Սողացող ցեղասպանություն՝ Արցախի ժողովրդի դեմ
2022 թ. դեկտեմբերի հրապարակումների հիմնական թեման Արցախի շրջափակման փաստն է՝ զարգացնելով այն միտքը, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության դրույթները եւ սողացող ցեղասպանություն իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատից հետո նոյեմբերի 30-ին այդ երկրի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Սա, ըստ էության, ի դեմս Ֆրանսիայի, ԵՄ-ի պատասխանն է Ադրբեջանին՝ ԵՄ միջնորդական առաքելությունն արհամարհելու համար: Եվրոպական այս կառույցը չէր կարող չպատասխանել նաեւ Բաքվի պահվածքին, երբ Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությամբ ավելի շատացան հրադադարի խախտման սահմանային դեպքերը:
* * *
Դեկտեմբերի 1-ին հայկական կողմերի համար կարեւոր արձանագրումներ ապահովվեցին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համաժողովում ունեցած իր ելույթում ԵՄ դիվանագիտական կառույցի ղեկավար Բորելը հայտարարեց. «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»:
* * *
Դեկտեմբերի 3-ին Բերձորի միջանցքի փակելու դեպքն այն էր, ինչի մասին տեւական ժամանակ ահազանգում է հայ փորձագիտական հանրությունը: Պարբերաբար բարձրաձայնվում էր, որ Ադրբեջանը ոչ միայն լիարժեքորեն չի կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ տարբեր շինծու եւ կեղծ հիմնավորումներով փորձում է խախտել փաստաթղթի այլ կետեր, եւ դրանով՝ փաստաթուղթն ամբողջությամբ, իսկ վերջինս նշանակում է, որ պաշտոնական Բաքուն փորձում է տարածաշրջանն աստիճանաբար տանել դեպի ապակայունացում:
* * *
Ադրբեջանի հարավում դեկտեմբերի 5-ին մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունները միաժամանակ անցկացվում են Իրանի հետ սահմանի երեք հատվածներում: Չնայած պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ զորավարժություններն անցկացվում են 2022 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն, բայց ակնհայտ է, որ այն միանշանակ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի հետ սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լայնածավալ զորավարժությունների պատասխանն է: Հոդվածում զարգացվում է այն գաղափարը, որ Հայաստանը պատասխան համատեղ զորավարժություններ պետք է անցկացնի՝ վտանգավոր զրագացումները կանխարգելելու համար, այդ թվում՝ նաեւ Իրանի հետ:
Շարժառիթները բոլորովին այլ են
«Բաքուն տարածաշրջանի ապակայունացմանը միջազգային երանգ է տալիս» վերտառությամբ հոդվածում ասվում է, որ Բաքվի «բնապահպանական մտահոգությունները» լրիվ այլ շարժառիթ ունեն: Այն Բերձորի միջանցքի վրա հսկողություն սահմանելու, ՌԴ խաղաղապահների առաքելությունը կասկածի տակ դնելու եւ Իրանին հարվածելու հեռահար նպատակ է հետապնդում: Բերձորի միջանցք ներխուժելու փորձ անող ադրբեջանցի լրագրողները տեղից ուղիղ եթերով «անմեղորեն» հայտարարում են, թե իրանական համարանիշներով բեռնատարները անարգել մտնում են Արցախ, եւ զուգահեռ տարածում այն կեղծ տեղեկությունը, թե օրերս Իրանից 14 քաղաքացի են ժամանել Արցախի Հանրապետություն:
* * *
Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է տեղին սեփական խնդիրները լուծելու փոխարեն խոսել Արցախում ինչ-որ բնապահպանական խնդիրների մասին, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության գծով միջազգային փորձագետ Վալերի Պետրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ նավթավերամշակման գործարաններ շահագործող անձինք եւ կազմակերպությունները, այդ թվում՝ Ադրբեջանում, պետք է հասկանան, որ շատ մեծ վնաս են հասցնում կլիմայի գլոբալ փոփոխություններին, ամբողջ երկրագնդին եւ, իհարկե, առաջին հերթին պետք է մտածեն այդ ամենի մասին, այլ ոչ թե կազմակերպեն մտացածին բեմականացումներ, իբր, պայքարում են շրջակա միջավայրի համար։ «Ամբողջ աշխարհում ազնիվ մետաղների արդյունահանումը երբեւէ չի դիտարկվել որպես լրջագույն բնապահպանական խնդիր, ինչպես օրինակ` նավթի ու գազի արդյունահանումն ու վերամշակումն է։ Դրանք անհամեմատելի երեւույթներ են։ Դրա համար էլ ընդգծում եմ, որ եթե Ադրբեջանը մտահոգված է շրջակա միջավայրի պահպանությամբ, որպեսզի չվնասի բնությունը, կլիման, բնակչության առողջությունը, ապա պետք է առաջին հերթին մտածի քաղցկեղածին ածխաջրածինների մասին, որոնք մթնոլորտ եւ ջրային միջավայր են արտանետվում հազարավոր տոննաներով, չվնասի Կասպից ծովի ձկնային ռեսուրսները։ Սրանք անհամեմատ ավելի մեծ չափերի բնապահպանական վնաս են հասցնում, քան ազնիվ մետաղների արդյունահանումը»,- ասաց նա՝ հավելելով, որ բեմականացված կեղծ սցենարներով այդ երկիրը լուծում է քաղաքական խնդիրներ։
* * *
ԵՄ-ն ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում, այլեւ փորձում է աննախադեպ ծավալներով ավելացնել Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրերը: Օրերս Բաքվի հետ աշխատանքներն է սկսել ԵՄ տնտեսական-ներդրումային ծրագրի բարձր մակարդակի աշխատանքային խումբը։ Այս նոր համակարգող մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ միասին կորոշի եւ Ադրբեջան կուղղորդի 2 մլրդ եվրոյի առաջնահերթ ներդրումներ:
* * *
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արցախի ժողովուրդն իրականացրել է իր իրավունքների պաշտպանության եւ իրացման երկու հիմնարար քայլ՝ 1991 թ. այդ օրն անկախության հանրաքվեով ի լուր աշխարհի հայտնել է անկախ պետություն ունենալու իր որոշման մասին, իսկ 2006 թ. նույն օրն ընդունել է Արցախի Հանրապետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Հոդվածում ներկայացվում է այն գաղափարը, որ Արցախի ինքնորոշման կայացած ակտերի մասին բարձրաձայնումն ադրբեջանական կեղծիքին հակազդման միջոց է:
* * *
Երբ ադրբեջանական կողմն անբնական «նախանձախնդրությամբ» կարճ ժամանակահատվածում կառուցեց Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհը՝ շահագրգռված չէր Արցախը Հայաստանին կապող որակյալ նոր հաղորդակցության ուղու գոյության մեջ: Նոր ճանապարհով Բաքուն ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանեց Հայաստան-Արցախ գազատարի, էլեկտրաէներգիայի հաղորդակցության, ինտերնետի եւ այլ կապի ուղիները: Երկու օր Բերձորի միջանցքը կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակ պահելուց հետո Բաքուն գործի դրեց իր ձեռքի տակ հայտնված մյուս լծակը՝ ձմռան ցուրտ եղանակին փակելով Հայաստանից Արցախ մտնող գազատարը: Սողացող ցեղասպանություն՝ Արցախի ժողովրդի դեմ:
* * *
Ցեղասպանությունների կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաները մի շարք մարտահրավերներ են առաջ բերում մարդկության համար, բայց միեւնույն ժամանակ տեխնոլոգիաները, մասնավորապես թվային տեխնոլոգիաները դրական հնարավորություններ են ընձեռում՝ խթանելու կայուն խաղաղություն եւ անվտանգություն։ Ցեղասպանությունները պատահական չեն լինում, դրանք հաճախ սկսվում են ատելության խոսքից, որոնք առավել լայն տարածում են ստանում հատկապես սոցիալական հարթակների օգնությամբ։
Մատենադարանում անցկացվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, նվիրված` նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման խնդրին։ Երկօրյա ֆորումի շրջանակներում անդրադարձ է կատարվելու ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին եւ հեռանկարներին: Հատկանշական է, որ մինչ Երեւանում անցկացվում է ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային ֆորումը, Ադրբեջանը շարունակում է Արցախի էթնիկ զտման ու հայերի հայրենազրկման քաղաքականությունը։ Դեկտեմբերի 12-ից սկսած առայսօր ադրբեջանական կողմը կեղծ ու մտացածին պատճառաբանություններով արդեն երկրորդ անգամ փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։
Մարդու իրավունքներն ու հումանիտար սկզբունքները… նավթի ու գազի դիմաց
ՄԱԿ-ը երեք օրից ավելի հապաղում եւ աչք է փակում իր կանոնադրական խնդիրների ու նպատակների կոպիտ ոտնահարման աղաղակող փաստի առաջ՝ խուսափելով անգամ հայտարարությամբ դրան արձագանքելուց եւ գնահատականներ տալուց: Նման պահվածքով ՄԱԿ-ի այսօրվա ղեկավարությունը լրջագույն հարված է հասցնում միջազգային այս գլխավոր կառույցի վարքին՝ հարցականի տակ դնելով նրա գործառնականությունն ընդհանրապես, մինչդեռ խոսքը համաշխարհային կարգը պահպանող կառույցի մասին է, որի հեղինակազրկումը կարող է աշխարհում քաոսի պատճառ դառնալ: Թերեւս, նման պահվածքը կարող է բացատրվել միայն միջազգային էներգետիկ ճգնաժամի պայմաններում ադրբեջանական էներգակիրների գործոնով, ինչը, ավելի պատկերավոր ձեւակերպմամբ, նշանակում է մարդու իրավունքների եւ հումանիտար սկզբունքների վաճառք… նավթի ու գազի դիմաց:
* * *
Եթե Բերձորի միջանցքի շուրջ ընթացող այս գործընթացը չկասեցվի, ապա Հայաստանը, այդ թվում՝ Արցախը, կկանգնի հումանիտար աղետի առջեւ։ Դա կլինի երկրորդ մեծ աղետը երկու տարվա ընթացքում, մինչդեռ առաջինը հասարակությունն ու երկիրը դեռ չեն էլ հաղթահարել։ Բերձորի միջանցքի փակելը հստակ նպատակ ունի՝ անցակետի վերահսկողությունը փոխանցել պաշտոնական Բաքվին եւ դրանով իսկ վերջնականապես կոտրել Արցախի բնակչության կամքը՝ ստիպելով գոյաբանական անվտանգությունն ապահովելու համար ինքնակամ հեռանալ սեփական հայրենիքից։ Ի դեպ, ադրբեջանական սոցիալական հարթակներում ակտիվորեն շրջանառվում է այն միտքը, որ հայերին կարելի է թույլ տալ հեռանալ Արցախից, սակայն պետք է արգելել մուտքը, այդ թվում՝ շտապօգնության եւ սննդի ապրանքների մեքենաների համար։ Ցինիկաբար առաջարկում են այդ ծառայություններից օգտվել Շուշիից կամ իրենց հոգեհարազատ փողոցային ոճի շուկաներից, կարեւորը, ըստ նրանց, «նոր իրականության հետ ընտելացնելն է»։ Իսկ «էկոլոգիական» խնդիրներն օգտագործվում են բոլոր տեսակի ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտները խլելու նպատակով, քանի որ դրանք այս պահին առավել քան կենսական են որպես եկամտի աղբյուր եւ տնտեսական անկախության գրավական, կլինեն դրանք հանքեր, հիդրոէլեկտրակայաններ, թե գյուղատնտեսական նշանակության դաշտեր։
* * *
«Բազմիցս նշել ենք, որ Արցախի բնակչությունը որեւէ պարագայում չի կարող Ադրբեջանի կազմում գոյատեւել, որովհետեւ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, չի թաքցնում իր հայատյաց քաղաքականությունը, որ իրենց Արցախը պետք է առանց հայերի։ Մենք կարող ենք ադրբեջանցիների հետ ապրել որպես հարեւաններ, բայց որեւէ պարագայում չենք կարող լինել Ադրբեջանի կազմում»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
* * *
Արցախցուն ճանաչողների մոտ միայն հեգնական ժպիտ կարող է առաջացնել տեսակետը, թե Բերձորի միջանցքը կամ գազատարը փակելով հնարավոր է ճնշում գործադրել այդ ժողովրդի վրա: Երեք պատերազմ տեսած արցախցուն շրջափակման մեջ պահելով որեւէ բան թելադրելն անհնար է: Պատերազմները չկոտրեցին նրա ազատատենչ եւ մարտնչող ոգին, իսկ շրջափակումները եւ ժամանակավոր դժվարություններն առավել քան անցողիկ ու հաղթահարելի են: Զարգացվում է այն գաղափարը, որ արցախյան հիմնահարցի կարգավորման վայրը Բերձորի ճանապարհը չէ, այլ՝ բանակցային սեղանը:
* * *
Հայաստանի եւ Արցախի համար դժվարին այս օրերին Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ բարեկամ երկիրը: Այդ հարցում Փարիզը գործում է այն հնարավորությունների շրջանակներում, ինչը գծված է մի շարք առարկայական գործոններով, որոնք այնքան էլ քիչ չեն: Հատկանշականն այն է, որ հանուն հայկական պետությունների Ֆրանսիան չի խորշում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի, հետեւաբար՝ նաեւ Թուրքիայի հետ: Եվրոպայում ծառացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում այս երկրի խորհրդարանը նախորդ շաբաթ արգելանք դրեց ադրբեջանական նավթի եւ գազի ներմուծման վրա:
* * *
Այս իրավիճակում, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել՝ Բաքվին պարտադրելով մինչեւ դեկտեմբերի 19-ը բացել Բերձորի միջանցքը, քաղաքակիրթ աշխարհն էլ համաշխարհային խոշորագույն կառույցից սպասում է նոր միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ԵՄ բարձր հովանավորությամբ Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի ղեկավարների միջեւ ստորագրվում է համաձայնագիր, որով Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է «կանաչ» էներգիա։
Ակադեմիական դիվանագիտության կարեւոր մաս
Երեւանում դեկտեմբերի սկզբին անցկացվեց «Չինաստան-Եվրասիա» 4-րդ համաժողովը, որի շրջանակներում 31 երկրի 62 գիտնականներ քննարկեցին են Չինաստանի եւ եվրասիական մայրցամաքի երկրներին առնչվող աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական հիմնական զարգացումներն ու մարտահրավերները։ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի խոսքով` գիտաժողովի նպատակները բազմաշերտ են, այս օրերին մեր երկիրը գիտական կենտրոնների ուշադրության կենտրոնում է հայտնվում. «Սա շատ լավ է Հայաստանի համար, քանի որ, գալով մեր երկիր, ոչ միայն մասնակցում են աշխարհաքաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերությունների թեմայով քննարկումներին, այլեւ հայտնվում են հայկական միջավայրում, տեսնում են Հայաստանը եւ վերադառնալով` պատմում մեր երկրի մասին։ Սա ակադեմիական դիվանագիտության կարեւոր մաս է կազմում»:
* * *
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ռազմատուգանք են պահանջելու Հայաստանից՝ տարիներ շարունակ «Ղարաբաղն օկուպացնելու», «Ղարաբաղը շահագործելու եւ օգտվելու համար»։ Բերձորի միջանցքի փակման «բնապահպանական» հիշյալ «շարժումը» առաջին կիրառական քայլերից է այս գործընթացի։ Որոշ փաստեր ներկայացնենք, որոնք լույս կսփռեն այս ամբողջ պատկերին։ Ադրբեջանի նախագահը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արցախի հանքավայրերը շահագործման են հանձնվել բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը: Ալիեւը վերջինիս խոստացել է ապահովել հանքավայրեր ազատ մուտքը, հիմա էլ ամեն գնով փորձում է կատարել խոստումը։ Մի փոքր ավելի հետ գնանք՝ 2021 թ. հունիս։ Ընկերության հետ կապված համացանցային փնտրտուքը 2021 թ. հունիսի 17-ի թվագրությամբ մեզ մի նյութ «բերեց» «opendemocracy.net» կայքից՝ «Բացահայտվել են Մեծ Բրիտանիայի գործարար կապերը Լեռնային Ղարաբաղի հետ» վերնագրով։ Ենթավերնագիրն էլ սա է՝ «Անցյալ տարվա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ժամանակ Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի բացմանը հանքարդյունաբերության համար» (բառացի թարգմանություն)։ Ըստ հրապարակման՝ «Բրիտանական կառավարությունն աջակցել է Լոնդոնի ցուցակում գտնվող հանքարդյունաբերական ընկերությանը, որը շահույթ է ստանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին պատերազմից»։ Այնուհետեւ նշվում է, թե Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է «Anglo Asian»-ի հետ հակամարտության ամենաթեժ պահին: Հանդիպումից հետո «Anglo Asian»-ը Շարփին ուղարկել է լրացուցիչ նամակ, որը «պարունակում էր տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում ոսկու հանքավայրերի մասին»: Դեսպանը հետո թարմացում ստացավ «Anglo Asian»-ից ոսկու հանքում հետհրադադարի հետ կապված զգայուն զարգացումների մասին. էլփոստի խորագիրն էր՝ «Anglo Asian»-ը եւ հնարավորությունների երկիրը»։
* * *
«Anglo Asian Mining PLC» ընկերությունը միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների ներկայացուցիչներին (ՄԱԿ, ԱՄՆ պետդեպարտամենտ, ԵՄ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ) է դիմել՝ խոսելով այլոց կողմից շահագործվող իբր իր հանքավայրերի նկատմամբ իր «իրավունքների» մասին: «Anglo Asian»-ը աջակցություն է խնդրել, որ իր աշխատակիցների անվտանգ մուտքն ապահովի մեր Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքավայրեր եւ հարակից տարածքներ։ Որովհետեւ հայկական ընկերությունները իբր այդ հանքերում «ապօրինի» հանքարդյունահանմամբ են զբաղված, եւ ինքը չի կարողանում վերականգնել իր «օրինական իրավունքները»։ Մտածել, որ «Anglo Asian»-ը կամ Մեծ Բրիտանիան կամ ԱՄՆ պետդեարտամենտը, կամ նույն ՄԱԿ-ն ու ԵՄ-ն չգիտեն այդ հանքերի եւ հարակից տարածքների իրական տիրոջ՝ հային պատկանելության մասին, հայտնի պարզամտություն կլինի։ Բայց այն, որ քաղաքականությունը պոռնկության է վերածվում, երբ դրանով զբաղվում են պոռնիկները, նույնպես հայտնի է։
Հայկական ոգին ծնկած չէ…
Մեծ Բրիտանիան մնում է Ադրբեջանում միակ խոշորագույն ներդրողը։ Չմոռանանք նավթի ու գազի ոլորտում BP-ի ներգրավվածությունը։ Շղթան ամբողջացնենք. «Anglo Asian»-ը Սոթքն էլ է տեսնում իր «հնարավորությունների երկրի» սահմաններում։ Մտածել, որ բրիտանաթյուրքական կողմը զերծ կմնա իր նպատակները գործադրելուց, միամտություն կլինի։ Հարցն այն է, թե մենք ինչքանով պատրաստ կլինենք մեր իսկ երկիրը չդարձնել այլոց համար «հնարավորությունների երկիր»։ «Anglo Asian»-ը նոր չէ, որ երազում է մեր հանքավայրերի մասին, 1997-ից գործում է Ադրբեջանում։ Պարզապես հիմա հնարավորություն է ստացել տարիների երազանքն իրագործելու։ Կիրագործի, թե երազախաբ կլինի, մեր գործողություններից է կախված։ Առաջին այն քայլից, որ նախ՝ հոգեբանական պատերազմում տանուլ չտանք։ Հասկանալի է՝ Արցախում այս «հանքային» զարգացումները, սակայն, կապել միայն այս ընկերության երազանքների հետ, այդքան էլ ճիշտ չէ։ Թյուրք-ադրբեջանական տանդեմն է ճիշտ աշխատում պարզապես: Ինչքանով ճիշտ կաշխատի հայկական կողմը։ Սա է հարցը, բայց պատասխանը մեկն է՝ եթե ուզում ենք, որ Արցախը հայկական մնա, պետք է մարտահրավերներին դիմակայելու կամք ունենանք։ «Հանքային» շարժումից հետո մեկ այլ շարժում է լինելու։ Անդադար է լինելու, քանի դեռ թշնամին գործնականում չի համոզվել, որ հայկական ոգին ծնկած չէ։
* * *
Բերձորի միջանցքի փակումն իրականում ռազմական քայլ է՝ ուղղված Արցախում ապրող 120 հազար հայի կյանքի, անվտանգության ու տեղաշարժի իրավունքը խախտելուն, արցախահայությանը հումանիտար աղետի առաջ կանգնեցնելուն, ի վերջո՝ Արցախը հայաթափելուն։ Որ սա ռազմական քայլ է, բավարար է ընդամենը մեկ ապացույց՝ Հայաստանի եւ Արցախի կենսական ճանապարհը փակել է «գորշ գայլերի» նշաններով «բնապահպանական» ամբոխը։ Նշան, որ թյուրքական ահաբեկչական կառույցի բնորոշումն է։ Բոզկուրտ կամ գորշ գայլեր. թուրքական ազգայնական կազմակերպություն է, հավատարիմ է պանթուրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարախոսությանը, նպատակն է Մեծ Թուրանի ստեղծումը, ակնհայտ հնչեցվում են թյուրքական տեսակի գերազանցության թեզերը։
* * *
Այս բոլոր մարտահրավերներին դիմակայելու մի ձեւ կա՝ տնտեսություն եւ բանակ։ Որովհետեւ թշնամին միշտ թշնամի է մեզ։ Նա միշտ շարունակելու է հայաջինջ քաղաքականությունը, իսկ այդ նպատակով անընդհատ մեծացնելու է իր պահանջները։ Դեւին հաղթելու մի ձեւ կա՝ հալածելը։ Հալածելու գործիքները մենք պիտի ստեղծենք, արտադրենք, հետո նորից մշակենք, լավարկենք, կրկին արտադրենք։ Կյանքի ճշմարտությունն է սա, որից ոչ թե փախչում են, այլ՝ ընդունում այն։
* * *
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական եւ մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսում ունեցած ելույթում հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունները կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Դա փաստացի նշանակում է Հայաստանին ուղղված նախապայման, այն դեպքում, երբ Անկարան այդ թեմայով խոսելիս մշտապես հայտարարում է, թե առանց նախապայմանների է «խոսում» Հայաստանի հետ:
* * *
Որն է իրականում Հայաստանի շահը, ինչպես պետք է ճիշտ դիրքավորվի մեր երկիրը աշխարհաքաղաքական այս վայրիվերումներում։ Սրա պատասխանը տալու համար նախ պետք է ըմբռնել որոշ հարցերի խորքային դրդապատճառները։ Օրինակ՝ 1. ռուսական կողմի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների ցանկերում ինչ է ներառվել եւ ինչու, 2. այդ պատժամիջոցներն ինչու դժվար կացության մեջ դրեցին նաեւ պատիժը սահմանող կողմին, 3. ինչի շնորհիվ է, որ ռուսական տնտեսությունը որոշակի «իմունիտետ» է ձեռք բերել պարբերաբար կիրառվող ֆինանսական ու առեւտրային տարաբնույթ պատժամիջոցների նկատմամբ, 4. գլոբալացված աշխարհում ինչու հանկարծ էներգետիկ, հումքային ու պարենային անկախության անհրաժեշտության հարց դրվեց, միասնական եւ «մեծ ու սիրով» եվրոպական ընտանիքում ինչու հանկարծ խոշոր ընկերությունների ազգայնացման գործընթաց սկսվեց, 5. ինչու Ռուսաստանին անհնար եղավ լիակատար մեկուսացնել, դեպի ինչ նոր շուկաներ թեքվեց ռուսական կողմը, առեւտրային ինչ պայմանագրեր ունի Չինաստանի ու Հնդկաստանի հետ, 6. ինչու արժեզրկված ռուսական ռուբլին սկսեց արժեւորվել, երկարաժամկետ հատվածում ռուսական արժույթի ինչ տատանումներ են հնարավոր, 7. ինչպես հանկարծ ճիշտ դիրքավորվեց Թուրքիան ու սկսեց լարախաղացություն անել Արեւմուտք-Ռուսաստան գծի վրա, 8. ինչու է այս ծավալումներում օրակարգային այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, դրա շահառուների՝ թյուրքական կողմին օգնության ու մեր վճարած գինը, ընդհանրապես այդ «միջանցքի» շուրջ միջազգային ու տարածաշրջանային դիրքավորումներն ու պատճառները, 9. ինչու 44-օրյայի ժամանակ միջազգային հայտարարությունները հավասարության նշան դրեցին սեփական հողը պաշտպանող հայի եւ հայի հանդեպ ռազմական հանցագործություններ կատարողի միջեւ, 10. ինչու հանկարծ հիմա որոշեցին հայտարարությունները մի փոքր հասցեական անել, բայց կիրառականի չվերածել (գոնե ցայսօր) եւ այլն։
Առավելագույն իրատեսություն
Առանց չափազանցության, դրված է մեր լինելիության հարցը։ Ասել, թե ելքեր չկան, անթույլատրելի հոռետեսություն է։ Պնդել, թե հենց վաղը լուսավոր ապագա ենք կերտելու, չարդարացված լավատեսություն է։ Մեզ պետք է առավելագույն իրատեսություն, որ թույլ է տալու շոշափելի տեսնել մեր ներուժը եւ այս իրավիճակից դուրս գալու կարճ ու առարկայական ճանապարհը։ Ներուժը տեսանք, փոփոխություններ կանենք բոլոր ոլորտներում՝ ֆինանսական, տնտեսական, գիտական, դիվանագիտական, քաղաքական՝ հետեւանքներով հանդերձ։ Այդ փոփոխություններն իրապես բարեփոխումներ կլինեն՝ շղթայական արդյունքով, ինչը մեր պաշտպանունակության ու պետականության ամրապնդման, մեր ազգային նպատակների իրագործման հնարավորություն կընձեռի։ Ի վերջո, եթե ուզում ենք լինել, հակառակը մեզ ոչ մի ուժ ու ոչ մի երկիր պարտադրել չի կարող։
Քաղաքականություն իրականացնելիս «խաղադրույքն» արվում է կա՛մ երկարաժամկետ հեռանկարում արդյունք ստանալու, կա՛մ «այսրոպեական» խնդիրները լուծելու համար։ Բնականաբար, շահում են ապագային միտված պատերազմներ մղողները՝ լինեն դրանք ռազմական ուժի, թե այլ ձեւաչափերով։ Հայաստանի, հայերի եւ, ընդհանրապես, հայկական քաղաքակրթության համար կենսական նշանակություն է ստանում զոհի կերպարից դուրս գալը, ինքնախարազանմամբ անցյալի եւ ներկայի սխալները մշտապես շրջանառելու փոխարեն տարածաշրջանի բնիկ քաղաքակրթություն մնալու հայտի ձեւակերպումը։ Անհատական մակարդակում տեսնում ենք, որ հայկական միտքը, հայկական ներուժը բավարար են նման համարձակ քայլի համար, խնդիրը շարունակում է մնալ թերարժեքության բարդույթը չհաղթահարելու եւ գերնպատակը, ապագայի տեսլականը չսահմանելու կամ դրա կարեւորությունը չգիտակցելու մեջ։ Հազարամյակների ընթացքում կայսրություններ հիմնած հայը չի կարող բավարարվել զուտ սպասարկողի կարգավիճակով։ Անգամ պետականազուրկ վիճակում հայ տեսակը կարողացել է դոնոր լինել առաջավոր մարդկության համար արժեհամակարգային, մշակութային, տնտեսական, ինչու չէ նաեւ քաղաքական-իրավական հարթություններում։
* * *
Ինքնության համար պատերազմներն ու հակամարտությունները ժամանակակից աշխարհում ամենահզոր ուժն են: Տարածաշրջանի իրական տիրոջ՝ հայկական քաղաքակրթությունը ջնջելու փորձերը վտանգավոր միտումներ են ստացել։ Թեեւ 1988-1994 թթ. Արցախյան առաջին պատերազմի արդյունքներով արհեստածին քաղաքական միավորների ձեռքով հայկական կենսական տարածքի յուրացումը կասեցվեց, եւ հայը կարողացավ վերադարձնել իր հայրենիքի կարեւորագույն հատվածներից մեկը՝ Արցախի մի մասը, սակայն հետագա տասնամյակներում այդ ձեռքբերումն ամրապնդելու, հայկական տարրով ուժեղացնելու փոխարեն մենք ընթացանք սխալ ուղիով։ Գիտնական-մարտիկ միասնության մեջ ամրապնդվելու, Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Արցախը «ամրոց-պետություն» դարձնելու փոխարեն տուրք տվեցինք մեր իրական տեսակին խորթ՝ վաշխառուական, գեդոնիստական ապրելակերպին։ Ընդհանուր առմամբ՝ բարոյազրկման ճանապարհով ընթացող հասարակություններին, ի վերջո, բաժին են հասնում ծանր փորձություններ, համատարած արժեզրկման պայմաններում վեր են բարձրանում մարգինալ շերտերը՝ ճնշելով ազգերի սերուցքին։ Ներկա պայմաններում հայերը մեր տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների հետ միասին պարտավոր են մշակել ստեղծարար լուծումներ բարոյական, արժեհամակարգային ճգնաժամերը հաղթահարելու համար։ Միայն այդ կերպ է հնարավոր կասեցնել տեսակների քայքայումն ու տարրալուծումն անդեմ ամբողջության մեջ։
* * *
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը կարեւոր առաքելություն է իրականացնում։ Ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ-լեզվաբան Տորք Դալալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որտեղի՛ց է տվյալ հանրույթը գալիս, ի՛նչ արժեհամակարգերի կրող է եւ ո՛ւր է գնում: Այլ խոսքերով ասած՝ ազգաբանն է, որ գիտականորեն «կերտում» է ազգային ինքնություն, պետական ինքնություն, սահմանում է այդ ինքնությունները եւ հիմնավորում դրանք իրական փաստերով, ոչ թե մտացածին ու սին գաղափարներով: «Որպես կիրառական գործադրում՝ մեր հետազոտություններն ունեն կրթական նշանակություն, ինչպես նաեւ փորձագիտական տեղեկություններ են տրամադրում ներքին եւ արտաքին քաղաքականություն մշակող պետական պաշտոնյաներին: Այլ հարց է՝ որքանով են նրանք այդ տեղեկատվությունից օգտվում: Մեր հետազոտությունները կիրառելի են նաեւ տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսին, օրինակ, զբոսաշրջությունն է»,- ասաց նա:
Տարածաշրջանային զարգացումներ
Պակիստանյան «Թալիբան» (Թեհրիկ-ե Պակիստան Թալիբան) խմբավորումը խզել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություններն Իսլամաբադի կենտրոնական իշխանությունների հետ՝ մեղադրելով նրանց ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Գործարքը գործում էր հունիսից, բայց չդարձավ այն միջոցը, որի շնորհիվ կդադարեր բռնությունների աճը երկրում…
* * *
Սիրիայի հյուսիսարեւելքում քրդամետ վարչակազմը ցանկանում է ստիպել ԱՄՆ-ին խստացնել իր մոտեցումները թուրքական «Ճանկ-սուր» հատուկ գործողության նկատմամբ: Այդ նպատակով նրա գործադիր կոմիտեի համանախագահ Իլհամ Ահմեդը մեկնել է Վաշինգտոն: Քրդերի կողմից վերահսկվող ոչ կառավարական ռազմական խմբավորումները, որոնք դարձել են Անկարայի անդրսահմանային հարձակումների թիրախ, հիասթափված են այն դիրքորոշումից, որը դրսեւորում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեի վարչակազմը…
* * *
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու ալ-Հասան ալ-Հաշեմի ալ-Կուրաշին զոհվել է մարտական գործողությունների ժամանակ: Հայտարարվել է նաեւ նոր ղեկավարի՝ Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Կուրաշիի անունը, ում կոչ է արվել հավատարմության երդում տալ: Ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել նոր առաջնորդի մասին, սակայն ասել է, որ նա ջիհադի «վետերան» է:
* * *
Իսրայելը քարոզչություն է անում Իրանի դեմ՝ օգտագործելով դիվանագիտությունը, ներքին բողոքները, չհիմնավորված մեղադրանքները: Այս մասին գրում է իրանական «Farda»-ն, որի զրուցակիցը՝ քաղաքագետ Ջաֆար Կանադբաշին, պնդում է, թե շուտով այլեւս հնարավորություններ չեն մնա քայքայիչ գործունեության համար, եւ Արեւմուտքն ստիպված կլինի վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների շարունակմանը: Կանադբաշիի կարծիքով՝ Իսրայելը ձգտում է համոզել իր արաբ հարեւաններին՝ եւս մեկ անգամ գումարներ ծախսել Իրանում դիվերսիաների կամակերպման համար, որովհետեւ Թեհրանի աճող ազդեցությունը, ըստ քաղաքագետի, շատերին է անհանգստացնում, հատկապես՝ Սաուդյան Արաբիային:
* * *
Հորդանանում տեղի է ունեցել համագործակցության եւ գործընկերության Բաղդադի համաժողովի երկրորդ փուլը: Ըստ AFP-ի՝ միջոցառմանը մասնակցելու համար Ամման էին ժամանել մերձավորարեւելյան երկրների, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, խոսվել է նաեւ «միջուկային գործարքին» Իրանի վերադարձի մասին։
* * *
Թուրքիայից եւ Եգիպտոսից նախարարական մակարդակով արագ շփումներ են ակնկալվում, ինչը ճանապարհ կհարթի դիվանագիտական կարգավորման լիարժեք գործընթացի համար։ Այն մասին, որ տարածաշրջանային մրցակիցները պատրաստ են բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը, հաղորդել են արաբական աղբյուրները՝ ավելացնելով, որ դրանում իրենց դերն են խաղացել Պարսից ծոցի ֆինանսական խթանները։ Այդ գնահատականների համաձայն՝ Անկարան մերձեցման շրջանակներում պատրաստ է համագործակցել Արեւելյան միջերկրածովյան գազային ֆորումի (EMGF)՝ պետությունների ակումբի հետ, որը ձեւավորվել է Եվրոպայում ռուսական էներգակիրների այլընտրանքների անհրաժեշտության գաղափարի շուրջ։
* * *
Կառլսրուեի դաշնային դատարանն առաջիկայում կկողմնորոշվի, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի ոստիկանության լայնածավալ գործողության ընթացքում բերման ենթարկված անձանց նկատմամբ։ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նրանք բոլորը դավադիրներ են, ովքեր պատրաստվում էին գրավել Բունդեսթագը, սպանել մի շարք քաղաքական գործիչների եւ փոխել երկրում կառավարման ձեւը։
Թուրքական ջղաձգումներ
Թուրքիայի իշխող վերնախավը նախատեսում է հանդես գալ համընդհանուր ընտրությունների՝ ժամկետից շուտ անցկացման նախաձեռնությամբ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները, ովքեր ներկայացնում են նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ենթադրում են, որ վաղաժամկետ քվեարկությունը 2023 թ. գարնանը հնարավորություն կտա գոնե մասամբ փոխհատուցել իշխանության վարկանիշի անկման շուրջ ստեղծված իրավիճակը եւ անակնկալի բերել ընդդիմության առաջնորդներին:
* * *
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել թուրքական դատարանի վճռի առնչությամբ, որը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է երկու տարի յոթ ամիս տասնհինգ օրվա ազատազրկման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Ամերիկացի սենատորների կարծիքով՝ որոշումը «ցույց է տալիս Թուրքիայի շարունակական անկումը դեպի ավտոկրատիա»։ Քաղաքապետն այն ընդդիմադիր գործիչների թվում է, ովքեր կարող են բարդացնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2023 թ. վերընտրվելու հնարավորությունը։
* * *
Թուրքմենական գազի շուտափույթ մատակարարումը Թուրքիա, որի հույսն ուներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի չի ունենա։ Այսպիսին են դեկտեմբերի 14-ին կայացած Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթնաժողովի արդյունքները։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ստորագրվել է միայն փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, եւ ստեղծվել է աշխատանքային խումբ։
* * *
Թուրքիայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մոտ ապագայում կանցկացնեն երկրորդ գագաթնաժողովը: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Մարդին քաղաքում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ կընդունվի թուրքմենական գազի մատակարարման «ճանապարհային քարտեզ», ըստ որի՝ գազն Ադրբեջանով կառաքվի Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպա: Այդ դեպքում Թուրքիան կվերածվի էներգակիրների առքուվաճառքի խոշոր խաղացողի:
* * *
ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից տերությունների՝ Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հունական կործանիչներ որսալու մասին, որոնք ներխուժել են այն ջրային շրջանի օդային տարածք, որն Անկարան իրենն է համարում: Իսկ հունական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է միակողմանի քայլի՝ իր բացառիկ տնտեսական գոտու սահմանների հռչակմանը, այդ թվում՝ Էգեյան ծովում, եթե Հունաստանը չգնա զիջումների եւ իր զորքերը դուրս չբերի մի շարք կղզիներից: