ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ այցելեց ՀՀ Սյունիքի մարզ, որտեղ Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով Հայաստանում մնացած դպրոցահասակ արցախցիների հետ:
Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարարը զրուցեց նրանց հետ, նվիրեց գրքեր: Այնուհետեւ նախարարը երեխաների հետ միասին նայեց ներկայացումը, որը բեմադրվել էր հատուկ նրանց համար։ «Այսօրվա մեր ուժեղ լինելուց է կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից եւ մեծահասականերից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ եւ մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։ Իսկապես, շատ դժվար օրեր ենք ապրում. այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաեւ այստեղ գտնվող երեխաների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալ ընտանիք եւ տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում, բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ ե՞րբ է բացվելու Արցախի ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, եւ ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաեւ գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- իր խոսքում նշեց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը ճանապարհի փակման հետեւանքով կրթությունն ընդհատած երեխաներին հորդորել է հաճախել տեղի դպրոցներ. «Հայաստանի բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար, խնդրում եմ, հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ, ձեզ սիրով կընդունեն։ Գիտեմ, դժվար է, բայց փորձեք համապատասխան դասարաններում դասերին մասնակցել, որպեսզի հետագայում բաց թողած ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»։
Աշոտ Գաբրիելյանը, ով «Դասավանդիր Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդներից է Արցախի Մարտունի շրջանի Կոլխոզաշեն գյուղում, նշեց, որ միջազգային ծրագրի մասնակցելու համար Արցախից դուրս է եկել դեկտեմբերի 11-ին, երբ հետ է վերադարձել, Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող ճանապարհն արդեն փակ է եղել: Նա նշեց, քանի որ «Դասավանդիր Հայաստան»-ն ունի արտակարգ կրթության ծրագիր, աշխատակազմով որոշել են գալ Սյունիք, որտեղ տեղում աշխատում են Գորիսում մնացած աշակերտների հետ՝ նրանց ապահովելով որոշակի կրթական ծրագրերով եւ ժամանցով. «Կազմակերպել ենք անգլերենի եւ հայերենի խմբակներ, ինչպես նաեւ տարբեր ժամանցային խաղեր ենք մեզ հետ բերել, որպեսզի կարողանանք մի փոքր շեղել երեխաներին»:
Աշոտը ասաց, որ նա Արցախի Ասկերանի շրջանից է, եւ հիմա իր ընտանիքը, հարազատները, ինչպես նաեւ աշակերտներն Արցախում են. «Կապը կա, տրամադրությունն այնտեղ լավ է՝ չնայած նրանք էլ գիտակցում են իրավիճակի լրջությունը: Գիտենք, որ որոշ բաների պակաս կա արդեն, բայց այնտեղ պինդ են եւ մեզ էլ ոգեւորում են: Հույս ունենք, որ շուտով ճանապարհը կբացվի, եւ կկարողանանք վերադառնալ եւ Արցախ հասցնել դեղորայք եւ անհրաժեշտ պարագաներ»:
Հարցին, թե առաջինը ի՞նչ է անելու, երբ վերադառնա Արցախ, ուսուցիչ-առաջնորդը ասաց, որ տեսնելու է փոքր եղբորը, նվերներ է տանելու եւ փորձելու է նրա համար ստեղծել ամանորյա տրամադրություն՝ հենց Արցախում: «Նաեւ գնալու եմ աշակերտներիս մոտ, գրկելու եմ նրանց, քանի որ կարոտել եմ: Ասեմ, որ Կոլխոզաշենի դպրոցում կա 25 աշակերտ, որոնց բոլորին էլ դասավանդում եմ»,-եզրափակեց Աշոտ Գաբրիելյանը:
Գորիսում է գտնվում նաեւ Ստեփանակերտի «Ասպարեզ» պարային ստուդիայի խումբը, որի ղեկավար Լարի Ավանեսյանը պատմեց, որ իրենք վերադարձել են Թբիլիսիում կայացած մրցույթից։ Արցախի ուշուի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը երկու մարզիկների հետ դեկտեմբերի 1-ից դուրս է եկել Արցախից։ Նրանք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մրցաշարն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, եւ մարզիչն ու մարզիկներն այժմ Գորիսում սպասում են ճանապարհի բացմանը։
ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում շրջայց է կատարել նաեւ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, այցելել Պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:
Վ. Ը.