Արցախյան երրորդ պատերազմում Թուրքիայի ունեցած որոշիչ ներգրավվածությանը մեր պատասխանելու միակ գործուն միջոցը, թերեւս, Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքն է: Ծանր տնտեսական վիճակում գտնվող Անկարայի դեմ սա միակ գործուն պատասխանն է Արցախի ժողովրդի դեմ վերջինիս կատարած պատերազմական հանցագործություններին: Բուն ռազմագործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին չհաջողվեց մեծ թվով մարդկային կորուստներ պատճառել թուրքական բանակի անձնակազմին, քանի որ նրանք հիմնականում «Բայրաքթարների» օպերատորությամբ էին զբաղվում եւ «F 16» ինքնաթիռներով օդային աջակցություն էին ցույց տալիս թյուրք-ջիհադիստական զինյալներին: Վերջիններիս շարքում ռազմական գործողություններին մասնակցած եւ ոչնչացված թուրքական քաղաքացիություն ունեցող զինյալների թիվը քիչ էր:
Պատերազմի ժամանակ մեծ դեր խաղաց թուրքական զինտեխնիկան, իսկ դրա դեմ պայքարելու միակ ձեւը Թուրքիայի ռազմարդյունաբերությունը ֆինանսավորումից զրկելն է: 6 ամիս առաջ Հայաստանն արդարացիորեն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը մեր հանրապետություն: Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին հերթական որոշման նախագիծը, որով առաջարկվում է եւս 6 ամսով երկարացնել այդ ապրանքների ներմուծումը։ Դրանով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ դրանով կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:
Հանրային քննարկման դրված նախագծում ասվում է, որ սահմանված արգելքը չի տարածվում ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող եւ թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների եւ դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը:
Արգելքի դրույթները չեն տարածվում նաեւ Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա, ինչպես նաեւ ՀՀ-ից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա ապրանքների ներմուծման վրա, որոնք մինչեւ Հայաստանի տարածքից դրանց փաստացի արտահանումը պետք է գտնվեն միայն ժամանման վայրի մաքսային մարմնում: Գործադիրը որոշել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չտարածել նաեւ սահմանված կարգերով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած եւ հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների վրա։
Հայաստանի այս քայլը պատասխանն է թուրքական ագրեսիվ քաղաքականությանը, որի թիրախում էին հայտնվել հայկական երկու պետությունները: Մյուս կողմից էլ սա արձագանքն է Էրդողանի տարածած այն ստի, թե արցախյան երրորդ պատերազմի ելքն ապահովել է բացառապես Ադրբեջանը, եւ Թուրքիան որեւէ մասնակցություն չի ունեցել դրանում: