2023 թ. հունվարի 30-ին մոսկովյան Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (ՀԶԱՀԻ) հրապարակել է հետխորհրդային տարածքի երկրների հաղորդակցությունների ռեժիմների երկրորդ ամենամյա մշտադիտարկման արդյունքները: Մեծ հետազոտության արդյունքում կազմվել է հարեւան երկրների բարեկամության հաղորդակցության ռեժիմների վարկանիշը:
2022 թ. բարեկամական հաղորդակցությունների ռեժիմների խումբն է կազմել 8 երկիր, հարաբերականորեն բարեկամական` 2 երկիր եւ ոչ բարեկամական` 4 երկիր: Հաղորդակցությունների ռեժիմներն իրենցից ներկայացնում են պայմաններ եւ կանոններ, որոնք ստեղծված են երկրում ներքին ու արտաքին հաղորդակցությունների համար: ՀԶԱՀԻ-ի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Վալենտինա Կոմլեւան նշում է, որ երկրների հաղորդակցությունների ռեժիմների մշտադիտարկումը գիտական հետազոտություն է գիտական մոտեցումների եւ ճիշտ տեղեկատվության ստուգված մեթոդների վրա: Բարեկամության գնահատումն իրականացվել է հաղորդակցությունների 10 խմբերի եւ 68 ցուցանիշների գծով: Կարեւոր է նաեւ նշել, որ գնահատման մեթոդաբանությունը մշակվել է ՀԶԱՀԻ-ում: Բարեկամությունը ենթադրում է գերազանցապես երկրների փոխադարձ բարյացակամ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարեկամության եւ բարիդրացիության սկզբունքների, փոխադարձ շահերի եւ խաղաղ գոյակցության արժեքների հիման վրա բազմաբեւեռ աշխարհում:
Վարկանիշի առաջատարն է Բելառուսը: Ամենաբարեկամական երկրների եռյակում են Ղրղզստանը եւ Ուզբեկստանը: Առավել բարեկամական երկրների հնգյակ են մտել նաեւ Ղազախստանը եւ Հայաստանը: Հաջորդ տեղերում են Տաջիկստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը: Հարաբերականորեն բարեկամական երկրներ են, 2022 թ. տվյալներով, Վրաստանը եւ Մոլդովան: Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան ոչ բարեկամական երկրներ են (բարեկամական` մինուս նշաններով): Ուշագրավ է, որ 2021 թ. հետազոտության արդյունքներով Ղազախստանը զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ Հայաստանը` 3-րդ:
Վարկանիշի հեղինակները եկել են այն եզրակացության, որ Վրաստանում (հարաբերականորեն բարեկամական երկրում) 2022 թ. բարելավվել են պայմանները տնտեսական հաղորդակցությունները զարգացնելու համար: Հետաքրքիր է նաեւ եզրակացությունն առ այն, որ Թուրքիայի կողմից «թյուրքական աշխարհի» մենաշնորհումը եւ այդ կոնցեպտի կապիտալիզացիայի փորձը հանգեցնում են Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում նրա ազդեցության մեծացմանը, ինչն անդրադառնում է մի շարք երկրների հաղորդակցությունների նախապատվության փոփոխության վրա մշակույթի, պատմական հիշողության քաղաքականության եւ քաղաքակրթական երկխոսության ասպարեզում (Ադրբեջան):
Հետազոտությունն առանձնացրել է հաղորդակցությունների ռեժիմների խումբ (Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան), որտեղ բարեկամական հաղորդակցությունների զարգացման պայմանները 2023 թ., հնարավոր է, որ փոփոխության ենթարկվեն: Ըստ այդմ՝ փոփոխությունների վեկտորը կախված կլինի նաեւ Ռուսաստանի կարողություններից ընտրելու ճիշտ հաղորդակցային ռազմավարություններ:
Հետազոտության հեղինակները համոզված են, որ ամբողջությամբ վերցված, բարեկամական երկրներում մարդկանց ճնշող մեծամասնությունը շարունակում է պահպանել ներքին դրական տրամադրվածությունը Ռուսաստանի հանդեպ: Սակայն որոշ երկրներում, որտեղ ավելի վաղ վերարտադրվում էր բարեկամության կոնցեպտը, այժմ հարկ կլինի գործադրել ջանքեր, հնարավոր է հատուկ նախագծեր եւ հաղորդակցությունների զարգացման ծրագրեր: Վ. Կոմլեւան առանձնակի նշում է, որ միջերկրային փոխգործակցությունների հաղորդակցային ռազմավարությունների մշակումը դառնում է կրիտիկական նշանակություն ունեցող արտասահմանում գործոն Ռուսաստանի շահերի առաջմղման եւ վստահելի արտասահմանյան գործընկերների ու դաշնակիցների համակարգի զարգացման համար: Մինչեւ մարտի 1-ը ազատ մուտքի իրավունքով ՀԶԱՀԻ-ի կայքում կտեղադրվի մշտադիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի ամբողջական տեքստը:
Պատրաստեց Արամ ՍԱՖԱՐՅԱՆԸ