Միեւնույն օրը՝ հունվարի 18-ին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեցին, որ տեղի է ունեցել Արցախի իշխանությունների ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հաղորդակցություն Լաչինի միջանցքը բացելու հարցի շուրջ: Արցախի նախագահը հայտարարեց, որ միջանցքը բացելու հարցում որեւէ առաջընթաց չի արձանագրվել, այլ ընդհակառակը՝ հունվարի 17-ին կրկին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածից անջատվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Չնայած այս հանգամանքին՝ ՌԴ ԱԳ նախարարն էլ կարծիք հայտնեց, որ առաջիկա օրերին հարցը կլուծվի:
Վերոհիշյալ գործընթացներում թերեւս էականն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Արցախի հետ ունեցած հարցերը, որքան էլ դրանք մտացածին եւ կեղծ լինեն, պետք է լուծի Արցախի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունների հետ: Այն, որ Բերձորի միջանցքը փակելու «բնապահպանական» հիմնավորումները կեղծ են, վերջին ասուլիսում փաստեց նաեւ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե միջանցքով ականներ են տեղափոխվել Արցախ եւ ականապատվել շփման գիծը: Ստացվում է, որ Բաքուն իր իրական վախերով պայմանավորված գործողությունները քողարկում է կեղծ «բնապահպանական» շղարշով, որը միանշանակ համաշխարհային հանրությանը եւ միջազգային կառույցներին մոլորեցնելու քարոզչական քաղաքականություն է:
Իրականությունն այն է, որ Արցախի պաշտպանության բանակը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո էլ ունի բավարար սպառազինություն երկրի պաշտպանությունն ապահովելու համար, իսկ այն, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են, փաստում են հենց ադրբեջանական զինուժի ռազմական ներխուժումները Փառուխի եւ Շահումյանի շրջանի շփման գծի հատվածներ:Հետեւաբար, եթե շփման գծի ականապատման աշխատանքներ տարվել էլ են, ապա դա բացառապես նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության պահանջները Ադրբեջանի պարբերաբար խախտման պատճառով է՝ բացառապես Արցախի զինված ուժերի տրամադրության տակ եղած սպառազինության միջոցներով:
Գրեթե 40 օր շարունակվող շրջափակման պայմաններում սեփական հայրենիքում ապրելու վճռական որոշում եւ կամք ունեցող արցախցին պայքարում ու դիմակայում է Ադրբեջանի ձեռնարկած սողացող ցեղասպանության գործողություններին: Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, վերոհիշյալ հայտարարությունների օրը կոչով դիմել է ՄԱԿ-ին եւ համաշխարհային հանրությանը՝ հայտարարություններից զատ գործնական քայլերով Բաքվին ստիպելու հրաժարվել ցեղասպան քաղաքականությունից: Արցախի ներկայացուցչական մարմինը դիմել է նաեւ եռակողմ հայտարարության երկու պետություններին՝ Ռուսաստանին եւ Հայաստանին՝ երրորդ կողմին պարտադրելու կատարել հրադադար ապահոված միակ փաստաթղթով ամրագրված պարտավորությունների կատարումը:
Այսպիսով, չճանաչված Արցախի Հանրապետությունը կոչով դիմում է համաշխարհային հանրությանը՝ ձայն բարձրացնելուց բացի գործնական քայլերով պաշտպանելու սեփական հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք ամրագրված են միջազգային գործող իրավունքի հիմնարար նորմերով: Արցախցին կոչ է անում կանխել Բաքվի՝ մարդկության դեմ հանցագործության հերթական գործողությունները: Արցախի ԱԺ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց Եվրախորհրդարանն իր լիագումար նստաշրջանի ավարտին ընդունեց զեկույց, որի մի շարք դրույթներ վերաբերում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, եւ դրանցից մեկով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ բացել Բերձորի միջանցքը՝ դրա փակումը գնահատելով որպես 2020 թ. եռակողմ հայտարարության խախտում:
Միազգային կառույցների համար արդեն լսելի է Արցախի ժողովրդի ձայնը, ինչը թույլ է տալիս այնտեղ ստեղծված իրավիճակին գոնե առարկայական գնահատական տալ՝ ժխտելով ադրբեջանական քարոզչական կեղծիքը, սակայն Բաքվին կառուցողական գործողությունների դաշտ բերելու համար պետք են ավելի գործուն միջոցներ, իսկ 40 օր շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների ուսերին օրեցօր առավել են ծանրանում հումանիտար աղետի հետեւանքները: