ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ շահագրգռված է տարածաշրջանում կայունության եւ վերջնարդյունքում՝ կայուն խաղաղության հաստատման հարցում եւ գործուն քայլեր է անում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներն առարկայական ռելսերի վրա դնելու, ինչպես նաեւ հարաբերությունների կարգավորման համապարփակ պայմանագրի նախապատրաստման ու ստորագրման ուղղությամբ: Հայաստանի նման նախաձեռնողական պահվածքին Ադրբեջանը պատասխանում է ոչ կառուցողական պայմանների առաջադրման եւ ուժի սպառնալիքով:
Նենգափոխելով իրականությունը՝ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց, որ եթե հայկական կողմը համաձայն չլինի դելիմիտացիային, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով իրենք կցանկանան: Այս հայտարարությանը հետեւեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անցկացրած խորհրդակցությունը, որի ընթացքում նա շրջանառեց «ադրբեջանա-հայկական պայմանական սահման» եզրույթը, որից հետո հերթական ապատեղեկատվական քարոզչությունն արեց այն մասին, թե այդ երկրի զինուժը պետք է պատրաստ լինի «հայկական կողմի սադրանքները հետ մղելուն»:
Այստեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանի զինուժի ղեկավարը նույնաբովանդակ հայտարարության եւ իրականության խեղաթյուրման էր դիմել նաեւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի նախօրեին, ինչպես նաեւ 2011-ի սահմանային գործողությունների շեմին: Ինչպես վերոնշյալ հայտարարություններում, վերջինում նույնպես Հասանովը հնչեցնում է նույն մանիպուլյատիվ ձեւակերպումը, թե, իբր, իրենք պետք է պատրաստ լինեն «սադրանքները հետ մղելուն»: Հատկանշական է, որ այդ կեղծիքն իրենց հայտարարություններում օգտագործում են նաեւ Թուրքիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ագրեսիաները հայկական կողմի սադրանքների պատասխանն էին:
Նման կեղծ քարոզչական թեզերը միջազգային հանրությունն առնվազն տարակուսանքով է ընկալում, որովհետեւ այդպես էլ պարզ չի լինում, թե որն է եղել հայկական կողմի սադրանքը եւ ինչու պետք է վերջինս նման սադրանքի դիմի: Այդ տարակուսանքը լիովին հիմնավորված է, քանի որ իրականում հայկական կողմից ոչ մի սադրանք չի եղել եւ չի էլ կարող լինել: Ադրբեջանն ընդամենը, օգտվելով համաշխարհային հանրության «անատամ» գործողություններից եւ սպառազինության հարցում ունեցած առավելությունից, ագրեսիայի ակտեր է իրականացնում հարեւան պետության հանդեպ, որոնց հետեւանքը հարյուրավոր զոհերն են:
Ադրբեջանի ղեկավարության հնչեցրած ուժի սպառնալիքների եւ ռազմատենչ հայտարարությունների հասցեատերերն առաջին հերթին միջազգային կառույցներն են: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սկիզբ դրվեց արցախյան հիմնահարցի կարգավորման քաղաքական գործընթացներին, մինչդեռ պաշտոնական Բաքուն շարունակում է հիբրիդային պատերազմը՝ սպառնալով ողջ տարածաշրջանի կայունությանը: Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարն իր խոսքում սլաքներն ուղղում է նաեւ դեպի Արցախի Հանրապետություն՝ օգտագործելով «ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածք» ձեւակերպումը:
Այստեղ պետք չէ բացառել, որ Ադրբեջանը որոշակի վախեր ունի ՀՀ զինված ուժերի ստեղծման օրվա՝ հունվարի 28-ի հետ կապված, բայց փաստն այն է, որ վերջինս շարունակում է խստացնել ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու իր գործելաոճը: Այն առաջին հերթին խաթարում է բանակցային բնականոն գործընթացը: Այս գործելաոճից Բաքվին հրաժարվել ստիպել հնարավոր է միայն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, ինչպես նաեւ միջազգային կառույցների գործնական կանխարգելիչ քայլերով: Եթե Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարի վերջին հայտարարությունները հերթական ռազմական գործողության նախերգանքն են, ապա այն իրագործելու դեպքում հիմնական պատասխանատվությունը կընկնի նախորդ ագրեսիաներին ոչ համարժեք արձագանքած միջազգային կառույցների եւ գործընկեր պետությունների վրա: Եթե միջազգային ճնշման գործիքակազմը չի ազդում Ադրբեջանի վրա, ապա վերջիններիս առարկայական օժանդակությունը տարածաշրջանի խաղաղության պահպանմանը կլիներ առաջին հերթին ուժերի հավասարակշռության վերականգնմանն աջակցելը, իսկ նվազագույն դեպքում՝ սահմանային եւ շփման գոտիներ ՄԱԿ-ի մանդատով առաքելություններ ուղարկելը: