Աշխարհաքաղաքական զարգացումները ի՛նչ դասավորություն կունենան մեր տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս։ Դա հասկանալու համար պետք է հետեւել միջազգային էներգետիկ շարժերին, եւ այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Այնպես է ստացվել, որ ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքով այսօր էներգետիկ անվտանգությունն օրակարգային հարց է դարձել ամբողջ աշխարհում, հատկապես՝ Եվրոպայի համար։ Ասել է թե՝ Եվրոպայի հետ հարաբերություններում կշահեն այն երկրները, որոնք եվրոպական ուղղությամբ համագործակցության ներուժ ունեն էներգետիկ բնագավառում։ Օրինակ՝ թյուրքական կողմի երկու երկրներ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, շահող են դուրս գալիս։
Մի կողմից՝ Թուրքիան է ամեն ինչ անում, որ երկիրը միջազգային գազային հանգույցի վերածի (արագացված տեմպերով իրականացնում է ենթակառուցվածքային աշխատանքները՝ «Anadolu»), մյուս կողմից Ադրբեջանն է հաջողում ԵՄ-ին «համոզել», թե ինքը կարող է վստահելի դաշնակից լինել Եվրոպային։ Այնպես չէ, որ վերջինս չի տիրապետում թվերին, օրինակ՝ որ 2021-ին Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի ԵՄ մատակարարված ադրբեջանական գազը կազմել է ԵՄ սպառման ընդամենը 2 տոկոսը, մինչդեռ ԵՄ սպառման ցուցանիշը 400 մլրդ խմ է։ Այնպես չէ, որ Եվրոպան չգիտի, որ ադրբեջանական գազի՝ Եվրոպա արտահանման հնարավորությունները, այնուամենայնիվ, սահմանափակ են։ Բայց կա հայտնի բաղադրիչը՝ ընդդեմ ռուսական կողմի գործոնը, դրա համար Եվրոպան ինքն է որոշել քաղաքական իր գիծը՝ այսպես ասած՝ 2 տոկոսի համար վաճառե՞լ հոգին, թե՞ ոչ, եւ ընտրել է վաճառքի ճանապարհը։
Այսքան պարզունակ բացատրում ենք՝ ցույց տալու համար, որ ո՛չ Արցախի եւ ո՛չ Հայաստանի համար Եվրոպան այս պահին, քաղաքական հայտարարություններից զատ, ոչինչ չի անի։ Համենայնդեպս, այս պահին, երբ եվրոպական շուկայում ադրբեջանական գազի կարիքը կա, եւ երբ մեր դիվանագիտական հատված արդյունավետ չի գործում։ Ադրբեջանը, բնականաբար, այս ամենը գիտակցում է, եւ նրան ոչինչ չի խանգարում բացահայտ գործել՝ Հայաստանին պահանջներ ներկայացնել, Արցախին թույլ չտալ ամբողջական էլեկտրամատակարարում ունենալ, ճանապարհը փակել՝ լկտիաբար ասելով, թե փակ չէ, ելքը բաց է եւ այլն։ Այսինքն՝ մեր Արցախի 120 հազար հայորդիներին ուղիղ ասում է դուրս գալ հայրենի երկրից։ Ալիեւը վստահ է, որ Եվրոպան հիմա չի հիշի, որ ինքը բռնապետ է, որովհետեւ իր գազը հիմա պետք է Եվրոպային, ուստի ինքը Եվրոպայի համար այլեւս «վստահելի դաշնակից է»։ Սա նշանակում է՝ երբ մենք խոսում ենք հայ-թյուրքական ինչ-որ բանակցություններից, պետք է հասկանանք, որ մեր հանդեպ եվրոպական դիրքորոշումն օբյեկտիվ չի լինելու՝ պայմանավորված հենց գազա-քաղաքական բաղադրիչով։
«Արեւմուտքը» պաշտոնապես, ազնվորեն եւ անդադար բացատրում է. «…Մենք Հայաստանի անվտանգության երաշխավորը երբեք չենք եղել, այսօր էլ՝ չենք, եւ տեսանելի ապագայում չենք կարող լինել, որովհետեւ Հայաստանի բազմադարյա թշնամիները մեր քաղաքական ու տնտեսական անխախտ դաշնակիցներն են։ Կարող ենք առաջարկել համագործակցություն, «դեմոկրատիա», ֆինանսական աջակցություն, հայտարարություններ, խորհուրդներ, միջնորդություններ, կոչեր, մտահոգություններ, եւ ամենակարեւորը՝ «կարող են ջանքեր գործադրել…»։ Վերջ, այլ բան մի ակնկալեք»,-իրավիճակն այսպես է բացատրում էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Բազմիցս խոսել ենք նաեւ այն մասին, թե ինչ է բացատրում ռուսական կողմը։ Այլ խնդիր է, որ այն չենք նկատում։ Ճիշտ չենք աշխատում երկրների, կենտրոնների հետ՝ ոչ Հայաստանի եւ ոչ էլ Արցախի մասով։ Հետեւանքը՝ ոչինչ չենք ստանում ոչ մի ուղղությունից։ Որովհետեւ՝ աշխարհաքաղաքականությունում փրկիչներ չկան։ Մենք փրկիչ ենք փնտրում կամ ռուսական, կամ արեւմտյան կողմում։ Եվրոպական կողմը պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ։ Երբ Եվրոպան 2 տոկոսանոց գազային դիմակը ավելի է գերադասում, քան՝ իբր, իր արժեքներից ելնելով Արցախին իրապես աջակցելը, մենք գոչում ենք՝ ո՜ւր մնացին եվրոպական արժեքները։ Կամ՝ թեքվում ենք դեպի ռուսական կողմ։ Ասում ենք՝ ինչ ենք ուզում, ասում է՝ ինչ կարող է։ Մենք գոչում ենք՝ բա ինչո՜ւ մեզ չես պաշտպանում։ Աշխարհաքաղաքական իրավիճակի դարձյալ, մեղմ ասած, շատ պարզունակ նկարագրությունն ենք տալիս, որպեսզի հասկանալի դառնա, քանի դեռ ակնկալում ենք, թե որեւէ ուղղություն գործելու է մե՛ր փոխարեն, ոչ մի աջակցություն չենք ստանալու՝ մեկ-երկու կոչից բացի։ Ի դեպ, ձեռնտու կոչն էլ կարելի է գործողության վերածել, բայց դրա համար էլ գործել է պետք։
Մե՛նք պետք է գործենք։ Վերջապես երբ տունդ հրդեհ է ընկնում, հարեւանդ ոչինչ չի անում, եթե նկատում է քո անգործությունը։
Մենք չգործելու իրավունք չունենք։ Թշնամին զգոն է, եւ ամեն ինչ անելու է Հայաստանն ու Արցախը վերջնականապես հայաթափելու համար։ Ադրբեջանը ԵՄ-ից միայն նախորդ տարվա 1-ին կիսամյակում 5 մլրդ եվրո է ստացել բնական գազի վաճառքից։ Չմոռանանք, որ Բաքուն «ձեռքի տակ» միշտ կանխիկ փող ունի նավթի վաճառքից։ Ի՞նչ է անելու այս ամենը։ Բնականաբար, ուղղելու է ռազմական ծախսերին։ Բաքուն հիմա լավ հնարավորություններ ունի իր հայատյաց քաղաքականության պտուղները քաղելու։ Քաղելու է մինչեւ վերջ, եթե թույլ տանք։ Անկախ այն բանից, թե վաղն ինչպես կզարգանան հարաբերությունները թյուրքական կողմի եւ ռուսական կողմի միջեւ, կամ ինչ ծավալումներ կստանան թյուրքական կողմ-Արեւմուտք հարաբերությունները, մենք պետք է մեր ազգային շահը չանտեսելով՝ փոխգործակցենք ե՛ւ ռուսական, ե՛ւ արեւմտյան կողմի հետ։ Բայց նախ պետք է դադարեցնենք մեր՝ «բարու եւ չարի», «լույսի ու ստվերի», «գազանի ու մարդու», «խղճի ու անխղճության» դասերը՝ աշխարհին ուղղված։ Աշխարհին դա պետք չէ։ Աշխարհը պետք է տեսնի, որ մենք 44-օրյայից հետո էլ կարող ենք գործոն լինել տարածաշրջանում։ Հենց մեր՝ կրկին գործոն դառնալու նշույլներն անգամ տեսավ, մեր հանդեպ վերաբերմունքն անմիջապես կփոխի՝ հետեւանքներով հանդերձ։