Հետաքրքիր նախասիրություններ ունի միջազգային հանրությունը: Մինչ Արցախում ավելի քան 40 օր շարունակվում է դիմակայությունն ադրբեջանական շրջափակմանը, աշխարհը հետաքրքիր զբաղմունք է գտել: Այս օրերի ամենակարեւոր թեման գերմանական «Լեոպարդ» տանկերն են: Լրջագույն դեմքերով այն գործիչներն ու կազմակերպությունները, ովքեր Արցախի շրջափակման վերաբերյալ բավարարվում են մտահոգություններով, քննարկում են այդ տանկերն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, հավանականությունը, քննադատում նրանց, ովքեր դեմ են փոխանցմանը եւ ողջունում նրանց, ովքեր հավանություն են տալիս:
Ոգեւորության մեկ այլ թեմա էլ կրկին գերմանական «Մարդեր» հետեւակի մարտական մեքենաների փոխանցման հարցն է՝ ե՞րբ կտան, ինչքա՞ն կտան, ո՞վ կտա եւ այլն: Հետո գալիս է ամերիկյան «Աբրամս» տանկերի հերթը, այնուհետեւ «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգերն են, եւ այսպես շարունակ: Աշխարհաքաղաքական մտահոգությունները պտտվում են այս առանցքի շուրջ, կարծես պատերազմի ելքը կախված է հենց դրանից, կամ դրանից որեւէ մեկը երջանկանալու է: Իսկ դժբախտանալը հաստատ շարունակվելու է:
Աշխարհն այս հարցում լեոպարդ է կտրել, մինչդեռ Արցախի ապաշրջափակման պարագայում անհայտ է, թե ինչի արձագանքի է նման այն ձայնը, որը հնչում է նույն աշխարհաքաղաքական կենտրոններից ու նրանցից ածանցյալ կառույցներից:
Արցախցին ինքը լեոպարդ է, եւ աշխարհը դա տեսել կամ լսել է: Սակայն այս պահին հայկական աշխարհի այդ հատվածին սպառնում են սովը, ցուրտը՝ դրանցից բխող հետեւանքներով: Արդեն ավելի քան 40 օր է՝ աշխարհը տեղյակ է այս մասին՝ նույնիսկ չտեսնելու կամ չլսելու փորձերի պարագայում: Աշխարհը ձեռ ու ոտ էր ընկել ու էլեկտրաէներգիայի արտադրության սարքավորումներ, գեներատորներ էր մատակարարում, որ պատերազմից տուժող մի տարածքում մարդիկ փորձեն թեկուզ մասամբ լուծել ջեռուցման խնդիրները: Այդ տարածքը Արցախը չէ, իսկ մատակարարողների թվում է նաեւ այն երկիրը՝ Ադրբեջանը, որն ինքն է հումանիտար աղետ ստեղծել Արցախում:
Արցախն այս պահին ոչ «Լեոպարդի», ոչ էլ «Աբրամսի» կամ որեւէ այլ զենքի կարիքն ունի, կրկնենք՝ ա՛յս պահին: Ավելի հրատապ են կտրոնային համակարգով բաշխվող սակավ քանակի սննդամթերքը բնակչությանը հասցնելը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից «մարդասիրաբար» դադարեցված էներգամատակարարման եւ գազամատակարարման խնդիրների լուծումը: Արցախն իրավիճակին համարժեք միջազգային արձագանքի՝ գործողությունների կարիքն ունի, սննդի, դեղորայքի, մեծ հաշվով՝ մարդասիրության կարիք: Միեւնույն ժամանակ, Արցախն օբյեկտիվ պատիժ, այո՛, հենց պատիժ է ակնկալում մարդասիրությանը դեմ գնացողների, մարդասիրական աղետ ստեղծողների համար…
Հումանիզմի մասին խոսում են բոլոր մայրցամաքներում, ժողովրդավարության օրրաններում եւ նույնիսկ ժողովրդավարության զնդաններում: Թե ինչ է փոխվում այդ խոսքերից հետո, լավագույնս վկայում է Արցախի շարունակվող շրջափակումը: Իսկ ժողովրդավարության հայրերի ու մայրերի, նրանց ժառանգորդների ու հետեւորդների շուրթերին շարունակում են ապրել «Լեոպարդն» ու «Աբրամսը», «Մարդերն» ու «Պատրիոտը», T- 80-ն ու T-90-ը, այլ ժողովրդավարական գործիքներ: Ու կարեւոր չեն ո՛չ նրանց , ո՛չ էլ այս զինատեսակների ազգությունը կամ առաքման հասցեն եւ առաքիչ երկիր/երկրները: Փաստ է, որ հումանիզմի այն հասցեն, որը պետք է լինի Արցախը, առայժմ, ցավոք, նրանց համար առաջնային չէ:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ