Մեր «ես»-ն առաջ է ընկել պետության «մենք»-ից ու ինքնամոռաց գնում է, ավելի ճիշտ՝ ոչ թե ինքնամոռաց, այլ պետությանը մոռացած: Կարծես թե ամեն մեկիս մեջ մի Լյուդովիկոս 14-րդ կա, որն ասում է՝ «պետությունը ես եմ»: Ու բնավ կարեւոր չէ՝ Լյուդովիկոսն իրականում ասե՞լ է այդ խոսքերը, թե՞ պարզապես դրանք վերագրվում են նրան: Դրանից ոչինչ չի փոխվում, որովհետեւ մենք շարունակում ենք մեր մեջ փայփայել առաջին հերթին Լյուդովիկոսին՝ «ես»-ին, նոր միայն՝ «մենք»-ին՝ պետությանը: Մինչդեռ յուրաքանչյուրիս «ես»-ը ոչ թե պետությունն է, այլ՝ պետության մի մասը կամ մասնիկը, եւ բոլորիս այդ մաս-մասնիկները միասին կազմում են մենք»-ը՝ պետության «մենք»-ը: Այսինքն՝ պետությունը մենք ենք:
Պետությունն առանձին վերցրած իշխանությունը չէ, առանձին վերցրած ընդդիմությունը չէ, բանակը չէ, ոստիկանությունը չէ, երրորդ ուժը չէ, չորրորդ ուժը չէ:
Պետությունն առանձին վերցրած մեծ ու փոքր պետերը չեն, առանձին վերցրած ղեկավարը կամ առանձին վերցրած նրա ենթական չեն, առանձին վերցրած հրամանատարը կամ զինվորը չեն, առանձին վերցրած ավտոբուսի վարորդը կամ նրա ուղեւորը չեն, հաց թխողն ու հաց գնողը չեն, հաց տանողն ու հացի սպասողը չեն:
Պետությունն առանձին վերցրած շենքը չէ, մուտքը չէ, առանձին վերցրած քաղաքը չէ ու գյուղը չէ:
Պետությունն առանձին վերցրած որեւէ մեկի կաբինետը չէ ու առանձին վերցրած որեւէ հրապարակ չէ…
Այս բոլորը, նրանք բոլորը, մենք բոլորս, կրկնեմ, պետության մասն են/ենք, մասնիկն են/ենք:
Չի կարելի անընդհատ կրկնել, թե՝ հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է: Չի կարելի, որովհետեւ եթե այն այսքան ժամանակ դաս չի դարձել, ուրեմն կորցրել է իր իմաստը՝ մե՛ր պարագայում, քանզի … մեր «ես»-ն առաջ է ընկել մեր «մենք»-ից:
Եթե այսպես շարունակվի, չպետք է բացառել, անդունդն է գլորվելու ոչ թե առանձին վերցրած ամեն մեկիս «ես»-ը, այլ՝ մեր «մենք»-ը, ու նույնիսկ մի Խորենացի չի մնալու, որ գրի հայոց պատմության հերթական «Ողբ»-ը:
Մինչդեռ կարող ենք այնպես ապրել ու անել, որ ոչ թե մեկ, այլ բազում Խորենացիներ ծնվեն, որոնք, սակայն, ոչ թե ողբ կգրեն, այլ հաղթական ձոն, ձոն «մենք»-ին, որ հաղթեց առաջին հերթին «ես»-ին:
Կարող ենք, եթե մեր «մենք»-ն առաջ ընկնի մեր «ես»-ից: Ու դա ոչ ոք չի անելու, բացի մեզնից:
Այլոց բոլորին ձեռնտու է, որ մեր «ես»-ն առաջ ընկնի պետության «մենք»-ից, որովհետեւ ի հետեւանս կմնա միայն «ես»-ը՝ առանց «մենք»-ի՝ առանց պետության, այն, ինչ նրանց պետք է:
Իսկ մեզ պետք է թե՛ մեր «մենք»-ը՝ պետությունը, եւ թե՛ մեր «ես»-ը՝ մեզնից յուրաքանչյուրը, որպես պետության մաս ու մասնիկ, որպես մեկ ամբողջություն:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ