«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունն արժանի կլինի հավերժացնելու… Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»:
«Սյունիք», Գորիս, 1920 թ., թիվ 7
Ժամանակների հոլովույթում հազվադեպ երեւույթ է, երբ մեկ անհատի մեջ ներդաշնակորեն միաձուլված են լինում փառահեղ զինվորականն ու հանճարեղ մտածողը, ազգային գաղափարախոսն ու ազնվարյուն քաղաքական գործիչը: Մեկը, որի համար «ազգը գերագույն նպատակ է, իսկ ինքը՝ միջոց»: Եղել են, իհարկե, այդպիսիք, որոնցից է մեծն Նժդեհը՝ ծնված հայոց Նախիջեւան գավառի Կզնուտ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է գյուղի քահանա Եղիշե հորը եւ մնացել Տիրուհի մոր խնամքին: Ընտանիքի չորս երեխաներից կրտսերն ինքն էր, ում բախտ էր վիճակվելու կրթություն ստանալ տեղի ծխական դպրոցում, այն փակվելուց հետո ուսանել Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ապա նաեւ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Այստեղ ուսանելիս էլ միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ընդունվում տեղի համալսարանի իրավաբանական բաժին եւ երկու տարի սովորելուց հետո ուսումը կիսատ թողնում, լիովին նվիրվում է հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության: 1906-ին մեկնում է Բուլղարիա, ընդունվում եւ գերազանց գնահատականներով ավարտում է Սոֆիայի սպայական դպրոցն ու վերադառնում հայրենիք: 1907-ին անդամակցում է ՀՅԴ-ին, մասնակցում պարսկական հեղափոխական շարժումներին: 1909-ին զենք, ռազմամթերք տեղափոխելու նպատակով գալիս է Կովկաս, սակայն ձերբակալվում է ցարական իշխանությունների կողմից: Երեք տարվա բանտային կյանք, այդուհետ՝ նորից Բուլղարիա, որտեղ առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ՝ հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության, բուլղարական բանակի կողքին հայերը կամավորական վաշտ էին կազմավորել, որի ղեկավարները զորավար Անդրանիկն ու Նժդեհն էին լինելու: Առաջին աշխարհամարտի նախօրյակին, ցարական իշխանությունների կողմից «ներման» արժանանալով, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ պայմանով, որ կմասնակցի թուրքերի դեմ մղվելիք պատերազմին: Պատերազմի սկզբնական շրջանում նա հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարն էր, իսկ հետո՝ հրամանատարը հայ-եզդիական առանձին մի զորամասի: 1915-ին փորձառու զորականն ստանում է ցարական բանակի կապիտանի կոչում:
1917 թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասնում Կողբին՝ փրկելով տեղի հայությանը թուրքական կոտորածից: 1918-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում ընթացող կռիվները՝ հնարավորություն ստեղծելով նահանջող հայկական զորամասերին՝ անցնելու Ալեքսանդրապոլ, միաժամանակ ապահովելով Նիկողայոս Մառի պեղումների արդյունքի՝ մեծարժեք հնությունների փոխադրումը հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիից:
1918 թվական. մոտենում է հայոց ճակատագրի վճռորոշ ամիսը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ՝ Նժդեհն իր խմբով նահանջում է Վանաձոր՝ Ղարաքիլիսա, որտեղ հանգրվանել էին խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ: Խուճապահար էր նաեւ տեղի ժողովուրդը: Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականացվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով հայությունն հաստատելու էր հարատեւումի իր կամքը: Հավաքակա՛ն իր կամքը՝ կոփված նաեւ շնորհիվ Նժդեհի:
1918-ի մայիսյան հաղթանակներ: Ծնվում է մեր ժողովրդի հազարամյակների երազանք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը: Նժդեհը կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ, մեկ տարի հետո՝ Կապանի, Արեւիքի եւ Գողթանի ընդհանուր հրամանատար, ով երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանական հրամաններին: Այսպես. երբ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած կառավարությունը նրան հրամայում է գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը ոչ միայն կտրականապես մերժում է այն, այլեւ սրբում-տեղահան է անում գավառի թուրքական բնակավայրերը: Ըստ 1920 թ. օգոստոսին Հայաստանի եւ բոլշեւիկների միջեւ կնքված զինադադարի՝ Զանգեզուրը, Արցախը եւ Նախիջեւանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը վճռում է միայնակ չթողնել լեռնահայությանը եւ մնալ Սյունիքում: Այդ վճռորոշ օրերին է, որ անընկճելի զորականը հղանում եւ գործի է դնում Դավիթբեկյան Ուխտերը: Օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում նրա զինվորները ուխտ են անում Դավիթ Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը»: Այսպես են ծնունդ առնում Դավիթբեկյան Ուխտերը՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար» նշանաբանով:
Բացահայտելով թուրք-բոլշեւիկյան միացյալ դավադրությունը եւ չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոնշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում, Սյունիքը շարունակում է իր կռիվը եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920-ի դեկտեմբերին իրեն հռչակում ինքնավար:
1921-ի հունվարին Դրոն Բաքվից հեռագիր է ուղարկում Նժդեհին՝ առաջարկելով նրան թույլ տալ ինքնիշխան Զանգեզուրի խորհրդայնացումը, վստահեցնելով, որ, այդպիսով, Մոսկվայի առաջիկա կոնֆերանսում, որտեղ լուծվելու էին նաեւ վիճելի հողային հարցեր, Խորհրդային Ռուսաստանը բարի կլինի Հայաստանի հանդեպ եւ կպաշտպանի նրա շահերը: Սակայն այս անգամ եւս Նժդեհը, իբրեւ հեռատես քաղաքագետ, չի հեռանում Սյունիքից եւ շարունակում է մաքառել: Նույն թվականի ապրիլին հռչակվում է Լեռնահայաստանի Հանրապետություն՝ սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:
Այս պայմաններում, մի կողմից, Վրաստանի եւ Հայաստանի բոլշեւիկացումը, գաղթականության նահանջը դեպի Սյունիք, մյուս կողմից՝ պարենի ու հացահատիկի չգոյությունը, վարչական եւ զինվորական մարմինների միջեւ ծագած անհամաձայնությունները, միաժամանակ՝ խուսափելու համար ավելորդ հալածանքներից, որին կարող էր ենթարկվել Խորհրդային Հայաստանի հայությունը, եւ հաշվի առնելով, որ Հայաստանի բոլշեւիկյան ղեկավարությունը իր 1921 թ. հունիսի հռչակագրով Սյունիքը համարում էր կցված մայր երկրին, Լեռնահայաստանը հուլիսին տեղի է տալիս խորհրդայնացման առաջ: Թողնելով Զանգեզուրը՝ Նժդեհը հրաժեշտից առաջ հավաստում է լեռնահայությանը, որ ինքն ընդմիշտ չի հեռանում եւ պիտի վերադառնա, եթե Երեւանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի տերը: Իսկ Հայաստանի հեղկոմին ուղղված իր դիմումն անպարտելի սպարապետն ավարտում է սաստող տողերով. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունն ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության ու նրա մտավորականության արդար պահանջը…»:
Երկու տարվա անհավասար կռիվների ընթացքում թշնամու 15 հազար սպանվածի դիմաց Սյունիքը տալիս է ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղեր մաքրագործվում են թուրքերից եւ վերադարձվում բնիկ տերերին…
Երբ Նժդեհը խոսում էր մի քանի տասնյակ զինվորներով Լեռնահայաստանը գրավելու հնարավորության մասին, անշուշտ, նկատի ուներ այն քաջերին, ովքեր հավատարիմ էին Դավիթբեկյան Ուխտերին եւ իրենց արյան մեջ էին կրում հայ ժողովրդի ազատագրության վեհ գաղափարը, այլ ոչ թե սոսկ մտքում: Նժդեհը համոզված էր նաեւ, որ Սյունիքն արժանի է ազատության փառքին», որ սյունյաց արծիվներին միշտ հարկ է օգնել: Ինչպես ինքն էր ասում, «չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը…»: Իսկ Սյունիքը երբեք չի ընկել… Նրա լեռներում այսօր էլ կոփվում է կամքը հայոց, եւ փայլատակում է կայծակը, որ երկաթն է կոփում-ամրացնում…