Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Քննարկվել են բազալտե եւ ապակե մանրաթելերի հենքի վրա շինվածքների եւ կոնստրուկտիվ տարրերի արտադրության արդիականացման, վերազինման, ինչպես նաեւ արտադրանքի կիրառության ծավալների մեծացման հետ կապված հարցեր:
Նիստին հրավիրված է եղել արտադրական նոր հնարավորությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնող «Օնիքս 3Գ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Կիրակոսյանը: Նա ներկայացրել է առաջարկվող արտադրատեսակների որակական հատկանիշները եւ շինարարական ծրագրերի ընթացքում տարբեր նշանակության կառույցներում կիրառելու հեռանկարը: Դիտարկվել է նաեւ այլ երկրների փորձը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ որոշվել է կոմպոզիտային եւ, ընդհանրապես, շինարարական նյութերի տեղական արտադրության հարցերի շուրջ ծավալել ավելի ընդլայնված քննարկումներ՝ հարցին մասնակից դարձնելով նաեւ շահագրգիռ տարբեր գերատեսչությունների եւ կազմակերպությունների:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր վերջին շրջանում Երեւանում բարձրահարկ կառուցապատումներին: Քննարկվել են «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմերի» պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցերը: Կարեւորությունից ելնելով՝ որոշվել է հարցերի քննարկումը շարունակել եւ հաջորդ նիստն ամբողջությամբ նվիրել երկրաշարժադիմացկուն շինարարության խնդիրներին: