Որքանո՞վ էր նա հետեւում ավանդույթներին, ի՞նչ է որոնածը, ո՞ւր է նա մեզ առաջնորդում, ո՞ր չափով են բացվում պատմության դռները նրա առջեւ: Առաջինը այս հարցադրումներն են ծանրանում ուղեղումս, երբ ուզում եմ արժեւորել որեւէ գրողի եւ գիտնականի ծառայությունները: Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ Լեւոն Միրիջանյանը այդ եւ բազում նմանատիպ հարցերի հստակ պատասխանել է իր խորաթափանց բանաստեղծություններով, ուղղորդող եւ տագնապալից, հոգեխույզ պատմագիտական վերլուծություններով, գրական գնահատականներով եւ հասարակական բեղուն գործունեությամբ: Վանեցի Վարդանի որդին, որ 1933 թ. հունվարի 22-ին նորոգ Հայաստանում (Երեւան) էր աչք բացել, պապերի օրրանի կարոտը մեղմել էր Վանին եւ Վանա ծովին նվիրված բանաստեղծական հզոր ներշնչանքով, ընթերցողի դատին հանձնելով «Այգեստաններ» (1958), «Ծովի կարոտ» (1965), «Դեպի ծով» (1971), «Ճանապարհ» (1975), «Առագաստ» (1983) քերթողագրքերը:
1950 թ. ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1955-ին՝ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետը, 1962-ին՝ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ բնագրագիտության գծով։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Պիոներ կանչ» թերթի (1949-1953), «Գրական թերթի» (1953-1957), «Երեւան» թերթի (1957-1959) խմբագրություններում։ 1962-1967 թթ. եղել է գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը, 1967-1975 թթ.` «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը։ 1975-1989 թթ. Հայաստանի գրքասերների ընկերության առաջին փոխնախագահն էր, 1989-ից՝ «Հայ դպրություն» վերափոխված ընկերության նախագահը ու պաշտոնահանդես «Արեւագալ» ամսագրի գլխավոր խմբագիրը:
1991-1996 թթ. հասարակական կարգով եղել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահը։ 1996 թ. հիմնադրել է Ցեղասպանությունը վերապրածների միությունը։ «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահն էր եւ ակտիվ գործունեություն էր ծավալում հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման ուղղությամբ։ Նաեւ եղել է Հայրենակցական միությունների խորհրդի անդամ եւ նրա «Բնօրրան» պաշտոնահանդեսի գլխավոր խմբագիրը: Վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 16-ին, Երեւանում։
Գրականության եւ արվեստի թանգարանի նմանվող նրա բնակարանի գրադարակի մի անկյունում, առանձին հարկաբաժնում Միրիջանյանի ձեռամբ գրված, վերահրատարակված ու թարգմանված 100-ի հասնող գրքերն են: Դրանց հետ է նաեւ նրա հիշատակին ընտանիքի եւ մերձավորների կողմից հրատարակված հայագիտական եւ հրապարակախոսական հոդվածների ժողովածուն («Սրբազան ավանդներ», «Հայաստան», 2006 թ.) եւ 2008 թ.՝ նրա ծննդյան 75-ամյակի առթիվ «Գիրք-օրացույցը», որ կազմել են եւ «Հայ դպրություն» ՀԿ-ի աջակցությամբ կազմել, տպագրել են Հովհաննես Պապիկյանը եւ Շուշանիկ Սահակյանը: Ի դեպ, «Հայ դպրություն» ՀԿ-ն հետագայում վերակազմավորվեց «Լեւոն Միրիջանյան» հիմնադրամի: Առանձնահատուկ գնահատականի են արժանի Լեւոն Միրիջանյանի հայագիտական եւ հայապահպանությանը, գրատպությանը նվիրված աշխատությունները, պատմության մութ էջերի բացահայտումները («Հայկական հնագույն մատյանը», 1981 թ., «Պատմության եւ առասպելի սահմանները», 1986 թ., «Հայկյաններ», 1988 թ., «Աստվածաշունչը եւ մենք», 1994 թ.): Նրա գրչին են պատկանում «Էն Լոռու ձորն է» եւ «Իմ կանաչ քաղաք» վավերագրական կինոնկարների սցենարները: Կազմել եւ խմբագրել է մի շարք հեղինակների գրքեր, թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով: Լեւոն Միրիջանյանը երբեք ձեռք չպարզեց կոչումներին, չհայցեց մեծարանքներ, բայց բարձր պարգեւների եւ գնահատականների պակաս չունեցավ: Նրան լիովին բավարարում էին ընթերցողների արձագանքները «Երգի հովիվը» պոեմին, այն կրկնելու ռադիոլսողների բազում խնդրանքները: Դա էր նրա տոնը, որը զարդարում էին Վահան Թեքեյանի անվան համազգային մրցանակը, անմահ Կոմիտասին նվիրված պոեմի թարգմանությունը արաբերեն, անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պորտուգալերեն, նաեւ Վիլյամ Սարոյանի գնահատականը՝ «Ի՜նչ աղվոր գործ է»: Միրիջանյանը հայերեն թարգմանել է Գ. Սկովորոդայի «Հատընտիր» (1972) գիրքը ու արժանացել նրա անվան մրցանակի (1993 թ.): 2002-ին էլ արժանացել է Ուկրաինայի «Վաստակի համար» շքանշանի:
…Երբ խորհում էի Լեւոն Միրիջանյանի 90-ամյակի շուրջ, զգացի, որ կյանքումս հիշարժան շատ փաստեր են կապված այդ մեծ այրի՝ մեր մեծերի արժանավոր ժառանգորդի հետ: Ժամանակին պատիվ եմ ունեցել լինել «Հայ դպրություն» ՀԿ-ում Լոռին ներկայացնողներից մեկը: Երբեք չեմ մոռանա իմ բազմաթիվ հարցերից մեկին նրա տված խոհեմ պատասխանը՝ «Ճանապարհ չի կարելի գնալ եսասեր՝ էգոիստ, մեծամիտ, ամեն ինչում առաջինը երեւալու ցավով տառապող ինքնասիրահարված մարդու հետ»: Իսկ ինքը շատ էր ճանապարհորդել, միշտ հպարտորեն ներկայացրել հային ու Հայաստանը, 1991-ին հրատարակել «Մենք գնացինք երկիր» ուղեգրությունը: Նրա ազգանվեր կերպարը ինձ մոտ ամբողջանում է նաեւ հանրաճանաչ շատ այրերի՝ Հովհաննես Պապիկյանի, Սուրեն Մուրադյանի, Ալբերտ Փարսադանյանի, Վահագն Սարգսյանի եւ այլոց կարծիք-գնահատականներով: Կարծում եմ, դեռ գալու է շատ ընթերցողների սրտեր նվաճած գրողի ժամանակը:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ