Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարին հատում ենք նոր իրողությունների եւ հրամայականների ներքո, պետության անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, պաշտպանությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովող գլխավոր կառույցի նորովի արժեւորման պայմաններում: 44-օրյա պատերազմը եւ դրան հաջորդած ՀՀ սահմանային միջադեպերը եւս մեկ անգամ եկան հաստատելու Նժդեհի մշտապես այսօրեական, իմաստուն խոսքերի արժեքը. «Ինքն իրեն հարգող ժողովուրդն իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազկի, իր զենքի վրա»:
Այս արտահայտության ամեն բառը ներծծված է հայ ժողովրդի հազարամյակների ոգեղեն պատմության դրվագներով հաստատված ճշմարտություններով: Այո՛, երիցս ճիշտ է Նժդեհը, երբ խոսում է ինքնապաշտպանության մասին: Հայ ժողովուրդը երբեք նախահարձակ չի եղել, նվաճողական պատերազմներ չի վարել, մշտապես պարտադրված է եղել ինքնապաշտպանական ճակատամարտեր վարել եւ եթե տարածքներ էլ է ազատագրել, ապա հակառակորդի պարտադրած պատերազմներում, զուտ իր բնօրրանում խաղաղ, ստեղծագործ ու արարողի առաքելությամբ անվտանգ ապրելու նպատակով:
Այս օրինաչափությունների շղթայում Երկրորդ հանրապետության ծնունդը բացառություն չէր կարող լինել: Թերեւս, օրինաչափ էր, որ մեր պետության ժամանակակից զինված ուժերի առաջին կազմավորումներն ստեղծվեցին մինչեւ Երկրորդ հանրապետության հռչակումը եւ կանոնավոր բանակի ձեւավորումը: Խորհրդային արհեստածին համակարգի փլուզումը եւ Հայոց պետականության վերականգնումը մեր ժողովուրդը կրկին սկսեց իր հայրենիքում ապրելու իրավունքի համար պարտադրված պայքարով: Առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն էր, որի համար սկսված պայքարի վրա էլ վեր հառնեց նորաստեղծ պետությունն իր պետական, պաշտպանական, անվտանգային կառույցներով: Մինչեւ 1991 թ. Անկախության հռչակագրի ընդունումը եւ նույն տարում Պաշտպանական կոմիտեի ձեւավորումը, 88-ի զարթոնքից հետո արդեն կազմավորվել էին ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք հետագայում միավորվեցին Երեւանի հատուկ գնդում եւ Մեղրիի, Վարդենիսի, Իջեւանի, Գորիսի եւ Արարատի վաշտերում: 1992 թ. հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը», երբ Արցախում արդեն ազատամարտը թեւակոխել էր վճռական փուլ: Հայոց բանակը կայացավ մեզ պարտադրված հերթական գոյամարտի բովում՝ հաղթանակներով ամուր հիմքեր ապահովելով պետության եւ զինված ուժերի կայացման ու զարգացման համար:
ՀՀ բանակը ձեւավորման սաղմնային փուլից կայացել է հերոս հայորդիների եւ բարեկամ ժողովուրդների զավակների անձնվեր պայքարի, նվիրումի շնորհիվ: Թաթուլի, Ավոյի, Բեկորի, Լեոնիդի, Շահենի, Մեղրիից մինչեւ Դսեղ, Երվանդաշատից մինչեւ Թալիշ ընկած գյուղերի, աշխարհասփյուռ հայության նվիրյալների սխրանքների վրա է ստեղծվել Հայոց բանակը, որում ծառայելը պատիվ է յուրաքանչյուր նորակոչիկի եւ ռազմական ուսումնարաններն ավարտած սպայի համար: Գոյության այս կարճ ժամանակահատվածում նրա շարքերում գրվել են հազարավոր հերոսապատումներ: Երեք տասնամյակ է՝ ՀՀ զինված ուժերը արժանապատվորեն դիմակայել եւ դիմակայում են բազում փորձությունների:
ՀՀ զինված ուժերի դարբնոցում ոգիները կոփած հայորդիները հերոսական, անձնվեր պայքար մղեցին նաեւ արցախյան երկրորդ եւ երրորդ ազատամարտերում, ՀՀ սահմանների վրա նենգաբար գործած հարձակումների ժամանակ:
Հունվարի 28-ն առաջին հերթին Հայոց պետականության եւ բանակի կայացման դժվարին ճանապարհը հարթած, նահատակված հայորդիների ու հայուհիների հիշատակի, ոգեկոչման օրն է, արցախյան պատերազմներում անձայն սխրանքներ գործած կենդանի լեգենդների եւ այսօր էլ ՀՀ զինված ուժերի շարքերում պատվով իրենց ծառայությունը շարունակողների տոնը: Նրանց հիշատակով եւ հերոսական, միշտ անմահ գործով են դաստիարակվում սերունդները, հայրենիքի զինվորները:
Այսօր մեր տարածաշրջանում եւ Երկիր մոլորակում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը գալիս է վերահաստատելու եւ վերարժեւորելու այն բացարձակ ճշմարտությունը, որ ժողովրդի արժանապատվությունը, պետության անվտանգությունը պաշտպանողն առաջին հերթին սեփական ուժեղ ու կենսունակ զինված ուժերն են, ինչը հնարավոր է ապահովել միայն հերոսների հիշատակն ու անմահ գործն արժեւորելու, ժամանակներին համահունչ բարեփոխումների միջոցով: Հազարամյակների մեր պատմությունը փաստում է, որ երկրի սահմաններին խաղաղություն հնարավոր է ապահովել միայն ուժեղ բանակի շնորհիվ, իսկ դրա համար ամենակարեւորը՝ անկոտրում ոգի ու խիզախություն ունեցող զինվորների բազկի ուժի պակաս երբեք չենք ունեցել, իսկ նրանց՝ Նժդեհի կարեւորած արդի պահանջներով զինելը ժամանակի հարց է միայն: