Արցախցուն ճանաչողների մոտ միայն հեգնական ժպիտ կարող է առաջացնել տեսակետը, թե Բերձորի միջանցքը կամ գազատարը փակելով հնարավոր է ճնշում գործադրել այդ ժողովրդի վրա: Երեք պատերազմ տեսած արցախցուն շրջափակման մեջ պահելով՝ որեւէ բան թելադրելն անհնար է: Պատերազմները չկոտրեցին նրա ազատատենչ, մարտնչող ոգին, իսկ շրջափակումներն ու ժամանակավոր դժվարություններն առավել քան անցողիկ, հաղթահարելի դժվարություններ են:
Սխալ է նաեւ մտածելը, թե նման քայլերով հնարավոր է վախի զգացում սերմանել արցախցու մեջ: Հազարամյակներով իր հողի վրա կանգնած, այն շենացրած եւ մշակած ժողովուրդը հաստատակամ է լինելու իր պայքարում: Այս առարկայական իրականության անառիկ պատին առաջին անգամը չէ, որ դեմ է առնում պաշտոնական Բաքուն, եւ լիովին օրինաչափ է, որ երեկ առանց նախապայմանների բացեց դեպի Արցախ գնացող բնական գազի խողովակների փականը, որը հենց Ադրբեջանն էր դրել Արցախի Հանրապետության տարածքները բռնազավթելուց հետո:
Փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ՝ Բերձորի միջանցքը, Բաքուն, ըստ էության, փորձում է էժանագին քարոզչական շոու բեմադրել ճանապարհից ուղիղ հեռարձակմամբ եւ արտաքին աշխարհին ուղղված քարոզչական թեզերով, որոնք միայն Ադրբեջանում են ընկալելի: Պատահական չէր, որ օկուպացված Շուշիի մատույցներից հնչեցվող ադրբեջանական քարոզչական թեզերը սահուն ձեւով «բնապահպանականից» քաղաքականի վերածվեցին: Շրջափակման երկրորդ օրն արդեն Բերձորի միջանցքից Բաքուն սկսեց հայտարարել, թե Արցախում պետք է գործի ադրբեջանական ոստիկանությունը, թե միջանցքում պետք է անցակետ դրվի եւ այլն: Այլ կերպ ասած՝ չափազանց անտաղանդ ձեւով բեմականացվում է Ալիեւի պարբերաբար արվող հայտարարությունը, թե 44-օրյա ագրեսիայի արդյունքում ինքը «լուծել» է Արցախի հիմնահարցը:
Սակայն դրսից խնդրին հայացք նետողի համար այդ քարոզչական հնարքը եւ պնդումներն առնվազն աբսուրդային կարող են ընկալվել: Նախ՝ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպե՞ս կարող է 30 տարվա արյունալի հակամարտությունն արագ լուծված լինել, երբ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում խաղաղապահներ են կանգնած, իսկ Արցախի ժողովուրդը պարբերաբար հայտարարում է, որ իր երկիրը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Անմտություն է նաեւ տասնյակ հազարավոր կյանքեր խլած պատերազմից հետո քաղաքացիական շոուներով ինչ-որ մեկին հակամարտությունը լուծված լինելու մեջ համոզել, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո դեռ հազարավոր զոհերի շիրիմները թարմ են, շատ նահատակվածներ էլ նույնիսկ շիրիմ չունեն: Արցախի այս իրողություններին դրսից ուղղված հայացքներով կարելի է ընկալել միայն մի բան: Այն է՝ 120 հազար բնակիչ լիակատար շրջափակման մեջ են, եւ մի ամբողջ երկիր հայտնվել է հումանիտար աղետի շեմին, ոտնահարված են մարդկանց կյանքի հիմնարար համամարդկային իրավունքները: Այսօր աշխարհն ադրբեջանական կեղծ քարոզչություն չի կարող տեսնել, քանի որ դրա մեջ տրամաբանության նշույլ անգամ չկա:
Աշխարհն այսօր… դատապարտված է տեսնել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների վտանգման աղաղակող փաստերը: Դրա մասին է խոսում Եվրոպական դատարանի կայացրած որոշումը՝ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Որոշմամբ Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչեւ երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի՝ Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանական էժանագին քարոզչությունը ոչ միայն արդյունք չտվեց, այլեւ տրամագծորեն հակառակ հետեւանքներն ունեցավ Բաքվի համար:
Թյուրքական կոալիցիան պատերազմի դաշտում չկարողացավ ինչ-որ բան պարտադրել Արցախի ժողովրդին, էլ ուր մնաց թե «քաղաքացիական» ակցիաներով եւ ճնշումներով հնարավոր լինի արցախցուն ստիպել հրաժարվել իր հիմնարար՝ ինքնորոշման իրավունքից: Բաքուն պետք է հասկանա, որ Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման միակ վայրը բանակցային սեղանն է, իսկ առաջընթաց գրանցելու համար նրա վրա պետք է դրվեն ոչ թե անիրատեսական առավելապաշտական պահանջներ, այլ օրվա իրողություններից բխող եւ փոխզիջում ներկայացնող առաջարկներ, հակառակ դեպքում հակամարտությունը կրկին կտեղափոխվի սառեցված փուլ՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: