Երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, իր քայլը պայմանավորեց Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման հետևանքների չեզոքացման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքներով: Սակայն միևնույն ժամանակ պարզ էր, որ հայկական կողմը, մեղմ ասած, հույսեր չի կապում այդ ձևաչափով քննարկումների հետ: Միևնույն ժամանակ Հայաստանը խնդրել էր ոչ թե չեղարկել, այլ հետաձգել հանդիպումը՝ այդ կերպ վստահեցնելով, որ այլ հանգամանքներում այն կարող է կայանալ:
Լավրովը, ի վերջո, դեկտեմբերի 23-ին հանդիպեց Բայրամովի հետ, ապա, անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ հանդիպմանը չմասնակցելուն, զարմանք հայտնեց, թե հայկական կողմը դիվանագիտական կապուղիներով չի տեղեկացրել իր որոշման մասին, այլ այդ մասին իրենք տեղեկացել են ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունից:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է այդ թեմայի մասին: «Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի՝ Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, որ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում, և հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը:
Զարմանալի է, որ Սերգեյ Լավրովը հայկական կողմին մեղադրելու առիթ գտնելու համար որոշել է ակնհայտորեն սուտ տարածել: Դիվանագետը կամ իր վախերի ազդեցության տակ էր, կամ ադրբեջանցիներին ուզում էր դուր գալ (այս ուր է հասել ՌԴ-ն-հեղ.), կամ էլ այլևս այնքան հեղինակություն չունի իր իսկ ղեկավարած գերատեսչությունում, որ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն անհրաժեշտ չեն համարում նրան հայտնել դիվանագիտական կապուղիներով ստացված տեղեկատվության մասին: Հնարավոր է նաև, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը պարզապես անգործության է մատնված: