածուներ կազմողների, թարգմանիչների եւ այլոց անունները՝ Վ. Նորենց, Վ. Ալազան, Մ. Արմեն, Գ. Մահարի եւ այլք, ովքեր հակասովետիզմի մեղադրանքով դատապարտվել եւ աքսորվել էին հեռավոր արեւելքի գուլագները։ Խաթարվեց հրատարակչության բնականոն գործունեությունը՝ պետական-կուսակցական եւ գրաքննչական բիրտ վերահսկողությունը անառողջ մթնոլորտ ձեւավորեց խմբագրակազմում… մինչ գրական հասարակայնությունը խոսում եւ գործում էր քաղաքական մեղադրանքների, զրպարտանքների եւ մատնագրերի լեզվով, շուրջբոլորը որոնում նացիոնալիստներ եւ հականեր։
Ազգային ոգու եւ մտքի վերելքի մի շրջան էր Հայրենական մեծ պատերազմի տարիները, երբ գրականությունը շինել հագավ եւ զինվորագրվեց հայրենյաց փրկության գործին։ Այն ձեռք մեկնեց պատմությանը, եւ հայոց միասնականության եւ հերոսականության դրվագները արդիական մարմնավորում ստացան պատմավեպերում եւ բանաստեղծների մարտակոչերում, հրատարակվեցին «Հայ պատմագիրներ» մատենաշարի գրքերը, Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» (1943), Ն. Զարյանի մարտաշունչ քնարերգությունը, ի թիվս որոնց՝ «Ձայն հայրենական»-ը առանձին գրքով (1943), Ստ. Զորյանի «Պապ թագավորը» (1944), Հր. Քոչարի վառոդահոտ նամակները ռազմաճակատից («Հերոսների ծնունդը» (1942), «Նախօրյակին» (1943)) եւ այլն։ Այդ շրջանում՝ 1938-1947 թթ. Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչն է եղել արվեստաբան Ռուբեն Զարյանը։
Հրատարակչության հետպատերազմական տասնամյակները, հատկապես վաթսունականները բնորոշվեցին բարդ եւ անզիջում գրապայքարով։ Ձեւավորվել էր խմբագիրների, նկարիչ-ձեւավորողների մի նոր սերունդ, որը հասակ էր առել հրատարակչական գործի նախորդ լավագույն ավանդույթների եւ ժամանակակից համաշխարհային նվաճումների համադիր հիմքի ու փորձի վրա։ Ժամանակի առաջադեմ մտավորականների ջանքերով հայ գիրքն ազգային դիմագծի կրողն էր դառնում։ «Գրահրատարակիչներս,- գրել է 1962-1970 թթ. Հայպետհրատի գլխավոր խմբագիր Մկրտիչ Սարգսյանը,- արդարացի էինք ամենակարեւոր հարցում, այն է՝ ամեն գնով եւ՛ ընդունելի, եւ՛ անընդունելի, փրկել գրական արժեքները, թույլ չտալ ամենատես կոմկուսին, ոչ էլ նրան սպասարկող Գլավլիտին՝ հոշոտելու մեր ազգային հոգեւոր արժեքները կամ էլ հանձնելու կրակին»։ Այս շրջանում աննախադեպ հեղինակություն էր ձեռք բերել Պետհրատի (1964-ից՝ «Հայաստան») Գիրքը, որի շնորհիվ տարեցտարի ընդլայնվում էին հրատարակչական ծավալները, նորանում եւ բարձր որակ էր ձեռք բերում այն թե՛ հրատարակչական, թե՛ պոլիգրաֆիական կատարման տեսակետից։ Տարեկան այն լույս էր ընծայում շուրջ 500 անուն գիրք՝ ավելի քան 4000 մամուլ ծավալով, 5 մլն ընդհանուր տպաքանակով։ Ձեռքբերումները ուղեկցվում էին գաղափարական ծանր ու հոգեմաշ պայքարով. մի կողմից՝ 30-ականներին արգելված եւ ոչնչացված գրականության դառը փորձը ուսած, մյուս կողմից՝ Ձնհալի գարնանաբեր շունչը բորբոքում էր ազգային ինքնության պահպանման, պատմական հեռանկարի հաստատման ազնիվ մղումն ու մտադրույթը։ Բեւեռվել էին միմյանց դեմ պահպանողական ուժերը եւ ազատամտությունը եւ ազատ մտքի դեմ գռեհիկ սոցիոլոգիզմի գաղափարակիրներն ու զրպարտիչները՝ կուսակցական-պետական ռեսուրսով հանդերձ, խմբագրակազմում ջանադրաբար որոնում էին թշնամիներ, դաշնակցական պնակալեզներ եւ այլն։ Մինչդեռ իր հունով եւ հրատարակչական քաղաքականությունը մշակողների անձնական խիզախությամբ մշտապես ելք էր գտնում գեղարվեստական, պատմագիտական, հասարակական-քաղաքական բարձրարժեք գրականությունը։ 1965 թ. Մոսկվայում թեմատիկ պլանով հաստատված Հայոց ցեղասպանության մասին մեկ գրքի թույլտվության դիմաց հրատարակչությունը տպագրել է մոտ 20 անուն գիրք՝ պահանջատիրոջն ու ողջ մարդկությանը «հիշեցնելով» «մոռացված հայոց ջարդերի» մասին։ Այս գրապայքարի դժվարագույն պայմաններում լույս են տեսել նոր մատենաշարեր («Հայ մատենագիրներ», «Սփյուռքահայ գրողներ», «20-րդ դարի պատմվածք» եւ այլն), տպագրվել են մինչ այդ արգելանքի տակ գտնվող գրքեր, ինչպես Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (1964), Ա. Մնացականյանի «Հայ ժողովրդի ողբերգությունը» (1965), Լեւոն Շանթի «Ընտիր երկերը» (1968) եւ այլն, ժամանակակից գրողների՝ Հովհ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի եւ այլոց խիզախ ստեղծագործությունները, համաշխարհային թարգմանական գլուխգործոցներ եւ այլն։ Այս շրջանի գաղափարական անզիջում պայքարի եւ բախման դրամատիկ ապոթեոզը եղավ Պ. Սեւակի «Եղիցի լույս» ժողովածուի (1969) հրատարակությունն ու տպաքանակի կալանումը։ Նշյալ տասնամյակներում «Հայաստանն» այն ոգեղենության կրողն էր, որին վստահում էր ընթերցողը։ Հովհ. Շիրազը դիպուկ բնորոշել է. «Աջ ու ձախ շարված սենյակներում օր ու գիշեր, երկունքի ցավից… ազգային միտքը կթավալվի»։ ««Հայաստան» հրատարակչությունը հաստատել էր գրքի տիրապետություն հանրապետությունում,- գրել է նույն շրջանում գլխավոր խմբագրի տեղակալ Գեւորգ Արշակյանը,- այսինքն՝ քաղաքակիրթ հոգեւոր աշխարհի իրական ազգային մթնոլորտ։ Հրատարակչությանը Մոսկվայից մինչեւ Հայաստանի գաղափարական մարմինները մեղադրում էին, որ «ձեւով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» սկզբունքը խախտվում է լույս աշխարհ եկող գրքերում…»։
Հրատարակչական ծավալների մեծացումը, թեմատիկ առանձնահատուկ ճյուղավորումները, որոնք խմբագրական, հրատարակչական որոշակի ուրույն մոտեցումներ էին պահանջում, կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն առաջ բերին. 1955 թ. Հայպետհրատից առանձնացավ Մանկուսումհրատը, հետագայում՝ «Լույս», որը մասնագիտացավ դպրոցական դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրության գործում, 1976 թ. հրատարակչության գրական-գեղարվեստական խմբագրությունների հիմքի վրա ձեւավորվեց «Սովետական գրող», հետագայում՝ «Նաիրի» անունը կրող հրատարակչությունը, որից էլ ավելի ուշ առանձնացան «Արեւիկ» մանկական՝ 1986-ին եւ 1990-ին՝ «Անահիտ» արվեստի հրատարակչությունները։
Այլ կարգի հիմնախնդիրներ ծառացան հրատարակչության առջեւ 1990-ականներին, հանրապետության անկախացումից հետո, երբ 70-ամյա հրատարակչությունը ապապետականացվեց եւ սկսեց գործել տնտեսական խոր ճգնաժամի, հանրապետության գրահրատարակչական համալիրի հիմնովին ավերման եւ չգոյության պայմաններում։ Հրատարակչությունը հայտնվեց դարաշրջանների ճամփաբաժանին՝ հասարակարգի փոփոխությունը ձեւավորեց նոր թեմատիկ եւ գաղափարական գրականության պահանջարկ, իսկ 500-ամյա լինոտիպային տպագրական տեխնոլոգիային փոխարինած համակարգչայինը ձեւավորեց նոր որակի գրքարտադրանք եւ նոր աշխատաոճ։ Եվ թեեւ տպաքանակների անկման եւ տնտեսական սահմանափակ հնարավորությունների պայմաններում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազում խոչընդոտներով եւ փորձություններով հանդերձ հրատարակչության արդիականությունը բնորոշվում է ազատ, անկապանք գիր ու գրքի արարման, տարաբնույթ քաղաքական ու գրական, գիտական ու գեղագիտական հայեցակարգերի ու տեսակետների կայացման ու «հիմնավորման» ընթացքով եւ 100-ամյա դեկրետի «հին խոստումին» համահունչ՝ ունիվերսալիզմի կենսահաստատումով՝ գեղարվեստական-հրապարակախոսական, հասարակական-քաղաքական, պատմագիտական, գիտա-մասայական, թարգմանական, երաժշտական եւ այլ բնույթի գրականության հրատարակումով, որն ընդգրկում է ընթերցող հասարակայնության ամենալայն եւ բազմազան շրջանակները։ Լույս ընծայվող ամեն գիրք իր մեջ կրում է անցած ճանապարհի «փորձն ու գործը», ոգեկոչում Մայր հրատարակչությունում աշխատած խմբագրական գործի նվիրյալներին, աշխատակիցներին, «հիշման արժանի» տնօրեն-պատասխանատուներին, որոնք իրենց կյանքի մի հատված նվիրաբերել են «Հայաստանին», փորձել նպաստել նրա առաջընթացին։ Նրանք են՝ Էդվարդ Չոփուրյան, Լեւոն Օհանյան, Հայկ Գասպարյան, Հայկ Դռնոյան, Եվգենյա Մելիքովա, Հարություն Մկրտչյան, Աշիկ Ղազարյան, Տիգրան Ալեքսանյան, Խնկանոս Դանիելյան, Բախշի Ներսիսյան, Գրիգոր Բալասանյան, Կարո Վարդանյան, Խիկար Բարսեղյան, Մխիթար Դավթյան, Վահագն Մկրտչյան, Վիկտոր Բալայան, Հրանտ Ղազարյան, Դավիթ Սարգսյան։
Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայաստան» հրատարակչության տնօրեն 1998 թվականից