«Ազգերը, ինչպէս եւ անհատները, յաճախ մեծ եւ յաղթական լինելու կարիքը կը զգան։ Նրանք կ’ուզեն ունենալ գիտակցութիւնը իրենց տիրական կամքի, որը եւ ձեռք կը բերեն յաղթական պայքարի մէջ։ Այո՛, սէրը դէպի յաղթանակը եղել է եւ կը մնայ բացարձակ պայմանը ազգերի եւ անհատների ստեղծագործ կեանքի»։
Գարեգին Նժդեհ, «Յիշի՛ր պատերազմը»
Հայաստանի Հանրապետության օրացույցում հունվարի 28-ը նշվում է որպես Հայոց բանակի կազմավորման օր։ Արցախյան ազատամարտի կարեւորագույն նվաճումներից եւ ձեռքբերումներից էր ոչ միայն հայրենիքի մի հատվածի ազատագրումը, այլեւ Հայոց կանոնավոր բանակի վերածնունդը։ Կյանքի եւ մահվան, պատերազմի բովում թրծված հայ մարտիկն իր հզոր նախնիների ոգու կրողն էր դարձել՝ ապահովելով հաղթանակի անխուսափելիությունը։
Ուժի, հերոսության, անկոտրում կամքի մարմնացումն ու նորաստեղծ պետության անվտանգության երաշխավորը դարձավ Հայոց բանակը։ Անհնար է խոսել հայոց բանակի մասին եւ չանդրադառնալ նրա՝ դարերի միջով ձգվող ընթացքին։ Առաջին հայացքից հպարտություն առաջացնող այս տոնը ինչ-որ չափով «նսեմացնում» է հայկական բանակի, հայ ռազմիկի անցած ճանապարհը, քանի որ հայոց զենքի պատմությունը միահյուսված է հայ ազգի հազարամյա պատմության ընթացքին։ Այն նույնքան հին է, որքան հայը։
Պատմության ընթացքում ազգային զինված ուժերն ունեցել են կարեւորագույն եւ առանցքային դերակատարում. հայ զինվորականությունն է ապահովել ինչպես թագավորական, իշխանական տների անվտանգ կառավարումն ու գոյությունը, այլեւ բնակչության անվտանգությունն օտար նվաճողներից ու երկրի սահմանների անձեռնմխելիությունը։
Հայ զինվորականի կերպարն օրինակելի է եղել, քաջությունը, անձնվիրությունը, հանուն հայրենիքի կյանքը զոհաբերելու պատրաստակամությունը կենտրոնական տեղ են զբաղեցրել եւ բնորոշել հայ ռազմիկին։ Ի վերջո, այն ժամանակաշրջաններում, երբ ռազմարվեստին տիրապետելը համարվել է տղամարդու էության մի մասը, նրան բնութագրող բաղադրիչը, մենք ունեցել ենք ավելի ապահով հայրենիք։ Հայկական ազնվական տներում որդիները ստացել են երկարամյա ռազմական ուսուցում եւ դաստիարակություն։ Ռազմական գործին տիրապետելը համարվել է պատիվ, այլ ոչ թե պատիժ։ Ռազմական արվեստի եւ զինվորի նկատմամբ հատուկ վերաբերմունքն ընդգծվում է նաեւ նրանով, որ հնագույն ժամանակներում հայերս ունեցել ենք ռազմի աստված։ Հայկական դիցարանի ռազմի, քաջության եւ հաղթանակի աստված Վահագնին հեթանոս հայերն այնքան են սիրել, որ անգամ մարդեղենացրել են։ Պատմահայր Մովսես Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Հայոց արքաներն ու զորավարները մարտի գնալուց առաջ Վահագնից հայցել են խիզախություն եւ ակնկալել նրա հովանավորությունը:
Հայերի բացառիկ մարտունակությունը, հայ ռազմիկի առաքինությունները նկատել եւ արձանագրել են օտարները։ Հայերն արիասիրտ ռազմիկների համբավ են ունեցել դեռեւս հնագույն ժամանակներից։ Հռոմեական, ապա նաեւ բյուզանդական ժամանակներում հայ զինվորականը մեծ հարգանք էր վայելում՝ նշանակալի տեղ զբաղեցնելով կայսրությունների բանակների եւ ռազմաքաղաքական վերնախավերում։ Ակադեմիկոս, բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանը նշում է, որ Բյուզանդիայում «հայ» եւ «քաջ» բառերն ընկալվում էին իբրեւ հոմանիշներ: «Հայկական ռազմարվեստը հին աշխարհի շատ ժողովուրդների եւ երկրների ռազմական հզորության մակարդակը գնահատելու որոշակի փորձաքար է»,- վկայել է հույն պատմիչ Ստրաբոնը: Իսկ բյուզանդագետ Ռոմիլի Ջենկինսի խոսքով՝ «Բյուզանդիայի ռազմական հզորությունը, ռազմական կազմակերպվածությունը եւ ռազմական հանճարը, որոնց վրա էր խարսխված փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր»: Թուրք հրամանատար Վեհիբ փաշան 1918-ի մայիսյան հերոսամարտերից հետո խոստովանել է. «Հայերը ցույց տվեցին, որ ընդունակ են լինել աշխարհի լավագույն զինվորները»: Թուրք հրամանատարի գնահատականը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ապրելու եւ հաղթելու վճռականությունը կարող է անել աներեւակայելին՝ հաղթանակն ապահովել թշնամու նկատմամբ՝ կոտրելով թվաքանակի մեծության հետ կապված կարծրատիպը եւ ապացուցելով ոգու եւ կամքի գերակայությունը։ Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը խորհրդանշական է եւ ապացուցում է Նժդեհի խոսքերի ճշմարտությունը, որ «ամէնեն զարհուրելին պարտութիւնը չէ, այլ պարտուողականութիւնը, որով բռնուած ժողովուրդը լրացնում է, կատարեալ դարձնում իր թշնամու յաղթանակը»։
Անցյալի փառահեղ հաղթանակները ոգեշնչող են, ցավալի պարտությունները՝ ուսանելի։ Դրանց վրա ազդեցություն ունենալ չենք կարող, սակայն այդ դասերն ու ստացած փորձառությունը հնարավորություն կարող են ընձեռել՝ կերտելու արժանապատիվ ապագա, որտեղ մենք ծնկած չենք լինի։ Իսկ արժանապատիվ ապագա ստեղծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների առջեւ։ Հաճախ նման մտքերը գնահատվում են պաթոսային, զգացմունքային, երբ անհատն ազգաճանաչ չէ եւ չի զգում այն ուժը, որին տիրապետել են իր նախնիները եւ ինքը՝ որպես նրանց ժառանգ։
Այսօր հայկական զինված ուժերի մարտական ոգու եւ որակի վերականգնումն ու մշտական պատրաստվածության վիճակում գտնվելը պահանջված են եւ առաջնային։ Միայն թե մեր ժամանակներում հայ զինվորի, հայոց բանակի մարտունակության բարձրացման համար կարեւոր է ոչ միայն բարոյահոգեբանական պատրաստվածությունը, այլեւ գիտական մտքի «մարտիկների» աշխատանքը, քանի որ առանց այս երկուսի սերտ համագործակցության հնարավոր չէ հասնել հաղթանակների։ Այսօր մեր հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար այլեւս նոր խնդիր ունենք լուծելու։ Ցավալիորեն կորցրել ենք միասնականությունը, հանուն նպատակի բոլոր տարաձայնություններն ու հակասությունները «մոռանալու» կարողությունը, բայց եթե անգամ դա էլ լիներ, մեզ պակասում է նորագույն զինատեսակներին ոչ միայն տիրապետելը, այլեւ գերազանցելը։ Մնալ մեկ հարթության մեջ մեզ ոչնչացնել ձգտող թշնամու հետ, կնշանակի եթե ոչ պարտություն, ապա առնվազն մաշեցնող, հյուծող պատերազմ։ Հայկական կողմից զոհերի բացառումը հնարավոր է միայն թշնամուն գերազանցելու դեպքում, թե՛ հոգեբանորեն, թե՛ մարտարվեստի, թե՛ ռազմական հնարավորությունների մակարդակում։ Այս պարագայում հետին պլան կգնա պատերազմելու անհրաժեշտությունը, քանզի ուժեղի հետ չեն պատերազմում, այլ հարմարվում են, ձգտում համագործակցել, անգամ՝ դաշնակցել։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ