Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ. առաջին անգամ մրցույթը կանցկացվի երկու քաղաքում՝ Երեւանում եւ Դիլիջանում:
Շուրջ 3 օր մասնակիցները կանցկացնեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի 2 տարիքային խմբերում էլ մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլում, որը տեղի կունենա Երեւանում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տեւողությամբ), իսկ կրտսեր խմբի (մինչեւ 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի եւ ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տեւողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:
Երկրորդ փուլում, որը տեղի կունենա Դիլիջանում, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչեւ 5 րոպե տեւողությամբ, իսկ ավագ խմբի մասնակիցները՝ մինչեւ 10 րոպե տեւողությամբ ստեղծագործություն: Գալա համերգը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կկայանա Երեւանից դուրս՝ Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում:
Մրցույթի բոլոր մասնակիցները, ավանդույթի համաձայն, ստանալու են խրախուսական նվերներ, պատվոգրեր, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաեւ անվանական գավաթներ, իսկ հաղթող մասնակիցները` նաեւ դրամական պարգեւ: Դրամական պարգեւներ կստանան մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մայիսի 5-ն է:
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:
Վ. Ը.