Չնայած ՄՍԿ-ի, միջազգային այլ կառույցների կողմից Արցախի շրջափակումը վերացնելու և Ստեփանակերտը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը վերաբացելու՝ Ադրբեջանին ուղղված կոչերին և հորդորներին, «բնապահպանների» մորթու տակ թաքնված հատուկ ծառայությունների աշխատակիցները տաք մուշտակներով երկու շաբաթ շարունակ գոցված էին պահում ճանապարհը՝ 120 հազար հայ բնակչությանը կտրելով արտաքին աշխարհից:
Համոզված լինելով, որ ոչ մի հորդոր տեղ չի հասնում, համբերատար ժողովուրդը որոշեց բողոքի ակցիա կազմակերպել իր իրավունքները ոտնահարելու, ազատ տեղաշարժը վերականգնելու և տևական հումանիտար աղետը վերացնելու համար: Այդ նպատակով դեկտեմբերի 24-ին հարյուրավոր արցախցիներ, որոնց շարքում էին զոհված մարտիկների երեխաներ ու կանայք, խաղաղ երթով Վերածննդի հրապարակից շարժվեցին դեպի Շուշիի մատույցներում տեղադրված ռուս խաղաղապահների անցակետ՝ հրամանատարությանն իրենց բողոքը հայտնելու: Ակցիայի մասնակիցներին խաղաղապահ կոնտիգենտի ներկայացուցիչները վստահեցրել են, որ «մինչև դեկտեմբերի 26-ը միջանցքը կբացվի և ադրբեջանցիների կողմից անցակետ չի տեղադրվի», հավելելով նաև, թե իբրև ադրբեջանցի «բնապահպանների» կողմից տեղադրված վրաններն ապամոնտաժվել են…
Խաղաղ երթի մասնակիցները վերադառնալով Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակում հավաքվել, քննարկել և «հանրագումարել» են ձեռնարկված ակցիայի արդյունքները, նախանշել առաջիկա անելիքները:
Նույն օրը երկրում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկելու, դժվարությունները հաղթահարելու, սեփական իրավունքների համար պայքարը շարունակելու պատրաստակամությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել հանրապետության ղեկավարների հանդիպումը՝ հանրության հետ, որտեղ բաց և անկաշկանդ խոսակցություն է կայացել անվտանգային ու առաջնահերթ մյուս խնդիրների շուրջ:
Հանդիպմանը, որին ներկա են գտնվել ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը և պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, հատուկ անդրադարձ է եղել Ադրբեջանի իշխանությունների առավելապաշտական նկրտումների, հայերի նկատմամբ սաստկացող թշնամական հռետորաբանության, նրանց կողմից առաջ քաշված այն պահանջների վերաբերյալ, որոնք անընդունելի են արցախցիների համար: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, թե «հերթական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը»: ԱԺ նախագահը ներկաներին նույնպես համախմբման կոչ արեց՝ հանուն Արցախի արժանապատիվ ապագայի: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ կազմակերպված դիմակայելով թշնամուն՝ կհաջողվի միջազգային հանրության աջակցությամբ չեզոքացնել երկրին սպառնացող բոլոր վտանգները, տեր կանգնել նախնիների երկրին, շենացնել և զորացնել այն:
Արցախը երբեք չլքելու, իր վճիռներում հաստատակամ լինելու մասին բարձրաձայնվել է նաև երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, որը մասնակիցների թվաքանակով չէր զիջում նախորդին:
Այն սկսվել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միասնական տերունական աղոթքով: Ելույթ ունեցողներն իրենց խոսքում դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, որն ուղղված է Արցախի հայաթափմանը: Արցախը կա, լինելու է և պայքարելու է իր հողում ապրելու համար»,- այս միտքը «շրջանառվել» է գրեթե բոլորի ելույթներում: «Երկու շաբաթ է, ինչ մեր ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է: Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը և ծնկի բերել: Սակայն դա նրան չի հաջողվելու»,- վստահեցրել են բանախոսները:
Ելույթ ունենալով հանրահավաքում, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնավորապես նշել է. «Ես 1980-90-ական թվականներին այստեղ չեմ եղել, բայց վերջին երկու շաբաթը զգում եմ՝ ոնց որ պատմությունը կրկնվում է: 35 տարի է, ինչ մենք սկսել ենք մեր պայքարը և պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ սերունդն այն տեսնի հաջողությամբ պսակված: Մենք դրա համար հազարավոր զոհեր ենք տվել, բազում դժվարություններ տեսել, որ ունենանք անկախ ու երջանիկ Արցախ: Արցախն արմատն է ողջ հայկական աշխարհի և մենք դառնալու ենք օրինակ՝ նոր վերածննդի, նոր արժեքների և ավանդույթների: Այս ոգին ուրիշ տեղ չկա: Հավատացեք, ես, որ եղել եմ աշխարհի 120-ից ավելի երկրներում, վստահաբար ասում եմ՝ Արցախն աշխարհի ամենասքանչելի վայրն է՝ չնայած դժվարություններին»:
Անդրադառնալով հետագա պայքարին, Ռուբեն Վարդանյանը ընդգծել է, թե իր որոշումը կայացրել է սեպտեմբերի 2-ին՝ գալով Արցախ: «Ես այստեղ եմ, պայքարում եմ ու երբևէ Արցախից չեմ գնալու, երբևէ Ադրբեջանի պայմաններին չեմ ենթարկվելու: Մեզ շատ ծանր ճանապարհ է սպասվում և այդ ճանապարհը միասին ենք անցնելու: Եթե զգանք, որ անկախ Արցախ ունենալը մեզ համար ամենակարևորն է, մեր հողի վրա ապրելը՝ մեր կյանքի իմաստը, վստահ եմ, որ ոչ թե միայն աշխարհն է մեզ օգնելու, այլ մենք ենք աշխարհին օգնելու մեր օրինակով»,- լավատեսություն ներշնչելով ներկաներին, բոլոր արցախցիներին, շեշտել է պետնախարարը:
Հանրահավաքը եզրափակվել է Արցախի ժողովրդի կոչ-ուղերձով՝ ուղղված համայն հայությանը, աշխարհին: