Երկար ժամանակ է՝ Թուրքիան չոքած է Եվրամիության դռան մոտ եւ այս կամ այն կերպ փորձում է ներս մտնել ու պաշտոնապես դառնալ լիարժեք անդամ: Բայց առայժմ, ինչպես ասվում է հայտնի մանկական բանաստեղծության մեջ՝ «դունչը մեկնեց կովկիթին, շերեփն իջավ ճակատին»: Նրան այսօր էլ շարունակում են սաստել, որ՝ դեռ հեռու ես մինչեւ մարդը քո ճամփան…
Կարեւոր չէ, թե ինչն է պատճառը կամ ինչ պատճառաբանությամբ Թուրքիային չեն թողնում ԵՄ դռնից ներս մտնել, ինչպես ասում են՝ ընձուղտը մեծ է, նրան ավելի տեսանելի է, նա ավելի լավ գիտի: «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ», սակայն մենք էլ գիտենք, նույնիսկ ավելի լավ, որ Թուրքիան արժանի չէ ոչ միայն ԵՄ դռնից մտնելու, այլեւ նույնիսկ այդ դռանը հասնելու. 1915 թ. օսմանյան Թուրքիա՝ Հայոց ցեղասպանություն… Այդ մասին գերազանց գիտեր նաեւ հայազգի հրապարակախոս, լրագրող, Ստամբուլում լույս տեսնող «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքը:
Երեկ՝ հունվարի 23-ին, սակայն 16 տարի առաջ Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ՝ ոչ միայն հայեր, վերջին հրաժեշտը տվեցին թուրք մոլեռանդ ազգայնականի կողմից սպանված Դինքին՝ հային:
Ի դեպ, 23 թիվն առաջին անգամը չէր, որ առնչվեց Հրանտ Դինքին: Նա ապագա կնոջ՝ Ռաքելի հետ ամուսնացել էր կրկին ամսի 23-ին՝ ապրիլի: Նրան սպանողին՝ Օգյուն Սամաստին, դատարանը դատապարտեց ընդհանուր մոտ 23 տարվա ազատազրկման՝ 21.5 տարի՝ կանխամտածված սպանության եւ եւս 1 տարի 4 ամիս՝ ապօրինի զենք կրելու համար: Ավելացնենք, որ ըստ որոշ ուսումնասիրությունների, Հուլիոս Կեսարն իրեն սպանողի կողմից դանակի 23 հարված էր ստացել… Սա՝ իմիջիայլոց:
Հրանտ Դինքը շատ լավ գիտեր ոչ միայն Թուրքիայի ուղն ու ծուծը, այլեւ՝ խաղաղության գինը, այն, ինչի կարիքն այսօր աշխարհը չափազանց շատ ունի, եւ այն, ինչը աշխարհում խաթարվում է նաեւ Թուրքիայի պատճառով, Թուրքիայի դիտավորությամբ ու միջամտությամբ:
Մեզ համար ամենաթարմ վկայությունն Արցախյան երկրորդ պատերազմն է, որտեղ առաջին ջութակը հենց Թուրքիան էր: Աշխարհի համար դա Սիրիան է, որտեղ Թուրքիայի գործողություններն ընդդեմ խաղաղության բացահայտ են, եւ Ուկրաինան, որտեղ Թուրքիան խաղաղասերի ցնցոտիներով է՝ մի ձեռքով անօդաչուներ է մատակարարում ռազմի դաշտ, մյուս ձեռքով՝ իբր թե ցորենի տեղափոխման հարցեր կարգավորում: Ինչպես ասում են՝ ցանկացողը տեսնում է, չցանկացողը չի էլ նկատում, իսկ խաղաղությունը տուժողի կարգավիճակում է:
Դեռ 1996 թ. հոկտեմբերին իր խմբագրած «Ակօս»-ում Հրանտ Դինքը գրել էր. «Բոլոր նրանք, ովքեր խաղաղություն են ուզում, եկե՛ք խաղաղություն հաստատենք մեր մեջ հանուն Խաղաղության: Թո՛ղ միլիոն ստորագրություն լինի հանուն Խաղաղության: Եկեք ամենքս մեկական ստորագրություն տանք հանուն Խաղաղության… Թո՛ղ իմ ստորագրությունից մահանա պատերազմը, իսկ իմ մահը թո՛ղ լինի հանուն խաղաղության»:
Ցավոք, Հրանտ Դինքի մահով խաղաղությունն այդպես էլ չեկավ, այդ թվում, ինչպես նշեցինք, նաեւ Թուրքիայի գործողությունների պատճառով:
…2007 թ. հունվարի 23-ին՝ Հրանտ Դինքի թաղման օրը, գերեզմանատան ճանապարհին սգո թափորի մասնակիցները վանկարկում էին` «Ուս-ուսի` ընդդեմ ֆաշիզմի», իսկ նրանց հայերեն ու թուրքերեն պաստառները մասնավորապես ազդարարում էին` «Մարդասպան պետությունը պետք է պատասխան տա իր արածի համար»:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ